ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց
Պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ:
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ ըստ հաստատված կարգերի՝ հաշվի առնելով բոլոր կետերը և դրույթները: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ն:
Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud): Նախապաշտպանություններից և պաշտպանություններից առաջ ուսանողները պետք է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնեն պահանջվող նյութերը, այնուհետև ընտրեն նախապաշտպանության/պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել տվյալ պահին առկա ժամանակահատվածներից մեկը:
Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը/պաշտպանությանը, որի ընթացքում նա համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և բարձրախոս: Նախապաշտպանությանը մասնակցելու են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները:
Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։
Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ: Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ի դեպ, ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվելու են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի գնահատականների բաժնում: Բացի դրանից՝ բոլոր ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվելու է հայտարարությունների ֆորումում: Ուսանողները ստանալու են նաև էլեկտրոնային նամակներ: Գնահատականների հրապարակումից հետո ուսանողները կարող են բողոքարկել առաջիկա մեկ ժամվա ընթացքում:
Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները/պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից մշակվել են ինչպես ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի, այնպես էլ ուսանողների ուղեցույցներ: