«Եթե աղբյուր կա, նշանակում է՝ պատգամավորներից մեկը հանդես է գալիս գործակալ ինչ-որ լրատվական կառույցում, նման բան չկա». Քոչարյան

«Ապրիլյան պատերազմի Քննիչ հանձնաժողովի նիստին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունից հետո որոշ լրատվամիջոցներ սկսեցին ենթադրություններ անել, թե այդ նիստի ժամանակ ինչ-ինչ  հարցեր են տրվել Սերժ Սարգսյանին:

Ասեմ, որ այդ հանձնաժողովի որևէ անդամ որևէ հարց չի հրապարակայնացնելու մինչև այն պահը, երբ լինի մեր վերջնական եզրակացությունը, բացի այդ, մեր խնդիրը ոչ թե 400 կամ 800 հեկտարն է, այլ այն հարցերի պարզաբանումը, որոնք հանձնաժողովն արձանագրել էր իր ստեղծման պահին»:

Այսօր  խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյոք  պարզեցի՞ն՝ 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ քանի հեկտար հող ենք կորցրել, ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Կայքերում ենթադրություններ կան աղբյուրների մասին, բայց  որևէ մեկը չի կարող հանձնաժողովում աղբյուր ունենալ, որովհետև պատգամավորները տվել են ստորագրություն գաղտնիության ռեժիմի մասին, և որևէ մեկը փաստաթղթի կամ գաղտնի տեղեկատվության մասին արտահոսք չի արել:

Օրինակ՝ եղել է հրապարակում, թե հանձնաժողովը նիստ է արել, և որոշել են, թե Քրիստինե Պողոսյանն ինչ հարցեր պետք է տա Սերժ Սարգսյանին: Ասեմ, որ նա տվել է հարցեր, հարցեր տվել են բոլորը, բայց ամենաշատը ես եմ հարցեր տվել, որովհետև հանձնաժողովի նախագահն եմ, և հիմնական հարցաշարը սկսում է գործել իմ հնչեցրած հարցի շրջանակում:

Այս պահին եկեք մերժենք ենթադրությունների դաշտում հանձնաժողովում հարցերի բովանդակության հետ կապված քննարկումները: Աղբյուրներ չեն կարող գոյություն ունենալ, որովհետև դրանք չկան, եթե աղբյուր կա, նշանակում է, որ մեր պատգամավորներից որևէ մեկը հանդես է գալիս գործակալ ինչ-որ լրատվական կառույցում. Էդպիսի բան չկա, չի կարող լինել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանին տվել են մի քանի տասնյակ հարց:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս