Ինչո՞ւ են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետը, դատախազն ավելի բարձր վարձատրվելու
ԱԺ այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նախագիծը, որից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով նախարարին, հարցրեց.
«Պարոն Բադասյան, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող վարչության պետի, դատախազի և համակարգող տեղակալի վարձատրության դրույքաչափերի հաշվարկների գործակիցները մի քանի անգամ ավելի բարձր են, քան նույն համակարգում աշխատող և նույն պաշտոնը զբաղեցնող մյուս դատախազներինը: Արդյո՞ք չեք կարծում, որ սա չի խախտում նույն համակարգում աշխատող պաշտոնյաների հավասարաչափ և արդար վարձատրության սկզբունքը»:
Ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանն ասաց, թե չի կարծում, որ այդ ամենը խախտում է պաշտոնյաների հավասարաչափ և արդար վարձատրության սկզբունքը, քանի որ նրանց կողմից իրականացվող գործառույթը բոլորովին նոր է:
«Դատախազության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ, այդուհանդերձ, այս տարբերությունն արդարացված է: Քանի որ այս ստորաբաժանումը քաղաքացիական բնույթի գործառույթներ է իրականացնելու և նոր կադրեր է ներգրավելու, ապա այս ամենն այս փուլի համար արդարացված կլինի»,- շեշտեց նա:
Արձագանքելով՝ Անի Սամսոնյանը նկատեց՝ հասկանում է, որ այս ամենն արվում է, որպեսզի նման գործեր քննող դատախազները զերծ մնան հնարավոր կոռուպցիոն ռիսկերից, սակայն դրա հետ կապված՝ իրենք առաջարկներ են արել, որոնք նախագծում չեն ընդգրկվել:
«Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ առկա են բավարար հիմքեր, գնահատողական կատեգորիա, որը կարող է հնարավոր չարաշահումների տեղիք տալ, և առաջարկել էինք՝ այս հատվածն ավելի որոշակիացնեք, բայց չեք արել: Կարծում եմ՝ այս անորոշությունները թողնելով նախագծում և այդ դատախազներին մի քանի անգամ ավելի վճարելով՝ կոռուպցիոն ռիսկերը մենք չենք կարողանալու կանխել»,- նշեց պատգամավորը:
Նախարարի խոսքով՝ նշված դատախազները մի քանի անգամ բարձր չեն ստանում, ինչպես նշում է Անի Սամսոնյանը, մյուս դատախազների հետ համեմատած՝ նրանց աշխատավարձի մասով չնչին է տարբերությունը: