«Անփող նստած ենք, արդեն ոնց որ հաց չուտելուն էլ սովորեցինք»․ Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները դեռ աշխատավարձը չեն ստացել
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի նախկին աշխատակիցները չգիտեն, թե ինչպես հացի փող գտնեն։
Ասում են՝ մոտ երկու ամիս առաջ վերջնահաշվարկ են արել, բայց 150-200 աշխատակցի ոչ վերջնահաշվարկն են տվել, ոչ էլ մեկ ամսվա աշխատավարձը։
«Անփող նստած ենք, ո՛չ կանչել են, ո՛չ էլ մի բան ասել։ Արդեն ոնց որ հաց չուտելուն էլ սովորեցինք։ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներից որևէ մեկն էլ մեզ չի վերաբերում, չենք համապատասխանում։ Այդտեղ էլ բախտներս չբերեց, մեր վերջնահաշվարկը մարտի 13-ից ավելի վաղ է ներկայացվել։ Ախր 150 հոգի աշխատել է, իրենց աշխատավարձը չեն տալիս, ավելի լավ է՝ դա վճարեն, քան թե ինչ-որ ծրագրում մեզ ընդգրկեն։ Թող աշխատավարձը տան, մենք մեր գլխի ճարը տեսնենք,- 168.am-ի հետ զրույցում ասացին Պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցները՝ հավելելով,- Գոնե գումարը տան, մարդիկ ահագին գործ կհոգան։ Մարդիկ գնում, բանջար են քաղում, բերում-ուտում, բայց հո մենակ դրանով չի՞ լինի․ հաց չեն առնում։ Խանութներում պարտքերը կուտակել, նստել են։ Ամոթով գնում, մի տուփ վերմիշել, հաց են առնում, սա ո՞ր թիվն է։ Մարդն աշխատել է, բայց փողը չկա։ Ինչքան ուզում է՝ դատական գործընթաց գնա, մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք։ Մեր աշխատած փողն ենք ուզում, այդքան բան, բայց դե դա էլ չեն տալիս։ Պարտքերը կուտակում ես, ոնց որ մեջքդ կոտրվի։ Ում էլ պարտք ես, տեսնում, թողնում ու փախչում ես։ Ահավոր երևույթ է, անբացատրելի բան է»։
Հիշեցնենք, որ մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները մոտ չորս ամիս աշխատավարձ չէին ստացել, և հարցը որոշ չափով լուծվել էր նախորդ ամիսների ընթացքում։
Հավելենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա: