Սաֆարովի հարցը մտնում է Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձևերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաև Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պահպանողական խմբակցությունը մտահոգություն է հայտնում մարդասպան Սաֆարովին Բաքվում հերոսացնելու, նրան մայորի կոչում շնորհելու, 8 տարվա աշխատավարձը վճարելու կապակցությամբ: Պահպանողականները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են անում ներգրավված մնալ բանակցային գործընթացում:

Սոցիալիստների խմբակցությունը իր նախագծում մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից մարդասպանին ներում շնորհելու կապացությամբ, որը դատապարտվել էր Եվրամիության անդամ երկրի արդարադատության կողմից, շեշտում է օրենքի գերակայությունը և հանձնառությունները հարգելու կարևորությունը:

Պահպանողականները նաև նշում են, որ այս խնդիրը կարող է ռիսկի տակ դնել Արևելյան գործընկերության օրակարգի իրականացման առաջընթացի ապագան:

Կարդացեք նաև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել, խուսափել սադրիչ հռետորաբանությունից և այլ գործողությունններից, որոնք կարող են սրել լարվածությունը, հանգեցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմանը:

Աջ կենտրոնամետ, Եվրախորհրդարանում ամենամեծ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը ևս իր նախագծում մտահոգություն է հայտնում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Ալիևի որոշման կապակցությամբ, նշելով, որ այն կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով առկա լարվածության սրացմանը, անարդարության զգացողության ընդլայնմանը: Խմբակցությունը իր նախագծում հույս է հայտնում, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները ձեռնպահ կմնան հաշտեցմանը խոչընդոտող գործողություններից:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը մտահոգություն է հայտնում, որ դատապարտված մարդասպանին Ադրբեջանում նման ընդունելություն ցույց տալը կարող է օրինակ ծառայել ապագա սերունդների համար:

Նշվում է, թե 2001 թվականին Հայաստանը ներում շնորհեց Ֆրանսիայից Հայաստան փոխադրված Վարուժան Կարապետյանին, որը ահաբեկչության համար 1985 թվականին Ֆրանսիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման։

Խմբակցությունը իր նախագծում հաշվի առնելով, որ Հայաստանի կողմից զգայական արձագանքներն ու գործողությունները կարող են չնպաստել երկարատև խաղաղ լուծման ձեռքբերմանը, հանդարտության կոչ է անում:

Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արվում ուժեղացնել ջանքերը` հաշտեցնելու համար երկու երկրներին:

Կանաչների խմբակցությունը նշում է, որ ներում է շնորհվել ու ազգային հերոսի պես մեծարվել է Ռամիլ Սաֆարովը, ով հանցագործություն է կատարել ազգային պատկանելիության դրդապատճառով:

Խմբակցությունը Հունգարիայի իշխանություններին կոչ է անում պաշտոնական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի ադրբեջանցի գործընկերները լիարժեք հարգեն իրենց հանձնառությունները, ինչպես նաև բացատրություն տան, թե ինչու են խախտել տրված հանձնառությունները:

Լիբերալների ու ժողովրդավարների խմբակցությունը իր նախագծում մտահոգություն հայտնելով ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և զինվորական առաջխաղացման կապակցությամբ, շեշտադրում է, որ նման քայերը խարխլում են արդարադատությունը և օրենքի գերակայությունը հարգելու Ադրբեջանի պարտավորությունները:

Այս բոլոր հինգ խմբակցությունների նախագծերը ի մի են բերվելու, և հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը մեկ ընդհանուր բանաձև է ընդունելու:

Տեսանյութեր

Լրահոս