Չինաստանի տնտեսությունը վերականգնվել է, սակայն վիրուսի ազդեցությունն այլ երկրների վրա ավելի երկարատև է. Հրանտ Միքայելյան
«Չինական իշխանությունները կարողացան կորոնավիրուսի հետագա զարգացումը վերահսկողության տակ վերցնել, ու արդեն փետրվարի վերջ, մարտի սկիզբ իմացանք, որ ծովով բեռնափոխադրումների ծավալը սկսեց վերականգնվել, և անգամ, եթե չեմ սխալվում՝ գերազանցել է նախորդ տարվա նույն օրերի շրջանառությունը,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ ընդգծելով,- Այսպիսով, կարող ենք ասել, որ Չինաստանի տնտեսությունը վերականգնվել է, սակայն վիրուսի ազդեցությունն այլ երկրների վրա ավելի երկարատև է: Այդ հարվածից վիճակագրություն դեռ չկա, մենք դեռ չգիտենք, թե ինչպիսի դինամիկա կա ամբողջ աշխարհի տնտեսության վրա: Համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումները բացասական են այն պատճառով, որ 2020 թվականի համար ակնկալվում էր արդեն շատ փորձագետների կողմից համաշխարհային ճգնաժամի սկիզբը, որովհետև բոլոր ինդեքսները չափից շատ աճել են, ակնկալվող մակարդակը շատ են գերազանցել: Տնտեսության վրա բացասական ազդեցություն ունեցավ նաև վիրուսի արագ տարածումը, ինչի արդյունքում սկսեցին միմյանց հետ սահմանները փակել»:
Հրանտ Միքայելյանի խոսքով՝ զուգահեռաբար զարգացել է տնտեսական մյուս՝ նավթի գնի ճգնաժամը, որը հիմնականում պայմանավորված է նավթի գնի շուրջ տնտեսական պատերազմով, ինչը հիմնականում ծավալում են Ռուսաստանը և Սաուդիան Արաբիան: Այսպիով, նավթի գինը նվազել է մոտավորապես երկու անգամ, առաջիկայում 60 դոլարի շեմին չի վերադառնա:
Հարցին, թե կա տեսակետ, որ համաշխարհային տնտեսական մեծ խաղ էր, տնտեսագետը պատասխանեց, որ դա մեծ սպեկուլյացիա է:
«Այդ խոսակցությունները հիմնավորված չեն»,- պատասխանեց նա: