
«Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների, այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից. նա չի կարողանում գտնել իր քաղաքական թային». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի հետ.
– «Բեսպրեդել»-ը շարունակվում է․ երեկ՝ վաղ առավոտից, իրավապահները ներխուժել էին «Տաշիր» ընկերություն, ինչպես նաեւ՝ ընկերության հետ փոխկապակցված տարբեր անձանց առանձնատներ, բնակարաններ, խուզարկություններ էին իրականացրել, տարբեր անձանց ձերբակալել: Այս ամենին զուգահեռ, Նիկոլ Փաշինյանն է կրկին անդրադարձել Վեհարանը գրավելու իր «հանճարեղ» գաղափարին եւ սպառնացել է, որ ինքն անձամբ է առաջնորդելու Վեհարանը գրավելու պրոցեսը: Ձեր տպավորությամբ` ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչի՞ է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը՝ հայ հասարակությանն այսպիսի հոգեբանական տեռորի ենթարկելով:
– Նիկոլ Փաշինյանն ունի լավ մշակված նախընտրական ռազմավարություն: Նա ունի մի քանի սկզբունք, որոնց վրա հենված է տվյալ ռազմավարությունը: Դրանցից մեկը թշնամու կերպարի ստեղծումն է: Նա պետք է այնքան մարտահրավերներ նետի, այնքան տարբեր խուլիգանական քայլերի դիմի, մինչեւ ինչ-որ մեկը համաձայնի իր ընտրական թշնամին դառնալու, ինչից հետո նա փորձելու է իրացնել քաղաքական կամպանիան, այնպես, ինչպես դա արեց 2018 թվականին` մասնակի, իսկ 2021-ին` պարզապես հանճարեղ կերպով:
– Այսինքն` այս ընդդիմությունը համարժեք քայլեր չի՞ անում, իսկ Փաշինյանին պետք է ի՞ր նման ընդդիմություն:
– Ի ուրախություն ինձ, այն մակարդակը, խոսքը եւ դրա բովանդակությունը, որ ցույց է տալիս Փաշինյանը` գոնե վերջին մեկ ամսվա ընթացքում, քաղաքական կշիռ ունեցող որեւէ գործչի չի կարող ներքաշել այդ դաշտ: Խոսքն անդաստիարակ յութուբերների եւ տիկտոկերների մասին չէ: Նրանցից կան թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր դաշտում: Ոչ մի կայացած, դաստիարակված քաղաքական գործիչ չի կարող իրեն թույլ տալ՝ իջնելու Փաշինյանի մակարդակին: Նա չի կարողանում իր քաղաքական թային գտնել, ինչպես ասում են: Այդ փաստն իրեն անհանգստացնում է, բայց չէի ասի, թե ցայտնոտի մեջ է, ոչ, մարդը շատ սառնասիրտ է գործում եւ ունի հստակ նախընտրական ռազմավարություն:
– Այդ դեպքում ՀԱԵ-ն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին:
– Թշնամու կերպարի ձեւավորման մեջ, այն սուբյեկտները, որոնք ունեն ստրուկտուրա եւ որոշակի արժեքաբանական հիմքեր, էական չէ՝ տվյալ ստրուկտուրայի հետեւորդները հավատարիմ են այդ արժեքներին, թե ոչ, այստեղ հարցն այն է, որ եթե կան հստակ արժեքաբանություն եւ ստրուկտուրա, ապա դա թշնամու կերպարի կարեւորագույն բաղադրիչներից է: Ներկայացվում է այն իբրեւ մի ստրուկտուրա, որը դեմ է իշխանության քարոզներին եւ հակառակ արժեքներ է քարոզում:
Նիկոլ Փաշինյանի կերպարը, նրա ծրագրերն ու նպատակները բոլորս լավ գիտենք, հետեւաբար՝ ի՞նչ արժեքներ դավանող թշնամիներ պետք է նա գտնի, արդյո՞ք այն պատճառով, որ Եկեղեցին կառուցվածք ունի, եւ նաեւ այն պատճառով, որ այն հարում է որոշակի արժեքաբանական հիմքերի, խոսքը ոչ միայն կրոնական արժեքների, այլեւ հասարակական-քաղաքական արժեքների մասին է, չի կարող համարվել թշնամի: Այստեղ կա նաեւ համընդհանուր դավադրության տեսության խնդիր:
Ներկայացվում է, թե իբրեւ բոլոր իր թշնամիները փոխկապակցված եղբայրներ են, խարդավանքներ են հյուսում մութ նկուղներում, եւ որքան էլ որ թվա, թե նրանք իրարից տարբեր են, միեւնույն է, նրանք՝ բոլորը, մեկ «սիմֆոնիայի» վրա են աշխատում: Օրինակ, այժմ ում կալանավորում են, թելերով կապում են մյուս կալանավորվածների հետ: Այստեղ կա հստակ տրամաբանություն. ցույց տալ, որ թշնամին զորեղ է, խորամանկ եւ դավադիր, իսկ իրենց տեսակը միամիտ է, բարի, եւ այս անգամ հազիվ կարողացան ամեն բան հասկանալ եւ վճռական գործել:
– Վարչապետն ասում է, որ անձամբ է Վեհարան մտնելու: Ի՞նչ կարող ենք սպասել այս հայտարարությունից: Հնարավո՞ր է բախումներ հրահրվեն: Գուցե Փաշինյանը նկատի ունի, որ իր ձեռքի խամաճիկը դարձած իրավապահներին է ուղղորդելու կամ, ասենք, ռոմանբաղդասարյաններին է եկեղեցի տանելու:
– Անիմաստ է այստեղ կանխատեսումներ անելը: Այդ ամենից հարցի էությունը չի փոխվելու: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամ է գնալ բախումների: Մնացածը կախված է իրավիճակից եւ դիմացինների վարքից: Այդ մարդու հոգին փառավորվում է բախումներից: Դրանում վաղուց ենք համոզվել:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։