Բաժիններ՝

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցավ 2 մլն 500.000-ը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 503 հազար 332-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 171 հազարը: Ապաքինվել է 659 հազար 300 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 938 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 42 հազար 518 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 204 հազար 178 է: Մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 21 հազար 282 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 228 է: Վարակից մահացել է 24 հազար 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 155 հազար 383 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 265 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 147 հազար 103 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 862 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 124 հազար 743 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 509-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90 հազար 980-ի, մահացածներինը՝ 2 հազար 140-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 84 հազար 802: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 297 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 52 հազար 763 է: Այստեղ մեկ օրում 5 հազարից ավելի վարակվածության նորդեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 456-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40 հազար 814 է, Բելգիայում 40 հազար 956 է, Կանադայում՝ 36 հազար 831, Նիդերլանդներում՝ 34 հազար 134 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 408 դեպք կա, մահացել է 4 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 755 է, մահացածներինը՝ 46: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 533, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիպտոսում 3 հազար 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2080-ի, մահացածներինը՝ 11-ի: Իրաքում գրանցվել է 1 574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Բուլղարիայի իշխանությունները մեղմացնում են Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները

Բուլղարիայի իշխանությունները թույլատրել են մայրաքաղաք Սոֆիայի բնակիչներին ցանկացած ժամանակ դուրս գալ և ետ վերադառնալ իրենց անձնական ավտոմեքենաներով՝ հատուկ հայտարարագիր լրացնելու պայմանով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոսոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարությունը:

«Ապրիլի 21-ից սկսած, աշխատանքի նպատակով քաղաքացիները ցանկացած ժամանակ կարող են իրենց անձնական ավտոմեքենաներով դուրս գալ և ետ վերադառնալ: Համապատասխան հայտարարագրում պետք է նշվի աշխատանքի վայրը, ինչպես նաև գործատուի հեռախոսահամարը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սոֆիայի ելքի ու մուտքի սահմանափակումները մտցվել են ապրիլի 17-ից: Որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Աշխատող քաղաքացիների տեղաշարժի համար սահմանվել էր երկու ժամ առավոտյան, երկու ժամ երեկոյան: Նշվել էր, որ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Թրամփը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Անտեսանելի թշնամու հարձակման ֆոնին, ինչպես նաև մեր քաղաքացիների աշխատանքային տեղերը պահպանելու նպատակով, ես կստորագրեմ հրամանագիր դեպի ԱՄՆ միգրացիան ժամանակավոր դադարեցնելու մասին»,- այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Այլ մանրամասներ նախագահը չի հաղորդում: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 792 հազար 913, մահացածներինը՝ 42 հազար 517 :

ԱՀԿ-ն մեկնաբանել է COVID-19-ի հետևանքով մտցված սահմանափակումները հանելու հնարավորությունը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումների ցանկացած հանում պետք է լինի փուլային տարբերակով: Եթե այդսահմանափակումները հանվեն վաղ, ապա դա կարող է հանգեցնել վարակի նոր բռնկման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասաին: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ սահմանափակումների հանելը դիտարկող պետությունների

կառավարությունները պետք է դա անեն շատ զգուշավոր, փուլային տարբերակով և շարունակել մշտադիտարկել համաճարակային իրավիճակը: Նա ընդգծել է՝ քանի դեռ կորոնավիրուսը տարածվում է, որևէ երկիր ապահովագրված չէ վարակից: Կասաին նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ցույց տվեցին իրենց արդյունավետությունը: Նրա խոսքով, մարդիկ պետք է պատրաստ լինեն նոր կենսակերպին: «Ամեն դեպքում, մինչ պատվաստանյութի ստեղծումը կամ բուժման շատ արդյունավետ մեթոդ ունենալը, այս պրցեսը պետք է մեզ համար նոր նորմ լինի»,-ասել է նա:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 2,9 մլրդ դոլար է հատկացրել ավիաընկերություններին աջակցելու համար

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ հատկացրել է 2,9 մլրդ դոլար որպես աշխատավարձի հաշվեգրման աջակցություն 54 ոչ մեծ, ինչպես նաև երկու խոշոր ուղևորափոխադրում իրականացնող ավիաընկերություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայում 6 այլ խոշոր ավիաընկերությունների հետ հստակեցվում են աջակցության մանրամասները:

Նախարարությունը խոշոր ավիաընկերություններին տրամադրում է պլանավորած գումարի 50 տոկոսը, մնացածը տրվում է վճարումներիտեսքով: Ընդհանուր առմամբ, նախարարությունը նախատեսում է ուղևորափոխադրող ավիաընկերություններին տրամադրել 25 մլրդ դոլար: Ավիափոխադրողները կվերադարձնեն ցածր տոկոսադրույքով վարկերի տեսքով տրամադրված միջոցների 30 տոկոսը:

Կորոնավիրուսի պատճառով ավիաընկերությունները լուրջ վնասներ են կրել. ներքին փոխադրումները կրճատվել են 95 տոկոսով:

«Սա խելագարություն է». աննախադեպ աշխուժություն Դանիայի վարսավիրանոցներում

Այն բանից հետո, երբ Դանիան որոշեց մասնակի հանել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները, երկրում առաջին անգամ բացվել են վարսավիրանոցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ վարսավիրանոցները բացվել են, սակայն այնտեղ ընկնելն այնքան էլ հեշտ չէ: «Սա խելագարություն է: Մեզ մոտ առաջիկա երկու շաբաթվա բոլոր օրերի համար տեղերն ամրագրված են»,-ասել է տեղի վարսավիրանոցներից մեկի տնօրեն Ֆիլ Օլանդերը: Նրա խոսքով, երբ իշխանությունները հայտարարեցին սահմանափակումների մեղմացման մասին, ամրագրումների իր առ ցանց համակարգը պարզապես չի դիմացել ծանրաբեռնվածությանը: Մեկ այլ վարսավիրանոցից տեղեկացրել են, որ իրենց մոտ տեղերը զբաղված են առաջիկա երեք շաբաթվա համար: Իրենք ստիպված պետք է աշխատեն հավելյալ, որպեսզի կարողանան սպասարկել հաճախորդներին: Իշխանությունները թույլ են տվել բացել դաջվածքների, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները, օպտիկայի խանութները: Վերսկսվում են նաև վարորդական դասըթնացները: Վերաբացվող բոլոր ընկերություններն ու հաստատությունները պետք է ապահովեն սանիտարական խիստ պահանջների պահպանումը:

Վարսավիրանոցների աշխատակիցները նշում են, որ յուրաքանչյուր հաճախորդից հետո պետք է ախտահանվեն աթոռները, գործիքները, տարածքը՝ դռան բռնակից սկսած:

Մյունխենի հայտնի գարեջրի փառատոնը 70 տարվա ընթացքում առաջին անգամ չի կայանա

շխարհում ամենախոշոր գարեջրի փառատոնը (Oktoberfest), որը պետք է Մյունխենում կայանար սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում, դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս տարվա նախատեսված փառատոնը չեղարկվում է: «Սա զգացմունքային առումով ինձ համար դժվար պահ է, քաղաքի համար տնտեսական առումով՝ դժվար իրավիճակ»,-ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է Մյունխենի գործադիր մարմնի ղեկավար Դիթեր Ռեիթերը: Նշվում է, որ փառատոնն ունենում է մոտ 6 մլն այցելու: Ֆինանսական հոսքը կազմում է շուրջ 1.3 մլրդ եվրո: Բավարիայի դաշնային երկրամասի վարչապետ Մարկուս Զյոդերը փառատոնի չեղարկումը պայմանավորել է կորոնավիրուսի տարածման վտանգով՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորությունը պահպանելու անհնարինությունը գարեջրի վրաններում, ըմպողների շրջանում:

Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին ապագա թագավոր Լյուդվիգ I-ի ամուսնության առթիվ: 19-րդ դարում այս տոնը չեղարկվել է երկու անգամ՝ կապված խոլերայի հետ: Իր ավանդույթներով փառատոնը վերսկսվել է 1949 թվականին: Ներկայիս չեղարկումը դարձել է վերջին 70 տարվա մեջ առաջին անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս