«Ես ուզում եմ զգուշացնել` վտանգը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք». Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահի ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց` Արցախի Սահմանադրության համաձայն՝ ժողովրդավարական ընտրություններ են անցկացվել, և այն էլ՝ ծանր պայմաններում: Եվ ծանր՝ ոչ միայն համաճարակով պայմանավորված, այլ, որովհետև իր քաղաքական ընդդիմախոսների մեծ մասը հատուկ բոյկոտել և քաղաքական երանգ է հաղորդել` հետաձգելու անվան տակ չեզոքացնելու ստեղծված մթնոլորտը:
«Նախօրոք տեսնելով արդեն ընտրության ընթացքը և հասկանալով ընտրության արդյունքները, համաճարակը հիմք ընդունելով` փորձել են քաղաքական երանգավորում տալ: Եթե շատ մտահոգված են մեր ժողովրդի առողջապահական խնդիրներով, ապա մեր առօրյան այսօր պրոբլեմային է: Մենք մեր ժողովրդին ամեն օր վտանգում ենք մեր առօրյայով` սկսած այս հյուրանոցից և այս հանդիպումներից: Դրա համար ես ուզում եմ հայտարարել, որ մեր բոլոր ընդդիմախոսների հայտարարությունները` կապված հետաձգման հետ, ընդամենը քաղաքական բնույթ էին կրում»,- շեշտեց Հարությունյանը:
Միաժամանակ նա ընդունեց` ունենք խնդիր, որը ոչ միայն համաճարակի տարածման, այլ հետագա հետևանքների չեզոքացման հետ է կապված` տնտեսական, սոցիալական:
Ըստ Արցախի նախկին վարչապետի և նորընտիր նախագահի` չկա մի վերլուծական կենտրոն, որը կարող է գնահատել, թե ընդհանուր առմամբ համաճարակի ինչպիսի վարքագիծ է լինելու, և այն տնտեսական ինչ հետևանքներ է ունենալու:
«Ինչպես ես ասել եմ` եթե ժամանակի ընթացքում իրավիճակը դրական փոփոխության չենթարկվի, համաճարակը դառնալու է տնտեսական ճգնաժամ, իսկ համաճարակն ու տնտեսական ճգնաժամն էլ՝ ընդհանուր աղետ: Այսինքն` եթե ունենանք և’ համաճարակ, և’ տնտեսական ճգնաժամ, դա հենց այդ աղետն է, որի մասին խոսել եմ»,- նշեց Արայիկ Հարությունյանը` լրացնելով, որ արդեն իսկ խոսվում է պարենային դիֆիցիտի մասին՝ ոչ միայն աղքատ երկրներում, այլ՝ անգամ ԱՄՆ-ի պես երկրում, որտեղ պարենային արտադրությունը հասել է գագաթնակետին:
Ըստ այդմ` Հարությունյանն այն կարծիքին է, որ պետք է միավորվել ոչ միայն Արցախում, այլ ամբողջ հայությամբ համախմբվենք ՀՀ իշխանության շուրջ, քանի որ գլխավոր պատասխանատվությունն այսօր կրում է նա:
«Չարախնդությունը, քաղաքական այլակարծությունն այստեղ մեզ թշնամի են, մենք պետք է միավորվենք: Ես ուզում եմ զգուշացնել` վտանգը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Ցավոք, քաղաքական ենթատեքստ եմ տեսնում՝ ոչ միայն Արցախում, այլև՝ ՀՀ-ում:
Խոսում եմ տնտեսության զարգացման մասին, քննադատում են, թե ինչու եմ խոսում, չեմ խոսում տնտեսական իրավիճակի մասին, քննադատում են` բա տնտեսությո՞ւնը: Արցախում, ինչպես խոստացել եմ, շարունակելու եմ այն քաղաքականությունը, որ կարողանանք համախմբել մեր հասարակությունը և համախմբված դիմակայենք այս մարտահրավերներին:
Որևէ խնդիր որևէ քաղաքական գործչի, որևէ մարդու հետ մենք չունենք: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել` քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ. նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազություն, դատարան, բայց մտափոխվել եմ, և հենց այդ կոնսոլիդացիայից և համախմբվածությունից ելնելով՝ հետ ենք կանչել:
Սա, բացի մի հայտարարության հետ կապված, որը եղել է ոչ Արցախի քաղաքացու կողմից, անունը չեմ ուզում տալ, այդ առումով դիմել եմ դատախազությանը: Բառիս բուն իմաստով՝ հիմար արտահայտություններ, թե թաղումներին, հարսանիքներին միլիոններ ենք տալիս: Այդ մարդու գնահատականը տալու համար շուտով մի փոքր ռեպորտաժ կլինի` ով է նա, և ընդհանուր մարդ կոչվելու ու անցած ճանապարհի առումով»,- վստահեցրեց Հարությունյանը: