«Եթե մեղք եմ գործել, թող ձերբակալեն»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր լրագրողների  հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության գործունեությանը  (հիշեցնենք, որ   սեպտեմբերի 6-ին  Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրեց վճիռ, որի համաձայն՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն ԱՄՆ դոլար), ասաց.

«Մի քիչ ցավալի ա: Լուրջ ցավ ա, գիտե՞ք` որ առումով… լեշակերների որոշակի ոհմակ կա, ու անունները փոխած անձնավորություններ ինձի ամոթի կոչ  են անում` հասկանո՞ւմ ես` ասում են` ամոթ չի՞, բա… Ի՞նչը, որ ՀՀ շահերը, կներես, պաշտպանե՞լ եմ: Խնդրեմ` ի՞նչ կերպ. հիմքերը հստակ կան տվյալ վարույթի մեջ` ա. Ցանկացած երկրաբանական ուսումնասիրություն, որը տրամադրվում է որևէ մեկին, ընդերքը սեփական հարստություն է հանդես գալիս: Դու պարտավոր ես ընդերքի սեփականությունը վերցնելու պարագայում` կատարել ներդրումներ, համապատասխան աշխատանք: Ուրեմն` տվյյալ ընդերքի տեղամասը տրամադրված է եղել ՍՀԱ կազմակերպության, որն ունեցել է ընդերքի երկու տեղամասի համար լիցենզիաներ` «Հանքավանի» և, եթե չեմ սխալվում` «Մարջանի»: «Գլոբալ Գոլդ» ընկերությունը, եթե ամբողջ պատմությունն ուզում եք ասեմ` ասեմ ձեզ, պայմանագիր է կապում այդ ՍՀԱ կազմակերպության հետ, որ պետք է իրեն վճարի  150 հազար, թե 200 հազար դոլար, և 2000 դոլար տալուց հետո, կներեք, հազար անգամ կներեք բառիս համար` քցում է»:

Հարցին, թե ԱՄՆ-ում սեփականություն ունե՞ք, Վ. Այվազյանը պատասխանեց. «Եթե ունեմ` իրենց լինի: Ինձ մի տեղ ժամանակին գրում էին` հանքեր ունի, էդ էլ առաջարկեցի իրանց: Եթե ես մեղավոր եմ` թող վերցնեն (նկատի ունի ԱՄՆ կառավարությանը.- Մ.Մ.)»

Վ. Այվազյանի խոսքով` իր առաջնային քայլը լինելու է այն, որ հետաքրքրվի, «տեսնի, թե ի՞նչ թուղթ են հանել»: «Հարց չունե՞ք տալու` ժողովուրդ ջան, էդ ի՞նչ թուղթ ա, որ 2008թ. դատարանը որոշում  ա կայացրել, 2012թ. սեպտեմբերին, երկու օր առաջ ես հայտարարում եմ, որ ոսկու արտադրողները, ցիան արտադրողները լրիվ բնապահպանական վճար պիտի վճարեն` որպես վտանգավոր թափոնների, երկու օրից հետո թուղթն ի հայտ է գալիս: Չգիտեմ, մեղք չեմ ուզում գործել` սովոր չեմ ուրիշների պես, կներես, դիակալեզություն անել` կարող եք կապել տրամաբանական: Եկեք` օգնեք, չե՞ք ուզում ինձ օգնել: Եկեք-գնանք դատարան, դուք էլ ամբողջով կանգնեք-ասեք` այ պարոն Այվազյան ջան, էս ի՞նչ ես արել»,- ասաց Վ. Այվազյանը: Իսկ հարցին, թե՝ գնալո՞ւ եք դատարան, վերջինս այսպես պատասխանեց. «Ո՞ւր… բա որ վիզա չտվեց ինձ ԱՄՆ-ը, կամ էն մնացած գնացողներին… Ո՞ւմ ձերբակալեն` ի՞նձ… Եթե մեղք եմ գործել, թող ձերբակալեն»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս