Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն, թե՛ էթիկապես անհարիր են որևէ պաշտոնյայի, առավել ևս՝ կառավարության ղեկավարին. «Իրավական ուղի»
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով ապրիլի 19-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ, որոնք առնչվում էին Սահմանադրական դատարանին, ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին, հանրային ծառայողներին, լրագրողներին ու քաղաքական ընդդիմախոսներին:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հնչեցված մի շարք պնդումներ ու պիտակումներ թե՛ իրավաբանորեն և թե՛ էթիկապես անհարիր են որևէ պաշտոնատար անձի, առավել ևս՝ Կառավարության ղեկավարին:
Յուրաքանչյուր պաշտոնատար անձ կաշկանդված է օրինականության սահմանադրական սկզբունքով և իրավասու չէ դուրս գալ իր պաշտոնական լիազորությունների շրջանակից կամ ապօրինություն չկատարելը ներկայացնել որպես «ձեռքբերում» կամ «առանձնաշնորհ»։
Կառավարության ղեկավարի ելույթը գնահատում ենք որպես բարեվարքության՝ օրենքով սահմանված պահանջների, ինչպես նաև հանրային բարոյականության կանոնների կոպիտ խախտում, անթաքույց ոտնձգություն դատական իշխանության անկախության, մամուլի ազատության ու հանրային ծառայության իրավական երաշխիքների նկատմամբ:
Հարկ ենք համարում փաստել, որ հակառակ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներին՝ Սահմանադրական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանների հարյուրավոր դատավորներ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը՝ լուծելով փաստերի և իրավունքի մասին վեճերը, հարյուրավոր լրագրողներ շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը՝ մատուցելով համակողմանի ու անաչառ տեղեկատվության հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով։ Մինչդեռ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչը, պարտավորված լինելով օր առաջ ապահովել արտակարգ դրության հիմք ծառայած հանգամանքների հաղթահարումը և ըստ այդմ՝ արտակարգ դրության ուժով կիրառված մարդու իրավունքների լրջագույն սահմանափակումների վերացումը, փոխարենը դրսևորում է իրավունքին և էթիկային հակասող վարքագիծ:
Կոչ ենք անում իրավասու բոլոր մարմիններին անհապաղ պատշաճ իրավական գնահատական տալ այս անթույլատրելի վարքագծին՝ կասեցնելով պարբերական բնույթ ստացած խախտումների նոր դրսևորումները։ Իրավասու մարմինների անպատասխանատու անգործությունը հանգեցնելու է պետական ինստիտուտների անվերապահ ապալեգիտիմացմանն ու աստիճանական ինքնաոչնչացմանը»։