Պատժել դատավորներին և նրանց պահել խիստ վերահսկելի ռեժիմում. սա է «Իմ քայլի» ընդունած օրենքի նպատակը. Վարազդատ Հարությունյան
Ազգային ժողովն օրերս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի նախագիծն ընդունվեց միայն «Իմ քայլը» խմբակցության 85 կողմ ձայներով: Ընդունված նոր կարգավորումների վերաբերյալ 168.am-ը զրուցեց իրավաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանի հետ.
– Պարո՛ն Հարությունյան, Դատական նոր օրենսգրքով առաջարկվում է այսուհետև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել. 5-ի փոխարեն՝ դարձնել 2,5 տարի: Արդյո՞ք այս փոփոխությունը նպաստելու է, որ ԲԴԽ անդամն ավելի անկախ լինի, և արդյո՞ք նպատակահարմար է առհասարակ դատական համակարգում ունենալ 2.5 տարով պաշտոնավարող անդամներ:
– Ըստ իս՝ այս փոփոխության հիմքում քաղաքական որոշում է դրված և չկա որևէ երկարաժամկետ հեռանկար: Որևէ բան գործադիրին չի խանգարի, որ, օրինակ, ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետների փոփոխման հետ կապված ևս մեկ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնի, երբ դրա կարիքը տեսնի: Առհասարակ, Ազգային ժողովի ընդունած այս օրենքը պահի տակ մշակված մի նախագիծ էր, որը երկարաժամկետ կտրվածքով որևէ էական հարց չի լուծելու:
– Մեկ այլ փոփոխությամբ դատավորի թեկնածուի համար տարքիային շեմը 28-ից իջեցվեց 25-ի: 25 տարեկան դատավորներին արդյո՞ք կարելի է վստահել լուրջ գործեր: Ինքներդ Ձեր օրինակով կարո՞ղ եք ասել՝ 25 տարեկանում դատավոր կկարողանայի՞ք աշխատել:
– Ես ուշադիր լսեցի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հիմնավորումները՝ տարիքային շեմի իջեցման հետ կապված: Պետք է լինեմ անկեղծ ու նշեմ, որ որևէ ծանրակշիռ հիմնավորում ես նախարարից այդպես էլ չլսեցի: Նա ասում է, որ երիտասարդներն ավելի լավ գիտեն օտար լեզուներ և ունեն շատ ավելի լավ մասնագիտական կրթություն, բայց ես խիստ կասկածում եմ, որ նախարարությունը կամ առհասարակ որևէ մեկը վարել է մի այնպիսի վիճակագրություն, որը թույլ է տվել նման պնդում անել, պարզել, թե 30 տարեկանը և 25 տարեկանը որքանով են տիրապետում օտար լեզուներին, և այստեղ ինչ վիճակագրություն ունենք: Նույն խնդիրն է նաև մասնագիտական կրթության հարցում: Սովորաբար իրավաբանները, դատավորներն ամենօրյա ռեժիմով աշխատում են իրենց մասնագիտական գիտելիքների կատարելագործման վրա, և ես չեմ ճանաչում, օրինակ, 30 կամ 40 տարեկան դատավորների, որոնք չեն կարողանում բնագրերից կարդալ վճիռներ կամ օգտվել արտասահմանյան գրականությունից՝ կապված իրենց մասնագիտության հետ: Ինչ վերաբերում է ինձ՝ ես 25 տարեկանում հաստատ դատավոր չէի աշխատի:
– Թեև 2018 թվականի իրադարձություններից հետո իշխանությունն անընդհատ խոսում էր ամբողջ դատական համակարգի ախտահարված լինելու և խնդրի կարգավորման համար վեթինգ իրականացնելու մասին, սակայն Ազգային ժողովն ընդունեց մի օրենք, որը չի տարածվելու մինչև 2017 թվականը նշանակված դատավորների վրա: Այս նոր օրենքով կստուգվի 2017 թվականից հետո նշանակված և ապագայում նշանակվելիք դատավորների բարեվարքությունը: Ինչո՞ւ իշխանությունը չգնաց իր մատնանշած՝ նախկինների ժամանակ նշանակվածների բարեվարքության ստուգման հետևից: Հակասություն չկա՞ արդյոք 1,5 տարի շարունակ իշխանությունների կատարած հայտարարությունների և այժմ ընդունած օրենքի միջև:
– Այո՛, պարբերաբար այս նոր իշխանությունները դատական իշխանության հեղինակությունը դրել են կասկածի տակ, հայտարարել, թե բազմաթիվ դատավորներ չեն համապատասխանում հետհեղափոխական իրավիճակին: Բա, եթե այդպես էր, ապա ինչո՞ւ 2018-ից հետո ձևավորված նոր Բարձրագույն դատական խորհուրդը, որին դեռևս չփոխված Դատական օրենսգրքով տրված է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորություն, իշխանության այդ ասածը չապացուցեց իր հարուցած վարույթների քանակով: Եթե ուսումնասիրեք ԲԴԽ-ի հարուցած կարգապահական վարույթների վիճակագրությունը, ապա կտեսնեք լուրջ հակասություններ իշխանությունների հայտարարությունների և այդ վիճակագրության միջև:
Թեև Դատական օրենսգիրքը չպետք է լինի դատավորներին պատժելու միջոց, սակայն ընդունված այս նոր օրենքի նպատակն է՝ պատժել դատավորներին և նրանց պահել խիստ վերահսկելի ռեժիմում: Այս օրենքով դատավորները հանդիպելու են այնպիսի խոչընդոտների, որոնք անհամատեղելի են դատավորների անկախության հետ:
– Կհստակեցնե՞ք Ձեր ասածը, ո՞ր փոփոխություններն են հանգեցնելու Ձեր նշած խնդիրներին:
– Դատավորների գործունեության գնահատման ինստիտուտը փոփոխության է ենթարկվել, և հիմա ստեղծվելու է մի հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից, որից 3-ը՝ դատավոր: Ստացվում է՝ մի դատավոր դատական ակտ է կայացնելու և մեկ այլ դատավոր պետք է այդ ակտին գնահատական տա: Եթե այդ հանձնաժողովը գտնի, որ այս կամ այն դատական ակտն իրեն դուր չի գալիս, խնդիր տեսնի, կարող է դիմել Էթիկայի հանձնաժողով և խնդրել, որ այն կայացնող դատավորի նկատմամբ վարույթ հարուցվի: Ստացվում է՝ ստեղծվելու է մի բան, որը դամոկլյան սրի նման կախված է լինելու դատավորի գլխին, և նա ցանկացած դատական ակտ կայացնելիս մտածելու է՝ հանկարծ այդ հանձնաժողովի դատավորներն իր կայացրած ակտի վերաբերյալ բացասական կարծիք չտան, ու ինքը խնդիր չունենա: Սա, միանշանակ, բերելու է նրան, որ դատավորներն իրենց համարձակությունը, իրենց դիրքորոշումները զիջելու են՝ փորձելով կայացնել անդեմ դատական ակտեր, որոնք կհամընկնեն գործող դատական պրակտիկայի հետ: Լուրջ վտանգ կա, որ այդ կարգապահական վարույթները կարող են կիրառվել կամայականորեն:
Հաջորդ խնդիրը կապված է կարգապահական վարույթների հիմքերի հետ. Փաստորեն, կարող են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել՝ հիմքում դնելով հարցը՝ այս կամ այն դատավորը նյութական իրավունքը ճի՞շտ է կիրառել, թե՞ ոչ:
Իմ համոզմամբ՝ սա ևս սխալ է, որովհետև դատավորի նկատմամբ պետք է կարգապահական վարույթ հարուցել՝ ելնելով դատավորի համար սահմանված Էթիկայի նորմերից, մնացած հարցերն իրավունքի դաշտում են, և դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դրանք կարգավորում է:
– Նոր ընդունված օրենսգրքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է պարզի դատավորի թեկնածուի կապը քրեական ենթամշակույթի հետ՝ ինչը պարզելու համար խորհրդատվական կարծիք պետք է ստանան Տեղական ինքնակառավարման մարմիններից (ՏԻՄ): Արդյո՞ք այդ մարմինների տված կարծիքը բավարար է դիտարկելու համար դատավորի թեկնածուի կապը քրեական ենթամշակույթի հետ, արդյո՞ք առաջնայինը չպետք է լինի դատական վճիռը:
– Սա հերթական կիսատ-պռատ լուծումն է: Նախարարն ասում է, որ քրեական ենթամշակույթի հետ կապը հաստատելու համար պետք է ոչ թե դատարանի վճիռ, այլ ՏԻՄ մարմնի կարծիք: Հիմա հարց է առաջանում՝ եթե հանձնաժողովը չունի փաստական առումով վերջնական դատողություն, դրան հասնելու համար անհրաժեշտ գործիքակազմ, արդյո՞ք այդ հանձնաժողովի կարծիքը պետք է առհասարակ քննարկելի լինի: Այսինքն, պետք է քննարկել այն, որ այդ հանձնաժողովը ներկայացնում է ոչ թե փաստ, այլ ասում է՝ ականջի պոչով լսել եմ, գուցե այս կամ այն թեկնածուն քրեական ենթամշակույթ կրողի հետ կապ ունի: Ասեկոսեների մակարդակում ասվածն արդյո՞ք պետք է քննարկել: Այս ինստիտուտը կիսատ է, և տրված չէ այնպիսի գործիքակազմ, որով կարելի կլինի սեղանին դնել փաստեր: Ստացվում է՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովը խորհրդատվական կարծիք է տալու, որի համար, ի դեպ, պատասխանատվության չի էլ ենթարկվելու, բայց կարող է իր այդ կարծիքով ջուր պղտորել, ինչը կարող է բերել նաև դատավորի թեկնածուների միջև ներքին լարվածության:
– Իսկ ինչ է փոփոխություններ էիք ակնկալում Դուք նոր Դատական օրենսգրքից:
– Ես ակնկալում էի, որ առաջնահերթ կլուծվի դատարանների ծանրաբեռնվածության հարցը: Ես մեր նախարարից ակնկալում էի ավելի համարձակ նորարարական լուծումներ, կարող եմ օրինակներ բերել: Կարելի էր դատարաններին ազատել գումարի բռնագանձնման հարցերը քննելուց՝ թույլ տալով դատավորներին առավել մեծ ժամանակ հատկացնել լուրջ, ժամանակատար և բարդ դատական գործերին: Ես կուզենայի, որ մեր օրենսգրքի հեղինակներն ուսումնասիրեին միջազգային փորձը և տեսնեին, որ, օրինակ, Ֆրանսիան, որը դատարանակազմության լուրջ ավանդույթներ ունի, ինչպես է հարցը լուծել: Այնտեղ կան դատարաններ, որոնք քննում են միայն գումարների բռնագանձման գործերը, որոնք որևէ այլ դատարան չի քննում:
Այդ դատարաններում աշխատում են նորավարտ իրավաբանները, որոնց գիտելիքները բավարար են գումարի բռնագանձման այդ գործերը քննելու համար, դատավորները նաև այդպես հմտանում են, որից հետո նոր անցնում են արդեն այլ դատարաններ և զբաղվում լուրջ գործերով՝ այդպես ապահովելով նաև իրենց բնական առաջխաղացումը: Այ, եթե այդպես անեին, մեր այդ 25 տարեկան դատավորներին էլ կարող էին օգտագործել նման պարզ գործերը քննելու համար: Սա իսկապես կլիներ հեղափոխական մոտեցում, բայց իշխանությունը գնաց այնպիսի մի ճանապարհով, որ ցանկացած լուրջ գործ քննելիս մեր դատավորներն իրենց գլխի վրա զգան դամոկլյան սուրը:
– Թեև արդեն երկու տարի է՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը խոսում են դատական համակարգում արմատական փոփոխությունների մասին, սակայն Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմ ձայներով. Ստացվում է՝ ողջ պատասխանատվությունն իրենք իրենց վրա են վերցնում:
– Դատական օրենսգրքի փոփոխությունները պետք է ցույց տային, թե դատավորի ինչ կերպար է ցանկանում պետությունը տեսնել: Այն օրենքը, որն ընդունեցին, ցույց է տալիս այն դատավորի կերպարը, որը ցանկանում է տեսնել միայն «Իմ քայլը» խմբակցությունը: Որպես ամփոփում՝ ևս մեկ անգամ շեշտեմ՝ այս փոփոխություններով մենք չենք ունենալու անկախ և խիզախ դատավորի կերպար: