«Եթե այս ձևով հ/կ-ների մասին օրենքն ընդունվի՝ պահանջները մենք չենք կատարելու և դիմելու ենք ՄԻԵԴ». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պնդում է, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակը  հ/կ-ներին կառավարելի դարձնելն  ու նրանց գործունեությանը միջամտելն է։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ի  հեղինակած օրենքի փոփոխությունների մասին նախագծով՝ հասարակական կազմակերպությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, որպեսզի նրանց աշխատանքն ավելի թափանցիկ լինի:

Ըստ Արթուր Սաքունցի՝ իշխանությունները չպետք է միջամտեն միավորումների ազատությանը, բացառությամբ, եթե դրանց  գործունեությունը կարող է ուղղված լինել ժողովրդավարության արժեքների դեմ։

«Երբ խոսվում է հանրային հաշվետվողականության մասին,  ես հայտնվում եմ «դեժավյուի» մեջ, միավորումներից հանրային հաշվետվողականություն պահանջելը նշանակում է՝ միջամտել ինքնակազմակերպմանը։ Երբ մենք միավորվում ենք ակցիա անելու համար, իշխանության ինչ-որ նախագծի դեմ բողոքելու համար, ապա դրա վերաբերյալ հաշվետվության ներկայացումը կլինի ԿԳԲ-ական մոտեցում քաղաքացիական նախաձեռնություններին։ Ես ուզում եմ հասկանալ, թե հ/կ-ները ի՞նչ պոտենցիալ զենքեր ունեն հանցագործություն կատարելու համար, որ պետք է հաշվետվություն ներկայացնեն»,- այսօր «ՀԿ-ների հաշվետվողականության անհարկի բարձրացո՞ւմ․ ինչո՞ւ է ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կրկին հայտնվել օրակարգում» քննարկման ժամանակ ասաց Արթուր Սաքունցը։
Ըստ նրա՝ ահաբեկչությունները, փողերի լվացումը հ/կ-ներին վերագրելը կարող է տեղի ունենալ միայն վատ երևակայության արդյունքում, նման բան կարող են անել միայն հանցավոր խմբավորումները, որոնց գործունեությունը թափանցիկ չէ։

Արթուր Սաքունցը նաև ընդգծեց, որ, եթե ցանկանում են ինչ-որ կազմակերպության անհայտ ֆինանսական միջոցների աղբյուրը բացահայտել, ապա կարիք չկա բոլորի «գլուխները կտրել». այդ ամենն անհամաչափ է։

«Օրինակ, եթե դանակահարության դեպքերը շատացել են, ապա այս  տրամաբանությունը հուշում է, որ ամեն մի ընտանիք պետք է հաշվետվություն տա, թե քանի դանակ ունեն և այն ինչի համար են օգտագործում։ Սա միայն ավտորիտար պետություններին է հատուկ՝ միջամտել անկախ միավորումների գործունեությանը»,- հավելեց Արթուր Սաքունցը։

Նրա դիտարկմամբ, այն պահանջները, որոնք առաջարկվում են օրենքի փոփոխություններով, արդեն իսկ գործում են, երբ կազմակերպությունը գրանցվում է պետռեգիստրում, սակայն կան որոշակի պահանջներ, որոնք անհասկանալի են՝ օրինակ, պետության գործը չէ հ/կ-ում կամավորների աշխատանքի ժամերը, նրանց քանակը, ժողովների քանակը և այլն։

«Այս պահանջները և այն հիմնավորումները, որոնք ներկայացված են օրենքով, միմյանց հետ որևէ աղերս չունեն։ Օրենքը պետք է լինի իրավական, որն էլ հիմնված պետք է լինի մարդու իրավունքների և հիմնարար սկզբունքների վրա։ Այս ձևով եթե օրենքն ընդունեն, չենք կատարելու որևէ պահանջ և դիմելու ենք ՄԻԵԴ, ես չեմ սպառնում»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

Տեսանյութեր

Լրահոս