«Պետք է մշակել այնպիսի մեխանիզմներ, գործողություններ, որոնք ապահովելու են լայնամասշտաբ, բազմաշերտ և բազմակողմանի անվտանգություն այն ժողովրդի համար, որն ինքնորոշվել է». Մարգարով

Փետրվարի 15-ին Մյունխենում տեղի ունեցավ Արցախի հիմնահարցին նվիրված  քննարկում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Սա, ըստ էության, նման ձևաչափով ԼՂ հակամարտությանն առնչվող առաջին քննարկումն էր՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է ընտրվել այս ձևաչափը. եթե խոսքն ընդամենը կողմերի դիրքորոշումների ներկայացման մասին է, ապա հասկանալի է, եթե խնդիր ունեին առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում, դա դժվար թե կարելի է ակնկալել:

«Իսկ հանդիպման ժամանակ կողմերը, ըստ էության, նշեցին այն հիմնական թեզիսները, որոնց միջոցով պաշտպանում են իրենց դիրքորոշումները: Ադրբեջանական պատմական ակնարկն այնքան էլ հաջող փորձ չէր, մյուս կողմից՝ հայկական դիրքորոշման մեջ գուցե կարելի էր ավելի շեշտադրել այնպիսի դրույթը, ինչպիսին է՝ կարգավորում ինքնորոշման սկզբունքով: Դրականից կարելի է նշել այն, որ մենք կարողացանք հակահարձակում կազմակերպել և շեշտել այն, որ ամբողջ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և չունի ռազմական լուծում»,-նշեց Մարգարովը՝ հավելելով, որ հերթական անգամ հաստատվեց՝ կողմերի դիրքորոշումները հատման կետեր չունեն, և եթե ուզում ենք գործընթացը տանել կառուցողական դաշտ, ապա նախևառաջ այդ հատման կետերը պիտի գտնվեն:

«Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը չի տեսնում այն մոտեցումները, որտեղ կարող ենք ունենալ դիրքորոշումների համընկնում կարգավորման համար: Եվս մեկ անգամ բյուրեղացվեց այն փաստը, որ կողմերն ունեն իրենց սեփական դիրքորոշումները՝ խնդրի կարգավորման, իսկ միջնորդի ինստիտուտը պիտի աշխատի կողմերի հետ՝ սկզբունքների մշակման և խնդրի կարգավորման ուղղությամբ»,- ասաց քաղաքագետը:

Մեր հարցին, թե այս դեպքում որքանո՞վ է տեղին վարչապետի կողմից անընդհատ առաջ տարվող այն թեզը, որ պետք է գտնել մի լուծում, որն ընդունելի կլինի Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար, հատկապես, երբ ինքներս չունենք հստակ գծագիր՝ ինչպես ենք դա պատկերացնում, Ալեքսանդր Մարգարովն ակնարկեց, թե սրա տակ կարելի է հասկանալ այն, որ Արցախի համար չենք պատկերացնում ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր կա, այսինքն՝ չճանաչված պետությունից պիտի անցում կատարվի ճանաչվածի:

«Բայց ասել, որ այսօր կա մի տարբերակ, որը կարող է ընդունելի լինել կողմերի համար, ըստ իս՝ բարդ է: Բանակցային գործընթացը պետք է ուղղված լինի նրան, որ մշակվի մի լուծում, որին համաձայնելու են հակամարտության բոլոր կողմերը, և մեր դեպքում, առաջին հերթին՝ Արցախը, որը կոնֆլիկտի անմիջական կողմն է»,- նշեց Մարգարովը:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը», և, թե արդյոք անցքեր թողնո՞ւմ ենք միջազգային անվտանգային երաշխիքի համար», Մարգարովը հիշեցրեց.

«Մենք միշտ շեշտը տարածքի վրա չենք դրել, դրել ենք ժողովրդի ինքնորոշման վրա: Սա ասում եմ՝ ինչ եղել է, և այս՝ ինքնորոշման իրավունքի վրա շեշտադրումը հաստատվել է Արցախում և ՀՀ-ում՝ որպես օժանդակող պետություն: Սկզբունքների մշակման և հարցի վերջնական կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որն անվտանգային գոտու տիրույթում է: Այսինքն՝ պետք է մշակել այնպիսի ընթացակարգեր, մեխանիզմներ, գործողություններ, որոնք ապահովելու են լայնամասշտաբ, բազմաշերտ և բազմակողմանի անվտանգություն այն ժողովրդի համար, որն ինքնորոշվել է»:

Այս համատեքստում քաղաքագետն ակնարկեց, որ գործող իշխանությունները ԼՂ հարցում իրենց դիրքորոշումը, ասելիքը պետք է լրացնեն նախկինում եղած որոշ թեզերով, խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի վերահաստատման խնդրին, թեպետ լատենտ դա առկա է:

Տեսանյութեր

Լրահոս