
42-ամյա տղամարդը գեղեցկության սրահից բջջային հեռախոս է գողացել. նա ձերբակալվել է

Դեկտեմբերի 23-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում գտնվող գեղեցկության սրահից գողացել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 300 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Կոշ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը: Նա Աշտարակ քաղաքում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գողացված բջջային հեռախոսը:
42-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: