Մի շարք ոլորտներ կսկսեն աշխատել, իսկ աշխատակիցներին տեղափոխելու ծախսը կհոգա գործատուն. հանրային տրանսպորտը չի աշխատի. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 11-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Կառավարության և պարետատան արտակարգ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկրաձգել ևս 30 օրով:
Վարչապետը, սակայն, նշեց, որ այս երեսնօրյա ժամկետի համար նախկինում գործող որոշ սահմանափակումներ կհանվեն, քանի որ խնդիր է դրված՝ նաև հնարավորինս պահպանել երկրում տնտեսական կյանքը:
«Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեություններ կլինեն թույլատրված: Ամբողջությամբ թույլատրված է լինելու գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության ոլորտի գործունեությունը, հանքարդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարում, պաշտպանություն և սոցիալական ապահովություն, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում, ոլորտների գործունեություն, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունների աշխատանքը: Նաև որոշում ենք կայացրել ապրիլի 13-ից թույլատրել ամբողջությամբ բացօթյա շինարարական և ծխախոտային արտադրանքների գործունեությունը»,- ասաց վարչապետը:
Ըստ կառավարության ղեկավարի՝ ապրիլի 20-ից սահմանափակումները կվերացվեն նաև այլ ոլորտներում:
«Մենք կբացենք հագուստի արտադրությունն ու տնտեսական խանութների գործունեությունը, ինչպես նաև գիտական հետազոտություն և մշակում ոլորտը: Ամենառիսկային խումբը հագուստի արտադրության և տեքստիլ ոլորտն է, որովհետև մեր այսօրվա մեծ թվերը՝ մոտ 1000, մեծ մասը եղել է տեքստիլ արտադրությունից: Առաջիկայում խորհրդակցություններ կանենք, թե մենք ինչ կանխարգելիչ գործողությունների պետք է դիմենք, որ կարողանանք անվտանգ կազմակերպել արտադրությունը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև հանրային տրանսպորտի աշխատանքի մասին և նշեց, որ այն առաջիկա շրջանում ընդհանրապես կարգելվի, որովհետև ամենամեծ ռիսկայնությունն ունի հենց այդ ոլորտը:
«Իսկ այն ոլորտները, որոնք աշխատելու են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն էլ է արգելվելու: Տաքսիների գործունեությունը շարունակվելու է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներինն ու անձնական փոխադրումներինը՝ ևս»,- ասաց նա: