Բաժիններ՝

«Ատկատի դրույքաչափն» իջե՞լ է

Ինչպես կասեր ավագ գործընկերներիցս մեկը` տնտեսական շաբաթն ակտիվ է սկսվել: Իսկ ակտիվությունն ապահովել է Վերահսկիչ պալատը` 2011թ. իր հաշվետվությամբ, որում առանձին տեղ է գրավում շինարարության ոլորտը:

ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ելույթ ունենալով ԱԺ-ում, ասել էր. «Շինարարության ոլորտում Վերահսկիչ պալատն արձանագրել է բազմաբնույթ խախտումներ և թերություններ, որոնցից առավել հատկանշական են` ծավալային հավելագրումներ, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ, նախագծային ընկերությունների կողմից կազմվում են անորակ նախագծեր և այլն: ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ընտրանքային կարգով ստուգված 10 կրթական օբյեկտներում` 707 միլիոն 850 հազար դրամ ընդհանուր գումարով կատարված շինարարության, հիմնանորոգման և նախագծային աշխատանքներում հայտնաբերվել է անորակ և վերականգնման ենթակա 52 միլիոն 197 հազար դրամի գումարի չափով խախտում։

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամում ընտրանքային կարգով 16 օբյեկտներում իրականացրած 510 միլիոն 200 հազար դրամի հիմնանորոգման-շինարարական աշխատանքների ստուգման արդյունքում արձանագրվել է 32 միլիոն 932 հազար դրամի անորակ և վերականգնման ենթակա գումարի չափով խախտում»:

Փորձենք մի փոքր հաշվարկ կատարել: Այսպես, ՎՊ-ն ընտրանքային կարգով ստուգումներ է իրականացրել 16 օբյեկտներում, որոնց շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 218 միլիոն դրամ։ Խախտումների ընդհանուր ծավալը կազմել է 85 միլիոն դրամ։ Ստացվում է, որ խախտումների և վերականգնման ենթակա գումարը կազմում է շինարարության արժեքի մոտավորապես 7%-ը: Հիշենք այս թիվը:

Հիմա երեք տարով ետ գնանք: 2009թ. հոկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսում էր շինարարության ոլորտի խնդիրների մասին, մասնավորապես, պետական միջոցներով իրականացվող շինարարության մեջ «ատկատների» մեխանիզմի մասին: «Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթներից, որ շինարարների միջավայրում ձևավորվել են: «Ատկատների» մասին է խոսքը…»,- բառացիորեն ասել էր վարչապետը` դիմելով տրանսպորտի և կապի այն ժամանակվա նախարար` ՕԵԿ-ական Գուրգեն Սարգսյանին:

Վարչապետը զայրացել էր, երբ ծանոթացել էր Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքներին: Հայաստանում 26 ավտոճանապարհներ նորոգելու համար Ռուսաստանի տրամադրած 500 միլիոն դոլարի վարկից հատկացվել էր 6.8 միլիարդ դրամ: Սակայն ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ այդ աշխատանքը կատարելու համար բավարար է 5 միլիարդ դրամը: 1.8 միլիարդ դրամը հավելագրում էր, կամ, ավելի պարզ ասած` «ատկատը»: 1.8 միլիարդը 6.8 միլիարդի 26 տոկոսն է կազմում: Այսինքն` ճանապարհաշինության ոլորտում շինարարության 2009 թվականի «ատկատի» դրուքաչափը մեկ քառորդ էր:

Թե ինչպե՞ս էր այնպես ստացվել, որ ողջ կյանքը Հայաստանում ապրած և աշխատած Տիգրան Սարգսյանը միայն 2009թ. իմացավ «ատկատների» մասին, այլ հարց է։
Մենք վերադառնանք բուն թվերին։ Համեմատենք այս թիվը վերը նշված 7%-ի հետ: Առաջին միտքը, որ ծագում է, հետևյալն է` վարչապետի 3 տարի առաջվա ելույթի արդյունքում «ատկատների» մեխանիզմը չի վերացել, սակայն դրույքաչափը զգալիորեն կրճատվել է: Այլ կերպ ասած` սկսել են ավելի համեստ «մսխել». եթե նախկինում 1000 դոլարից գրպանում էին 260 դոլարը, այժմ բավարարվում են 70 դոլարով:

Սակայն, կրկնում ենք` սա առաջին միտքն է: Երկրորդ միտքն արդեն այն է, որ ատկատների չափերը տարբերվում են թե՛ ըստ ոլորտների, թե՛ նույն ոլորտի կառուցվածքում` ըստ հատվածների: Օրինակ` հայտնի բան է, որ տնտեսության մեջ ամենից շատ գումարներ գրպանվում են շինարարության ոլորտում: Սակայն նույն շինարարության մեջ էլ տարբերություններ կան.

ճանապարհաշինարարությունն ամենից հարմար «ուտվող» ոլորտներից մեկն է: Դրա ապացույցը նույն ճանապարհի նույն հատվածի` ամեն տարի կրկնվող «կապիտալ» վերանորոգումն է ու դրա անմխիթար վիճակը` առաջին ձմեռն անցնելուց հետո։
Այսինքն` դժվար է միանշանակ պնդել, որ պետության փողերը գրպանողների ախորժակը հաջողվել է զսպել: Նաև` չի կարելի մոռանալ, որ սրանք ընդամենը պաշտոնական թվեր են։ Իրականում մասնավոր զրույցներում այնպիսի թվեր են շրջանառվում, որ ուղղակի սարսափում ես: Օրինակ` լավ ծանոթ ունենալու դեպքում 50 դրամանոց գրիչը հնարավոր է պետական գերատեսչության վրա «սաղացնել» 120 դրամով, գերշահույթն էլ կիսվել միջնորդի հետ` 70-30 հարաբերակցությամբ։

Եթե անգամ ընդունենք, որ շինարարության ոլորտում ատկատի չափն ընդամենը 7% է (ինչը ծիծաղելի ցածր թիվ) է, ապա, միևնույն է` գրպանված գումարները աստղաբաշխական մեծություն են կազմում։ Օրինակ, 2011 միայն պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալը կազմել է 10.7 միլիարդ դրամ: Եվս 9.9 միլիարդ դրամի շինարարություն իրականացվել է համայնքների հաշվին (ինչը կրկին հարկատուների միջոցներով է): Ստացվում է` 20.6 միլիարդ դրամի շինարարություն, որն իրականացվել է պետական մրցույթների արատավոր ավանդույթներին համահունչ: Այդ գումարի 7%-ը կազմում է 1 միլիարդ 440 միլիոն դրամ: 3.5 միլիոն դոլար:

Այսինքն` ամենահամեստ հաշվարկներով հարկատուների գումարներից 3.5 միլիոն դոլար գնացել է մի խումբ մարդկանց գրպանը` միայն շինարարության, այն էլ` միայն պետական շինարարության ոլորտում: Սրան էլ գումարենք միջազգային վարկերի և մարդասիրական օգնության հաշվին իրականացվող շինարարությունը և պարզ կդառնա, թե ինչու է մարդկանց մի մասն ամիսը մեկ թարմացնում ավտոպարկը, մյուս մասը` արտագաղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս