Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն Առաջին ատյանի դատարանի «դրսևորած անգործության» դեմ վերաքննիչ բողոք են ներկայացնելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր  պատրաստվում են Վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնել: Բողոքի հիմքը լինելու է Առաջին ատյանի դատարանի նախագահի՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանին փոխանցած գրությունը, որով Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը մեկ այլ դատավորի չէր մակագրել։ Դատարանի նախագահի հիմնավորմամբ՝ միջնորդության քննությունը գտնվում է բացառապես վարույթն իրականացնող մարմնի՝  գործը քննող դատավորի (Աննա Դանիբեկյանի) լիազորությունների շրջանակում:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի բնորոշմամբ՝ առաջին ատյանի դատարանը միջնորդությունն այլ դատավորի չմակագրելով, այն դեպքում, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է, և անհայտ է, թե երբ կվերսկսի դատական նիստերը, «անգործություն» է դրսևորվել։ Փաստաբան Ալումյանը պարզաբանեց նաև.

«Մեր օրենքը չի նախատեսում, որ դատավորի կողմից միջնորդությունը չքննելը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան, բայց Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ, եթե որևէ անձ բողոքում է, որ իր կոնվենցիոն իրավունքներից ինչ-որ մեկը խախտվել է, ապա ինքը պիտի ունենա արդյունավետ պաշտպանության միջոց: Այսինքն, եթե, օրինակ, առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, մենք այստեղ սկսում ենք պնդել, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետն է խախտվում, հետևաբար՝ պետությունը մեզ այդ խախտումից պիտի տրամադրի արդյունավետ պաշտպանության միջոց, որը Վերաքննիչ դատարանն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Ալումյանը:

Վերաքննիչ քրեական դատարան ներկայացվող բողոքով պաշտպանական կողմը  ցանկանում է.

1. Առաջին ատյանի դատարանի կողմից իրենց միջնորդությունը չքննելը ճանաչվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային հակասող:

2. Վերաքննիչ քրեական դատարանը քննության առնի միջնորդությունը:

3. Վերաքննիչ քրեական դատարանը բավարարի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը դատարան էր ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Տեսանյութեր

Լրահոս