Ի՞նչ է արել Արմեն Ղուլարյանը աշխատանքային ժամին
aravot.am-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 19-ին Նոյեմբերյան քաղաք է ժամանել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, և ժամը 14-ին քաղաքապետարանի շենքում հանդիպում է ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ՀՀԿ անդամ ղեկավարների, հիմնարկ-ձեռնարկությունների, հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Ըստ կայքի` հանդիպմանը մասնակցած իրենց աղբյուրների վկայությամբ՝ մարզպետ Ղուլարյանն ասել է, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում պետք է պաշտպանել ՀՀԿ անդամ համայնքապետերին, աջակցել նրանց ընտրությանը:
168.am-ը մարզպետ Աշոտ Ղուլարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամին զբաղվել է կուսակցական գործունեությամբ, ինչն օրենքով արգելվում է: Ի պատասխան, Ա. Ղուլարյանն ասաց. «Դրանք հերթական հերյուրանքներն են: Ասեմ, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Չկա այդպիսի բան: Մարզպետը ուղղակի պարտավոր է ընտրություններից առաջ ազատ, արդար և օրենքի պահանջներին համապատասխան ընտրություններ կազմակերպել, և ընտրություններն օրենքի տառին համապատասխան անցկացնելու համար բոլոր կառույցները պետք է աջակցություն ցուցաբերեն, պարտավոր են աշխատանքներ իրականացնել»:
Ըստ Ա. Ղուլարյանի` ինքը զուտ հանդիպում է ունեցել ղեկավարության հետ, որի նպատակն է եղել ապահովել ՏԻՄ ընտրությունների արդար ընթացքը: