«Հետաքրքրաշարժ իրավագիտություն, Ինչպես ճիշտ հասկանալ օրենքները… Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար»

Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքրաշարժ իրավագիտություն, Ինչպես ճիշտ հասկանալ օրենքները…

Համառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համար

Երբ օրենսդիրն օրենքում ամրագրում է, օրինակ, «Արգելվում է երկու հոգով մի հեծանիվ վարելը», ապա գոնե միջին մակարդակի իրավաբանն այս դրույթը կհասկանա այն իմաստով, որ արգելվում է մի հեծանիվ վարել նաև երեք, չորս, հինգ ․․․ հոգով։ Միջինից ցածր մակարդակի իրավաբանը նշված դրույթը կհասկանա տառացի, այն է՝ արգելվում է մի հեծանիվ վարել ՄԻԱՅՆ երկու հոգով, իսկ երեք, չորս, հինգ ․․․ հոգով մի հեծանիվ վարել կարելի է, որովհետև օրենսդիրը դա չի արգելել, նա արգելել է միայն երկուսով մի հեծանիվ վարելը։

Ոչ իրավաբանները բնականաբար շատ կզարմանան, թե ինչպես կարող է այսքան պարզ հայերեն միտքը տարակարծությունների տեղիք տալ։ Չէ որ ամեն ինչ պարզ գրված է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի երկու տարբեր իրավաբաններ միևնույն միտքը տարբեր կերպ ընկալեն։

Իրենց հարցի պատասխանն ստանալու համար ոչ իրավաբանները պետք է իմանան ընդամենը հետևյալը։ Օրենսդիրը յուրաքանչյուր իրավակարգավորում նախատեսում է միշտ մի ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՈՎ։ Իր կարգավորումների միջոցով օրենսդիրը միշտ ձգտում է ինչ-որ նպատակի։ Չկան և չեն կարող լինել ուղղակի հենց էնպես, աննպատակ իրավանորմեր։ Հետևաբար, իրավանորմի իմաստը ճիշտ հասկանալու համար անխուսափելիորեն պետք է պարզել նրա նպատակը՝ ինչո՞ւ է օրենսդիրը սահմանել այդ նորմը։

Եթե իմ ոչ իրավաբան ընկերներին հարցնեմ, թե բերված նորմի նպատակը որն է, ապա նրանք հաստատ կպատասխանեն՝ անվտանգության ապահովումը։ Չէ որ երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է ոչ միայն հեծանվորդների, այլ նաև երթևեկության մյուս մասնակիցների կյանքի ու առողջության ու ընդհանրապես երթևեկության անվտանգության համար։ Ով երբևէ մեկ ուրիշի հետ մի հեծանիվ վարել է, գիտի, որ այդպես հեծանիվ վարելն անշուշտ ավելի դժվար է, հեծանիվն ավելի շատ է ճոճվում, ու շուռ գալու վտանգն ավելի մեծ է։

Գոնե միջին մակարդակի իրավաբանը գիտակցում է նորմի այս նպատակը և նորմին նայում նրա նպատակի լույսի ներքո։ Եվ նա կբացատրի՝ եթե երկու հոգով մի հեծանիվ վարելը վտանգավոր է, ապա առավել ևս վտանգավոր է երկուսից ավել հոգով մի հեծանիվ վարելը։ Ուստի արգելված է նաև երեք, չորս․․․ հոգով մի հեծանիվ վարելը, թեև օրենսդիրն այդ մասին ոչինչ չի ասել։ Անգամ եթե նա չկարողանա գիտականորեն բացատրել, թե ինչ կանոնների հիման վրա նա հանգեց նման եզրակացության, միևնույն է նրա ընկալումը ճիշտ է։

Գիտական բացատրությունը կտա միջինից բարձր մակարդակի իրավաբանը։ Նա կբացատրի, որ իր գործընկեր միջին մակարդակի իրավաբանի եզրակացությունը բխում է argumentum a fortiori տրամաբանական հետևությունից, որը հայերենում արտահայտվում է «Եթե արդեն․․․, ապա առավել ևս․․․» ձևակերպմամբ։ «ԵԹԵ ԱՐԴԵՆ արգելված է երկուսով մի հեծանիվ վարելը (որովհետև դա վտանգավոր է), ԱՊԱ ԱՌԱՎԵԼ ԵՎՍ պիտի արգելված լինի երեք, չորս, հինգ․․․ հոգով մի հեծանիվ վարելը (որովհետև դա է՛լ ավելի վտանգավոր է)»։

Իսկ բարձրակարգ իրավաբանը կավելացնի, որ նշված հետևությունը argumentum a fortiori-ի ընդամենը մի ենթատեսակն է՝ argumentum a minore ad maius ( = եզրակացություն ավելի փոքրից դեպի ավելի մեծը)»։

ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՆԱԼ ՕՐԵՆՔՆԵՐԸՀամառոտ ուղեցույց ոչ իրավաբանների համարԵրբ օրենսդիրն…

Gepostet von Gor Hovhannisyan am Dienstag, 25. Februar 2020

Տեսանյութեր

Լրահոս