
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը մնում է դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում. նիստի օր դեռևս հայտնի չէ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը մեկ այլ դատավորի չի մակագրել: 168.am-ին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ որոշման մասին քիչ առաջ է ծանուցվել էլեկտրոնային եղանակով:
Դատարանի նախագահն իր որոշման մեջ նշել է, որ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝ գործը քննող դատավորի լիազորությունների շրջանակում:
Սա նշանակում է, որ դատավարության մասնակիցները պետք է սպասեն դատավոր Դանիբեկյանի առողջանալուն՝ միջնորդությունը ներկայացնելու համար: Իսկ այս պահին դեռևս հայտնի չէ, թե դատավոր Դանիբեկյանը երբ կնշանակի դատական հաջորդ նիստը:
Հիշեցնենք, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանը քննությունն այլ դատավորի մակագրելու միջնորդությամբ դիմել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, նախորդ շաբաթ դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով դատական նիստը տեղի չունենալուց հետո:
Այդ դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը պատրաստվում էր ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի խոսքով՝ դատական նիստի չկայանալու մեջ որոշակի միտումներ կան՝ կապված այդ օրը դատարանում ՀՀ և ԱՀ նախկին վարչապետների՝ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորությունը ներկայացնելու հանգամանքով:
«Շատ լուրջ հարցեր են առաջանում, և մենք հաջորդ դատական նիստին պահանջելու ենք, որպեսզի դատարանն ավելի մանրամասնի իր առողջական խնդիրները, որոնք որ ունեցել է, եթե բուժում է ստացել, ապա որտեղ է բուժում ստացել, որ մենք կարողանանք հաստատ համոզվել, որ էս ամեն ինչը չի արվել զուտ էն բանի համար, որպեսզի հետագայում երաշխավորներից մեկի կամ երկուսի ներկայությունը դարձնեն անհնար: Մենք ունենք որոշ կասկածներ, որ սա արվեց միտումնավոր, որպեսզի հետագայում այդ 4 երաշխավորներից մեկ-երկուսը հանրապետությունում չլինեն»,- ասել էր փաստաբան Հայկ Ալումյանը: