Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի կողմից 6 միլիոն դոլար բյուջե ունեցող օգնության ծրագրով Հայաստան կբերվի նոր տիպի 2000 թեստ․ Ավետ Ադոնց

«ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է երեք ուղղություններով»,- այս մասին քիչ առաջ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով այն գործողություններին, որոնք իրականացնում է ՀՀ ԱԳՆ-ն Сovid19-ի դեմ պայքարի շրջանակում։

Ավետ Ադոնցն ԱԳՆ աշխատանքները բաժանեց 3 հիմնական ուղղությունների:  Առաջինը, նրա խոսքով, ՀՀ քաղաքացին է, մասնավորապես՝ ՀՀ-ից դուրս գտնվող մեր հայրենակիցները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, նրանց վերադարձը կազմակերպելը, նրանց կողմից բարձրացված խնդիրների կարգավորումն ու հնարավոր լուծումը։

Երկրորդը, ըստ Ադոնցի, բեռնափոխադրումների անխափան աշխատանքների համակարգումն է, ինչը շատ կարևոր է ստեղծված պայմաններում։ Եվ երրորդը, Ադոնցի փոխանցմամբ՝ միջազգային համագործակցությունն է ՀՀ միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում, մասնավորապես՝ Covid19-ի օրակարգի շրջանակներում Հայաստան են բերվում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, նյութեր, պարագաներ, ինչպես նաև տեղի է ունենում անհրաժեշտ փորձի փոխանակումներ։

«Մարտի 14-ից մինչ այսօր ՀՀ է վերադարձել մոտավորապես 22.000 ՀՀ քաղաքացի, երկրների աշխարհագրությունը բավականին լայն է, սկսենք ԱՄՆ-ից, վերջացնենք Ռուսաստանով, Անգոլայով։

Աշխատանքներն իրականացվում են պարետատան, ՀՀ Կառավարության, Առողջապահության նախարարության, Ավիացիայի կոմիտեի հետ բավականին արդյունավետ համագործակցությամբ, դա թույլ տվեք շատ բարձր գնահատեմ։ Լինում են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ այս կամ այն գործողությունը, այս կամ այն թռիչքի կազմակերպման գործընթացը ձգձգվում է, բայց ինչպես ես նշեցի, պատճառներն օբյեկտիվ են, քանի որ ցանկացած գործողություն իր մեջ պարունակում է բազմաշերտ ենթագործողություններ՝ սկսած թռիչքների թույլտվությունից, դրանց ֆինանսական բաղադրիչից, վերջացրած առողջապահական ռիսկերով, անվտանգությունն ապահովելով, ինչպես նաև ՀՀ-ի ներսում համապատասխան առողջապահական անվտանգությունն ապահովելով, նկատի ունեմ կարանտինը։

Ուստի, եթե ձգվում է այս կամ այն թռիչքը, օրինակ՝ Ռուսաստանից, ապա մեր դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանությունը փորձում են անել ամենը, որպեսզի այդ շրջանը մեր քաղաքացիների համար դյուրին անցկացնեն, փորձում են կարգավորել, կազմակերպել ժամանակավոր կեցավայրեր, որտեղ մեր քաղաքացիները կսպասեն վերադարձին։

Մի կարևոր պատգամ՝ սա մեր դեսպանությունների աշխատանքն է, այսօր գործընթացում մոտավորապես ներգրավված է 200 դիվանագետ, որոնք աշխատում են արտերկրում։ Հորդորս հետևյալն է, որ մեր հայրենակիցները, որոնք դրսում են, այս գործընթացներում ղեկավարվեն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, դեսպանությունների գլխավոր հյուպատոսությունների խորհուրդներով, որովհետև իրենց գնահատականի արդյունքում, իրենց տեղեկատվության արդյունքում մենք ձևավորում ենք այստեղ գնահատականը, մենք ստեղծում ենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցներին վերադարձնենք Հայաստան, որևէ այլ միջամտություն այս գործընթացին, բացի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններից, չի կարող լինել արդյունավետ և չի կարող արագացնել ՀՀ քաղաքացու վերադարձը ՀՀ»,- ասաց Ավետ Ադոնցը:

Ներկայացնելով միջազգային համագործակցության արդյունքները՝ փոխնախարար Ադոնցն ասաց, որ դա այն համագործակցությունն է, որի արդյունքում Հայաստան են բերվում կամ ներմուծվում Covid19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։

«Պետք է հիշեմ երկու չվերթը, որոնք իրականացվեցին ապրիլի 8-ին և 15-ին Պեկինից։ Եթե առաջին դեպքում հիմնականում Կառավարության կողմից ձեռք բերված պարագաներն էին, ապա երկրորդի պարագայում բեռների պարունակությունը հիմնականում պաշտպանիչ նյութեր էին՝ հագուստներ, դիմակներ, և այլն, և այլն, դա միջազգային դոնորների, մասնավորապես՝ WFP-ի՝ Համաշխարհային պարենի ծրագրի աշխատանքի արդյունքում իրականացված գործողություն էր, սակայն ֆինանսավորումը հիմնականում կատարվել էր մեր հայրենակիցների կողմից, և ես կուզեի նշել Էդուարդո Էռնեկյանի, «Իմ քայլը» հիմնադրամի, «Իզմիրլյան» հիմնադրամի, «Սուրբ Սարգիս» մարդասիրական հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր միության և այլ դոնորների մասին, որոնք WFP-ի միջոցով հնարավոր դարձրեցին այդ գործողությունը։

«Դրանով այս գործընթացները չեն սահմանափակվում, և հետևողական այն պլանավորվում է և իրականացվում»,- ասաց Ադոնցը։

Խոսելով միջազգային աջակցության այլ ծրագրերի մասին՝ ԱԳ փոխնախարարն ասաց, որ ԱՄՆ-ը 1,1 միլիոն դոլար աջակցությանն ավելացրել է 600 հազար դոլար, 6 միլիոն դոլար բյուջե ունեցող օգնության մի ծրագիր կիրականացվի արդեն ՄԱԳԱՏԷ-ի կողմից, և Հայաստան կբերվի նոր տիպի 2000 թեստ՝ ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները։

Ադոնցը նշեց նաև ԵՄ-ի կողմից հատկացված 3,5 միլիոն եվրոյի մասին, որի միջոցով կիրականացվեն առողջապահական ծրագրեր։

Ամփոփելով աշխատանքները՝ Ավետ Ադոնցը բարձր գնահատեց ՌԴ-ի, Իրանի, ԵՄ-ի, Վրաստանի և Հնդկաստանի հետ փոխգործակցության արդյունավետ և բարձր մակարդակը, որը հնարավորություն է տալիս ՀՀ ԱԳՆ աշխատանքները բավականին հետևողական և օպերատիվ իրականացնել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս