Կառավարությունը 2 միլիարդ 228 միլիոն դրամ բյուջետային վարկ կտա՝ «Կորսան Կորվիամ»-ի կուտակած պարտքերը մարելու համար
Կառավարությունն այսօր փոփոխություն և վերաբաշխում կատարեց 2020 թվականի բյուջեում և 2 միլիարդ 228 միլիոն դրամ բյուջետային վարկ հատկացրեց ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի 2-րդ ծրագրի շրջանակներում «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության կողմից հայաստանյան կապալառու ընկերություններին չվճարված պարտքերը մարելու համար:
Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ պարտատեր 28 ընկերությունները հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ, որովհետև «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը 2018 թվականից ի վեր չի վճարել կատարված ծառայությունների դիմաց, ուստի առաջարկվում է 0.1 տոկոսով բյուջետային վարկ հատկացնել այդ նպատակի համար:
Վարչապետ Փաշինյանն էլ նախագծի վերաբերյալ նկատեց, որ այս հարցով կա հարուցված քրեական գործ, որն այս ընթացքում հարուցված ամենամասշտաբային քրեական գործերից է:
«Հույս ունեմ, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կբերի, և պետությանը պատճառված վնասները կփոխհատուցվեն»,- ասաց նա: