Պարոն Սաիյան, ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում. Արման Բաբաջանյանը՝ փոխնախարարին
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նա չի վճարել վարձակալությամբ վերցված հողատարածքի վարձը, որի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը դիմել է դատարան:
«2009 թվականին դուք նախարարությունում վարչության պետ էիք, և այն ժամանակ, ի շարս այլ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հակ Հարությունյանի և այլոց, վարձակալությամբ եք վերցրել հողատարածք 2.5 հազար մետր Հրազդան «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և վարձավճարը՝ տարեկան 60 հազար դրամ, չեք կատարել մինչև 2019 թվականը: Տույժ-տուգանքով այդ գումարը կազմել է 529 հազար դրամ: Այդ ՊՈԱԿ-ը դիմել է դատարան՝ այն ստանալու համար, և, կարծեմ, գումարը չեք վճարել: Նախ կուզեմ իմանալ՝ այդ ի՞նչ պատմություն է, և ինչո՞ւ պետության պարտքերը չեք վճարում»,- դիմելով փոխնախարարին՝ հարցրեց պատգամավորը:
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Սմբատ Սաիյանն ասաց, որ պատգամավորը ճիշտ է՝ նման դեպք եղել է:
«Սակայն ձեր տեղեկատվությունը՝ պետության հանդեպ պարտք ու պահանջ ունենալու մասին, ժամանակավրեպ է, իսկ թե ինչու է պարտքը գոյացել, ապա այդ հարցին թույլ տվեք չպատասխանել»,- ասաց փոխնախարարը: