Կա՛մ Նիկոլ Փաշինյանն է անհիմն լավատես, կա՛մ Արսեն Թորոսյանն է չափից դուրս հոռետես

Առօրյայում հաճախ ենք հանդիպում ասպիսի արտահայտությունների` «քաղաքական կանխատեսումներ», կամ՝ «երկրի քաղաքական տեսլական»:

Քաղաքական կանխատեսման մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական տարբեր շերտերի շահերի ըմբռնումը։ Եթե իշխանություններն առաջնորդվեն պատմական գործընթացի օբյեկտիվ ընթացքով և սոցիալական տարբեր խմբերի շահերը չհակադրեն այդ ընթացքին, ապա հասարակական կյանքը կզարգանա՝ առանց ճգնաժամերի ու պայթյունների։ Իսկ հասարակության մի մասը չի հայտնվի մուրացկանի վիճակում։

Որպեսզի քաղաքական կանխատեսումը նպատակաուղղված լինի հասարակության համաչափ զարգացման ուղիների ըմբռնմանը և խելամիտ քաղաքական կուրսի ընտրմանը, կանխատեսող խմբերը պետք է առաջնորդվեն հասարակության բոլոր խավերի հավաքական շահերով և այն համապատասխանեցնեն պատմության զարգացման օբյեկտիվ տենդենցի հետ։ Պարզ է մի կարևոր դրույթ․ քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե պահի թելադրանքով, այլ նախապես մշակված, վերլուծված, արժեքավորված քաղաքական կուրսով և կանխատեսման լուրջ տեսլականով։

Կա մի պարզ ճշմարտություն, որ անգամ շարքային բժշկի կողմից անթույլատրելի է հիվանդին  հուսահատության հասցնելն ու խուճապի մեջ գցելը։ Սակայն նախօրեին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է առողջապահության համակարգի ղեկավարը մի ողջ ազգի  մատնում հուսահատության, խուճապի։ Անշուշտ, անթույլատրելի է, երբ նման անմեղսունակ ձևակերպումներով քաղաքական չինովնիկները փորձում են ինքնահաստատվել և հանրության առաջ ներկայանալ՝ իբրև «պրոֆեսիոնալ»։

Թորոսյանի համար դժվար է խոստովանել, ինչո՞ւ ոչ` նաև ինքնախոստովանել, որ ամբողջապես ձախողել է առողջապահական համակարգը և զուտ առաջնորդվում է սեփական քաղաքական ամբիցիաներով։ Դեռևս նրա նշանակման սկզբնական հատվածում ակնհայտ դարձավ, որ Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական վենդետայի կուրսի դասական ներկայացուցիչ է, ով ամեն գնով փորձում էր ոլորտում «միապետի» կարգավիճակ ստանալ։

«Դոկտոր» Թորոսյանը, ով մեկ ամիս առաջ, դեմքի գեղարվեստական արտահայտությամբ՝ հայտարարում էր, թե «կորոնավիրուսը ամենաշարքային գրիպից ոչնչով չտարբերվող հիվանդություն է, և անիմաստ է խառնվելն ու խուճապի մատնվելը»,  լրագրողներին և ողջ հանրությանը վստահեցնում էր, որ սա այն դեպքը չէ, որ դպրոցներում դասերը հետաձգվեն, ու, որ ինքը չի պատրաստվում իր երեխաներին դպրոց չուղարկել։ Առողջապահության համակարգի ղեկավարն իրավունք չունի մի ողջ ազգի, երկրի ուժասպառության մասին խոսել։ Եթե սա համեմատենք բանակի հետ, ապա հրամանատարն անգամ մահվանն ընդառաջ գնալուց ոգևորում է իր զինվորներին, դուք ինչպե՞ս եք համարձակվում մինչև մարտի դաշտ մտնելը խոսել պարտության, ուժասպառության մասին։

Սակայն տեղի ունեցածի մեջ վերոնշյալը չէ, որ ամենաողբերգականն ու մարազմատիկն է, ինչին ականատես դարձանք։ Թորոսյանի «դարակազմիկ» հայտարարություններից ընդամենը մի ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական հերթական նիստի ժամանակ (այս անգամ, հայտնի պատճառներով, հանդիպումը տեղի էր ունենում տեսակապով) հայտարարել էր, որ ՀՀ-ում  կորոնավիրուսով պայմանավորված ընդհանուր իրավիճակը վերահսկելի է պետության կողմից, և ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են ազգաբնակչությանը հնարավոր բոլոր տարբերակներով աջակցելու համար։

Այս երկու դեպքերը միմյանց հետ համադրելով՝ կարող ենք փաստել հետևյալը՝ ըստ էության, երկու հայտարարություններից մեկը սուտ է, քանի որ չի կարող լինել այնպես, որ երկրի վարչապետը հայտարարի մի բան, իսկ առողջապահության նախարարը՝ տրամագծորեն հակառակը։

Այս ամենին զուգահեռ՝ տրամաբանական հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյա՞նն է անհիմն լավատես, թե՞ Արսեն Թորոսյանն է չափից դուրս հոռետես: Իսկ միգուցե խնդիրն ընդամենը «տեխնիկակա՞ն» է, և վերադասը չգիտի՝ ինչպիսի տվյալների ու տեղեկատվական բազայի է տիրապետում ենթական, որ դրանք նկատի առնի ու իրականությունը ներկայացնի:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս