
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենցիա. ՆԳՆ

Նախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելիս, պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։
Քայլերի հաջորդականությունը հետևյալն է․
1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար,
2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։
3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։
Հորդորում ենք հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։
ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ: