«Չպետք է «վարչապետ» և «ժողովրդավարություն» բառերի միջև հավասարության նշան դնել». Դավիթ Հարությունյան

Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ գերխնդրի լուծման համար իշխանությունը մարդկանց ստիպում է անել հապճեպ և չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ կառաջացնեն Հայաստանի համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է եվրոպական կառույցների, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումներն անտեսելուն, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց՝ եվրոպական կառույցներին անդամակցելը ենթադրում է խաղի որոշակի կանոններ, որոնք չպահպանելը, անշուշտ, սասանելու է մեր երկրի հեղինակությունը:

«Բայց կարծում եմ, որ ամենալուրջ խնդիրը դա չէ, քանի որ, եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պետք է գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, սա հղի է այնքան լուրջ վտանգներով, որ մենք կարող ենք անգամ չգիտակցել: Եթե հանրաքվեն պսակվեց նրանով, որ ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, և նշանակվեն նոր դատավորներ, մենք տասնամյակներ ճաշակելու ենք դրա բացասական արդյունքը։ Նոր դատավորները նշանակվում են 12 տարով, և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ դարձյալ ընտրված այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից: Դուք չեք գտնի աշխարհում որևէ մի դատարան, որի կազմը ամբողջությամբ միանգամից փոխվում է: Չեք գտնի, քանի որ դա ստեղծում է ոչ միայն անկայունություն, որ գալիս են ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձինք, այլ դատական իշխանության առանձնահատկությունն այն է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում: Նրանք երբեք միանգամից չեն նշանակվում, որ կարողանան ապահովել բալանսավորումը»,- մանրամասնեց Հարությունյանը:

168.am-ի հարցին՝ ՍԴ ներկա անդամները Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու ի՞նչ հնարավորություններ ունեն, ինչպես նաև՝ փոխհատուցման նշանակման դեպքում ի՞նչ չափի ֆինանսական բեռի մասին կարող է խոսք լինել, արդարադատության նախկին նախարարը պատասխանեց՝ ՍԴ դատավորների՝ Եվրոպական դատարան դիմելու և հաղթելու հնարավորությունները մեծ են։

«Բայց մեր խնդիրն այն չէ, որ պետությունը պարտվի կամ հաղթի Եվրոպական դատարանում: Պարտվում է պետությունը, որովհետև գնում է հակասահմանադրական ճանապարհով: Իհարկե, շատ կանխատեսելի է, թե ինչպիսին կլինի Եվրոպական դատարանի դիրքորոշումը, բայց դա ամենակարևորը չէ, կրկնում եմ: Պետությունը պարտվելու է ոչ թե Եվրոպական դատարանում, այլ պարտվում է իր ապագան»,- ասաց նա։

Մեր հարցին, թե եվրոպական կառույցների առջև ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում ի՞նչ խնդիրներ է ունենալու պետությունը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությունը՝ այս կամ այն արտաքին հարցերի առաջմղման ժամանակ, հատկապես, երբ հնչում են կարծիքներ (Արսեն Խառատյան:- հեղ.), թե ԵԺԿ անդամ եվրոպական կուսակցությունները կոռուպցիոներներ են, ուստիև լեզու են գտնում ՀՀԿ-ի հետ, Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք, անշուշտ, լուրջ խնդիրներ կունենանք, քանի որ այս ճանապարհով գնալն անթույլատրելի է: Արտաքին քաղաքականությունը հետաքրքիր ոլորտ է, և շատ հաճախ ձեռնտու է, որ դիմացինդ թույլ լինի: Սա մեր դիրքերը թուլացնելու է արտաքին քաղաքականության առումով, և ինչքան ուզում ես՝ հոխորտա, թե եվրոպական կուսակցությունները, Վենետիկի հանձնաժողովը կաշառված են, և բոլորը, որոնք քո մասին մի դիրքորոշում են արտահայտում: Դա ամենևին չի օգնում, այլ ավելի խորացնում է վիճակը և ավելի թույլ վիճակում դնում ՀՀ-ին»:

Նախկին պաշտոնյան ընդգծեց՝ Փաշինյանը չպետք է «վարչապետ» և «ժողովրդավարություն» բառերի միջև հավասարության նշան դնի. եթե մեկն իր հետ համաձայն չէ, ուրեմն՝ հակաժողովրդական է:

Տեսանյութեր

Լրահոս