Նիկոլ Փաշինյանի անսպասելի այցը Բրյուսել. ինչ կապ կա Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այցի նախօրեին: Նիկոլ Փաշինյանն այս այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Փաշինյանի բրյուսելյան այցի բովանդակային կողմն առանձին և շատ ավելի խորը վերլուծության թեմա է, որին մենք դեռ կանդրադառնանք:
Պակաս ուշագրավ չէ այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետի բրյուսելյան այցի մասին հանրությունը տեղեկացավ միայն պաշտոնական հաղորդագրությունից, որը տարածվեց մարտի 8-ին: Այս այցի օրակարգի, բովանդակության մասին որևէ տեղեկություն չարտահոսեց մամուլ, ինչը սովորաբար տեղի է ունենում նման կարևոր այցերից շաբաթներ կամ ամիսներ առաջ, երբ շրջանառության մեջ են հայտնվում արարողակարգային կամ բովանդակային որոշ մանրամասներ՝ բարձրացնելով նաև այցի կարևորությունը: Փաշինյանի այցը Բրյուսել տեղի է ունենում Սահմանադրական հանրաքվեի «ԱՅՈ» քարոզարշավի ընթացքում, Փաշինյանի Վրաստան կատարած պաշտոնական այցից հետո և, որ ամենահետաքրքրականն է, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի և ՀՀԿ մի շարք ներկայացուցիչների Բրյուսել կատարած այցից օրեր անց՝ տպավորություն թողնելով, թե ամենևին էլ պատահական չէր ընտրված վարչապետի բրյուսելյան այցի այս ժամանակացույցը:
Ինչպես հայտնի է, մարտի 5-ին մեկնարկել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանի և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկացրել էին, որ այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ: ՀՀԿ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել էր Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ էր ունեցել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ՝ Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի հիմնական զեկուցող, Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բեսեսկուի և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ:
«168 Ժամի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշեց, թե որպես ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկված պատգամավոր՝ կարող է ասել, որ վաղուց է տեղյակ այս այցի մասին, և այդ ընթացքում այցի կայացման օրերն էին հստակեցվում:
Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս առաջ այս այցի օրերն արդեն պարզ էին: «Այդ այցը նախապես պլանավորված էր հստակ օրակարգով, և ես կարծում եմ, որ զավեշտալի է փորձել մտածել, թե դա պետք է հակադրել Սերժ Սարգսյանի այցերին: Վարչապետի այցի օրակարգը Բրյուսել ներառում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետ կապված հստակ դրույթներ: Ես անձամբ այդ այցի մասին տեղյակ էի շատ ավելի վաղ: Այցը կարևոր է թե ՀՀ-ԵՄ հարաբերությունների, թե Հայաստանում ընթացող զարգացումները մեր եվրոպացի գործընկերներին ներկայացնելու և դրա հետ կապված իրենց դիրքորոշումների առնչությամբ հստակեցումների հետ կապված: Ընդհանուր առմամբ սա է»,- ասաց Հայրապետյանը:
Նրա խոսքով, այցը որևէ կերպ չի ազդում իշխող ուժի իրականացրած քարոզարշավի վրա: Պատգամավորի փոխանցմամբ՝ այցը մեկ օր է տևել, իսկ քարոզարշավը պաշտոնապես վարչապետի մասնակցությամբ մեկնարկում է այսօր՝ մարտի 10-ին, և այսօր նա արդեն լինելու է ՀՀ-ում:
Ի դեպ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով ևս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չի ունեցել Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցի մասին, եթե նույնիսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այդ այցը քննարկվել է, ապա ինքն այդ մասին տեղյակ չէ:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այցի գլխավոր նպատակն էր՝ փորձել եվրոպացիների աչքերում «սվաղել իշխանության սխալները, բացթողումները և հարձակումները» Սահմանադրական դատարանի և սահմանադրական կարգի նկատմամբ: «Մենք ականատեսը դարձանք, որ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն չխնդրեցին, արհամարհեցին Վենետիկի հանձնաժողովի գնահատականը: Ակնհայտ էր, որ բազմաթիվ հարցերում հակասահմանադրական և հակաօրինական գործընթաց է, ուստի պետք է փորձեն հիմնավորումներ տալ տեղի ունեցողին, ինչը չափազանց դժվար գործ է»,- նման կարծիք հայտնեց Շարմազանովը:
Նա նշեց, թե չի կարծում, որ Փաշինյանը վերջին պահին է իմացել, որ նախատեսվում է Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, քանի որ փաստաբանները դիմել էին դատարան, որպեսզի թույլտվություն ստանան Սերժ Սարգսյանի՝ երկրից մեկնելու վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ պատճառներից մեկը կարող է լինել նրա անհանգստությունը ՀՀԿ ղեկավարի և ՀՀԿ ներկայացուցիչների՝ եվրոպական կառույցներում ունեցած հանդիպումներից, Տուսկի հետ հանդիպումից, ավելին, կարծեմ՝ նրանք շատ լավ գիտեն, մամուլում ևս հրապարակվեց, որ հանդիպումները դրանով չեն սահմանափակվել, այցն ունեցել է բավականին լայն օրակարգ, և որքան էլ Փաշինյանը երկու տարի խոսում է, որ ՀՀԿ-ն չկա, ՀՀԿ-ն գոյություն չունի, ակնհայտ է, որ նրան անհանգստացնում է ՀՀԿ-ի հագեցած միջազգային ու եվրոպական օրակարգը»,- ասաց Շարմազանովը: