«Այս պահին չեմ մտածում ո՛չ հանրաքվեի, ո՛չ էլ որևէ այլ բանի մասին, սա երկրորդական է, երբ կա մարդու կյանքի, առողջության հարցը». Սոֆյա Հովսեփյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է 200 մարդ, իսկ կորոնավիրուսով վարակված 15 անձանցից 14-ն իրենց բավարար են զգում, և միայն մեկի մոտ է առկա թոքաբորբ:
168.am-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային ժողովը պե՞տք է դիմի ՀՀ նախագահին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու և երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։
«Եթե անկեղծ լինեմ, այս պահին չեմ մտածում ո՛չ հանրաքվեի, ո՛չ էլ որևէ այլ բանի մասին, որովհետև դրանք ամեն վայրկյան էլ հնարավոր է չեղարկել, այսինքն՝ կարող ենք ոչ թե այսօր, այլ 10 օր հետո էլ չեղարկել։ Մենք ամեն կերպ պետք է մոբիլիզացվենք և կոնկրետ քայլերի գնանք, որպեսզի վարակը չտարածվի, ոչ թե մտածենք հանրաքվեի մասին՝ կչեղարկվի՞, թե՞ կկայանա։ Սա այնքան երկրորդական հարց է, երբ կա մարդու կյանքի, առողջության հարցը»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։
Հարցին՝ ինչպե՞ս է պաշտպանվում կորոնավիրուսից, պատգամավորը պատասխանեց, որ հետևում է այն կանոններին, որոնք ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Փորձում եմ առավելագույնս մեկուսացված լինել, որպեսզի չլինեմ շատ մարդկանց կենտրոնում՝ և՛ ես լինեմ ռիսկ, և՛ ինձ համար դառնան ռիսկ, արդյունքում՝ պահում եմ այն բոլոր նորմերը, որոնք կան»,- շեշտեց Սոֆյա Հովսեփյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված Շիրակի մարզում տիրող ընդհանուր վիճակին, Սոֆյա Հովսեփյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ մարզում կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել, սակայն այսօր առավոտյան էլ տեղեկացրել են, որ կորոնավիրուսի կասկածանքով անձ կա, սակայն զանգահարելուց հետո տեղեկատվությունը հերքվել է՝ ինֆորմացիա չեն ունեցել։
«Խնդրել եմ՝ ինֆորմացիա ունենալու դեպքում ինձ հետ կապվեն և տեղեկացնեն, մինչ այս պահը որևէ լուր չկա»,- եզրափակեց նա։