Բաժիններ՝

Ֆուտբոլային ակումբների առաջարկով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր քառօրյա նիստում ներկայացրեց «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որտեղ ներառվել են ֆուտբոլային ակումբների առաջարկները:

«Խնդիրն այն է, որ  ֆուտբոլային ակումբները չեն հասցնում նշված ժամանակահատվածում պայմանագրեր կնքել ֆուտբոլիստների հետ, օգտագործել  տրանսֆերային ժամանակահատվածը և ֆուտբոլիստներ հրավիրել մեր ակումբներ»,- նախագիծը հիմնավորելիս՝ ասաց Ալեն Սիմոնյանը:

Քննարկման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը նախ հարց ուղղեց նախագծի հեղինակին, թե նախկինում, երբ օրենքում բաց է եղել,  ինչպե՞ս են լուծվել ծագած խնդիրները, ապա, թե՝ օրենքի ընդունման հետ կապված ռիսկեր տեսնո՞ւմ է:

Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն ասաց, թե որևէ ռիսկի գործոնի մասին չի կարող ասել, քանի որ օրենքի քննարկման ընթացքում, մարզիկների ու ակումբների ներկայացուցիչների շփվելիս նրանք  մտահոգություն չեն հայտնել, Կառավարությունը ևս որևէ լուրջ մտահոգություններ չի տեսել:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ 2016  թվականին եղել է Կառավարության որոշումը ոլորտում աշխատելու կարգի վերաբերյալ, և մինչև այս պահը գործել է այդ որոշումը, որի հետևանքով եղել են բյուրոկրատական քաշքշուկներ:

Նախագծի հարակից զեկուցող Արսեն Ջուլֆալակյանն էլ անդրադառնալով նախկինում գործող կարգին՝ նշեց, որ նախկինում՝ 10, լավագույն դեպքում՝ 15 օրով տրանսֆերային պատուհանն ավելի կարճ էր՝ պայմանագրեր կնքելու առումով, որի արդյունքում մարզիկները տուժում էին:

«Մենք պայմանագիր էինք կնքում առավելագույնը մեկ տարով, իսկ միջազգային պրակտիկայում այդպես չէր, այնտեղ ընդունված է պամանագիրը կնքել հինգ տարով: Երբ մենք տարի-տարի  ենք լրացնում հինգ տարվա պայմանագիրը, ստացվում էր, որ ակումբից ակումբ տեղափոխվելիս մյուս  ակումբը կարող էր սպասել, որպեսզի գներ այդ ֆուտբոլիստին և տարբերությունը չվճարեր ակումբին, ստացվում էր, որ մեր հայկական ակումբը դրանից նույնպես տուժում էր»,- ընդգծեց Արսեն Ջուլֆալակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս