«Գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ». Հայկ Ալումյան

Արդեն չորս շաբաթ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակությամբ (վատառողջ)  պայմանավորված, տեղի չի ունենում ամբաստանյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:

Երեկ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները որևէ տեղեկություն չունեն, թե մարտի 13-ից անաշխատունակ դատավոր Դանիբեկյանը երբ է վերադառնալու աշխատանքի:

Պարզվում է՝ ավելի քան 8 օր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից չեն պատասխանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների զանգերին, իսկ դատարանի նախագահի աշխատակազմից փաստաբանների հարցերին ի պատասխան ասում էին, թե դատավորի հետ խոսել են, բայց չգիտեն, թե երբ կգա աշխատանքի:

«Արդեն դադարել են մեր հեռախոսազանգերին պատասխանել դատավորի աշխատակազմից: Դատարանի նախագահի աշխատակազմը ներկայացնում է անհասկանալի բացատրություններ: Թե ի՞նչ առողջական խնդիրներ ունի, մոտավորապես ե՞րբ այդ խնդիրները կարող են լուծվել, գոնե մոտավոր ասեն՝ մի քանի շաբաթվա խնդիր է, մի քանի օրվա, թե մի քանի ամսվա, մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Մեզ հարցը ներկայացվում է այնպես, իբր դա բացառապես Աննա Դանիբեկյանի անձնական խնդիրն է, և ոչ ոք չի կարող այդ անձնական խնդրի վերաբերյալ որևիցե բացատրություն պահանջել: Տվյալ պահին դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրը միայն իր խնդիրը չէ, և մենք իրավունք ունենք իմանալ՝ ինչում է խնդիրը: Եթե ոչ՝ դետալացված, ապա՝ գոնե այն ձևով, թե մոտավորապես երբ է սպասվում ապաքինումը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Մարտի 17-ին, երբ դատավոր Դանիբեկյանի վատառողջ լինելով պայմանավորված՝ չկայացավ առաջին նշանակված նիստը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում էին  Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն ներկայացնել դատարանին:

Եվ  երբ հայտնի էր դարձել, որ Աննա Դանիբեկյանն անորոշ ժամանակով չի կարողանալու նիստեր անցկացնել, Քոչարյանի փաստաբանները դիմել էին Առաջին ատյանի դատարանի նախագահին՝ միջնորդության քննությունն այլ դատավորի մակագրելու խնդրանքով: Դիմումը մերժվել էր: Առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն իր գրության հիմնավորման մեջ նշել էր, որ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝  գործը քննող դատավորի (Աննա Դանիբեկյանի) լիազորությունների շրջանակում:

«Դատարանի նախագահը տարօրինակ ձևով անտեղյակ է ԲԴԽ 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումից, որտեղ ասվում է. «դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետ (տվյալ դեպքում՝ միջնորդության քննության համար սահմանված է սեղմ դատավարական ժամկետ ՔԴՕ 102-րդ հոդվածի  2-րդ մասով)»»,- մեջբերեց Հայկ Ալումյանը:

Նույն որոշմամբ սահմանվում է, որ որոշման մեջ նշված դեպքերում սեղմ դատավարական ժամկետում քննելու անհրաժեշտություն ունեցող միջնորդությունները, ինչպիսին է նաև խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, ծրագրի միջոցով, պատահական ընտրությամբ, հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

Ըստ Հայկ Ալումյանի՝ սա այն քայլն է, որն Առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը պետք է աներ դեռևս մարտի 17-ին:

«Հիմա դատարանի նախագահը կա՛մ անտեղյակ է, որ ԲԴԽ նման որոշում կա, կա՛մ ինքը, իմանալով հանդերձ, որ այսպիսի որոշում կա, միտումնավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի մեր միջնորդության քննությունը ձգձգվի: Ես այս երկու վարկածների միջև առանձնապես տարբերություն չեմ տեսնում՝ խախտման մասշտաբի առումով:

Այստեղ գործ ունենք ահաբեկված դատական համակարգի հետ: Ցավոք սրտի, վարչապետի ոչ ստանդարտ քայլերը, ահաբեկչական քայլերն իրենց նպատակին ծառայել են: Դատարաններն արգելափակելը, դատավորների հասցեին ամենավերջին արտահայտություններ անելը, վեթինգով սպառնալը, երբ ո՛չ սպառնացողը գիտեր՝ վեթինգն ինչ է, ո՛չ էլ նա, ում սպառնում էր,  ես տեսնում եմ, որ հասել է նպատակակետին: Մենք գործ ունենք այսօր ահաբեկված դատական համակարգի հետ, որտեղ որ եզակի դատավորներ պահպանել են իրենց մասնագիտական արժանապատվությունը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ, երբ որևէ դատավոր ստանում է Ռոբերտ Քոչարյանին առնչվող մի գործ, դա դիտում է՝ որպես պատիժ:

Տեսանյութեր

Լրահոս