Նա սկսում է բարկանալ…

Կալիգուլային, ով իր ձիուն դարձրեց սենատոր, համարում են խելահեղ մեկը: Սակայն ձիուն սենատոր դարձնելու ճանապարհը կայսրն անցել է` չխախտելով օրենքի տառը: Նախ` նա իր ձիուն Հռոմի քաղաքացիություն է շնորհել, քանի որ սենատոր կարող էր դառնալ միայն Հռոմի քաղաքացին: Ապա նոր միայն` դարձրել սենատոր:

Ըստ վկայությունների` նա ցանկանում էր իր ձիուն նաև դեսպան նշանակել, սակայն չհասցրեց. Կալիգուլային սպանեցին: Կայսրի այս տարօրինակ որոշումը մինչ օրս ժպիտով է ընդունվում, սակայն ժամանակը ցույց է տալիս` իզուր: Կալիգուլայի կադրային քաղաքականությունը զգալիորեն տարբերվում է, դիցուք, մեր երկրում վարվող կադրային քաղաքականությունից:

Ընդ որում` հօգուտ ձիու: Ի տարբերություն մեր շատ պաշտոնյաների և, պայմանականորեն ասած, սենատորների` ձին քաղաքական ինտրիգներ չէր կազմակերպում, կաշառք չէր վերցնում, տափակ ելույթներ չէր ունենում և, կարևորը, պետական գանձարանի վրա աչք չուներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավանդույթ է դարձրել պարբերաբար հրապարակայնորեն զարմանալ, թե ինչպես են մեր երկրում պետական միջոցները օրը ցերեկով փոշիանում: Թե ինչպես են պետական համակարգում աշխատում գանձագողեր և պարզապե՛ս գողեր: Եվ թե ինչպես են կազմակերպվում պետական մրցույթները. «Պատվիրատուները` բացի իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում` չապահովելով մրցակցային, արդյունավետ և թափանցիկ գնման ընթացակարգեր»:

Այլ կերպ ասած` մրցույթներին հաղթում են այն կազմակերպությունները, որոնք պետությանն իրենց ծառայությունը կամ ապրանքը վաճառում են ավելի թանկ, քան շուկայական գինն է: Հետո, ավելի ուշ, պարզվում է, որ հաղթողն ինչ-որ մեկի քեռու որդին է:

Ոչ ոք չի կարող վիճարկել. պետական ողջ համակարգը կոռումպացված է: Սակայն, եթե ինչ-որ մեկն ասի, թե երկրի նախագահն այդ մասին իմացավ 2012թ. սեպտեմբերի 15-ի առավոտյան և անմիջապես խորհրդակցություն հրավիրեց, ոչ ոք չի հավատա: Ինչպես չեն հավատա, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս չէր նկատել գեներալ Արշալույս Փայտյանի Մոնումենտի դղյակը կամ տեղյակ չէր, որ արդեն քանի տարի է` գեներալը զբաղվում է բանակի մատակարարմամբ. խոսքը հարյուրավոր միլիոն դոլարների ծավալի մասին է:

Նույն այդ խորհրդակցության ժամանակ նախագահը` դիմելով երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ասաց. «Ես առաջին հերթին ձեզնի՛ց եմ ակնկալում նախաձեռնություններ»: Նախաձեռնություն ունենալու համար պետք է աշխատանքային ազատություն: Սակայն նախագահն ինքը ու նաև ներկաներից բոլորը գիտեն, որ մեր բարձրաստիճան չինովնիկների առանձնահատկությունն այն է, որ նրանք ինքնուրույն աշխատելու, որոշումներ ընդունելու արտոնություն չունեն: Յուրաքանչյուրն ազատ է այնքան, որքան թույլ է տալիս ոչ թե Սահմանադրությունը կամ օրենքը, այլ երկրի նախագահը:

Ընդ որում, ոչ մի պաշտոնյա իր ազատության սահմանափակությունից, փաստացի անգործությունից չի դժգոհում, հակառակ դեպքում հրաժարական կտար: Բոլորը` նախագահի գլխավորությամբ, ձևացնում են, թե խիստ զբաղված են, քիթ սրբելու ժամանակ չունեն:

«Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորդ ո՛չ ձևական, այլ իրականում դառնաք մեր դաշնակիցներից մեկն այս հարցում և շահագրգիռ լինեք բարձրացված խնդիրների լուծման հարցում»,- շարունակում է երկրի նախագահը:

Իր անձնական օրինակով երկրի նախագահը պարտավոր էր նախ ինքը ցույց տալ, որ ամենևին կարևորություն չի տալիս ազգակցական կապին: Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները, պատասխանատվությունից խուսափելու համար և արդեն հաստատված խաղի կանոններով` ոչ մի քայլ ինքնուրույն չեն անում: Ամեն ինչի մասին նախագահին զեկուցվում է: Հետևաբար, զայրույթի ցուցադրության այս տեսարանները հետաքրքիր են` կատարողական առումով:

Սակայն բովանդակության կամ արդյունավետության տեսակետից` դրանից ոչինչ չի փոխվում:

Նախագահի՛ց և միմիայն նրա ցանկությունից է կախված` գանձագող կամ կոռումպացված պաշտոնյաները կշարունակե՞ն իրենց անվերջանալի ներկայությունը կառավարության նիստերին կամ նախագահականում: Ժամանակը ցույց է տալիս` որքան պաշտոնյան սանձարձակ ու կոռումպացված է, այնքան նրա աշխատանքային ստաժը երկար է: Այս խորհրդակցության ընթացքում աչք ծակեց մի հանգամանք ևս. երկրի նախագահն իր կառավարության անդամներին հրապարակայնորեն դիմում է «դու»-ով և անունով:

Սա էթիկայի կոպիտ խախտում է: Եթե Առողջապահության նախարարը ոչ թե «պարոն Դումանյան» է կամ «պարոն նախարար», այլ` «Դերո՛», նշանակում է` երկրի նախագահի և մի ողջ ոլորտի պատասխանատուի աշխատանքային փոխհարաբերությունները պաշտոնական չեն, տնավարի են:

Եվ հետո, եթե նախագահն իրավացիորեն ակնկալում է, որ առողջապահության նախարարն իր պաշտոնավարման երկու-երեք ամիսների ընթացքում արդե՛ն իսկ հաջողություններ արձանագրի, նույն խստապահանջությունը պետք է ունենա սեփական անձի հանդեպ: Նա արդեն, որպես երկրի նախագահ, պաշտոնավարում է ոչ առաջին տարին: Եվ, դատելով զայրույթի տոնայնությունից, պատրաստվում է մեկ ժամկետ ևս անցկացնել նախագահականում:

Հ.Գ. Կալիգուլայի ձիու պատմության մեջ որքան հետաքրքիր է ձիու աշխատանքային առաջընթացը, նույնքան ուշագրավ է նաև նրա կարիերայի մայրամուտը. Կալիգուլայի մահվանից հետո նախ` սենատորները նրա ձիու հետ վարվեցին` որպես հավասարի հետ: Սենատորները նաև համաձայնության եկան այն հարցում, որ հռոմեական օրենքների համաձայն` մինչև լիազորությունների ավարտ Սենատի և ոչ մի անդամի, անգամ` ձիու լիազորությունները դադարեցնելու իրավունք չունեն: Ի պաշտպանություն ձիու` ասվեց, որ նա` ի տարբերություն Սենատի որոշ անդամների, ոչ մեկին չի սպանել և կայսրին էլ ոչ մի վատ խորհուրդ չի տվել:

Լուծում, այդուհանդերձ, գտան. կրճատեցին ձիու աշխատավարձը, և նա Սենատից ազատվեց` որպես ֆինանսական ցենզով կարգավիճակին չհամապատասխանող պաշտոնյագ

Տեսանյութեր

Լրահոս