ՏԻՄ ընտրություններն «ԱԺ ընտրությունների ավելի փոքր մանրակերտն էր»
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 5 մարզերի` Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի 482 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարի մեջ էր 716 թեկնածու. Արարատի մարզում` 129 թեկնածու, Արմավիրում` 103, Լոռիում` 166, Շիրակում` 174, Սյունիքում` 144 թեկնածու:
Քաղաքապետի ընտրություններ են տեղի ունեցել Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ, Վեդի, Մասիս, Մեծամոր, Էջմիածին, Գյումրի, Արթիկ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ քաղաքներում:
Նշված հինգ մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել 218-ը, ավագանու անդամների 4251 թեկնածուներից` 166-ը: Քաղաքապետի պաշտոնների բաշխվածությունը, ինչպես հայտնի է` մեծամասամբ կատարվել էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Ընդ որում` որոշ քաղաքներում, ինչպես, օրինակ, Սիսիանում` ՀՀԿ-ն հրապարակային աջակցում էր ԲՀԿ-ական թեկնածու, Սիսիանի գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին` ի դեմս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի:
Եվ, ինչպես հայտնի է` մարզպետի ճնշումների հետևանքով` ընտրություններից 12 օր առաջ ինքնաբացարկի դիմում ներկայացրեց Կապանի գործող քաղաքապետ,ՀՅԴ-ական թեկնածու Արտուր Աթայանը, ով իր հայտարարության մեջ ընդգծել էր քաղաքում տիրող թշնամանքի մթնոլորտի մասին: Այդ ճնշումների արդյունքում Կապանում մնաց քաղաքապետի մեկ թեկնածու` ՀՀԿ-ական, «Հայփոստ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ում սատարում էր նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
ՀՀԿ-ն այս ընտրություններում պարտություն է կրել ընդամենը երկու քաղաքներում` Արթիկում և Մեղրիում: Մեղրիում քաղաքապետ է ընտրվել ոչ թե ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանը, այլ` անհատ ձեռներեց, անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ական քաղաքապետի, այսպես ասած` «անհաջողությունը», Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետը երեկ պատասխանեց. «Ինչո՞վ է պայմանավորված` իր աշխատանքով: Դե, փաստն էդպես է ցույց տալիս, որ Արշավիր Հովհաննիսյանի նկատմամբ ժողովրդի հարգանքն ավելի շատ էր: Ամեն մարդ պետք ա ինքն իրան աջակցի: Եթե 4 տարի չաշխատի, վերջին մի ամսվա մեջ էդ մարդը ո՞նց ընտրվի: Կարծում եմ, թե դա չի ստացվի: Դե, ես ինչքան էլ գոհ լինեմ, դժգոհ լինեմ, համենայնդեպս, ժողովուրդն է գնահատականը տալիս»: Իսկ հարցին, թե ՀՀԿ-ական լինելով` ինչո՞ւ չի աջակցել իր կուսակցին, վերջինս պատասխանեց.
«Ես Մեղրիի թեկնածուին սատարել եմ, բայց ժողովուրդն իրեն չի օգնել: Փորձը ցույց ա տալիս, որ ժողովուրդն ամենամեծ որոշողն ա, ու ինքն ա որոշում: Ժողովուրդը մշտապես իմաստուն ա: Ինքն ա որոշում, թե ո՞վ կլինի իր առաջնորդը, իր քաղաքապետը: Եվ կարծես թե դա այնպիսի խնդիր ա, որ ոչինչ անել չես կարող, քանի որ պետք է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, արածը գնահատել: Հիմա, փաստորեն, դա այնպիսի խնդիր է, որգ Մեղրիի քաղաքապետի աշխատանքն ինչքան էլ շատ ենք արել, ինչքան էլ նույնն ենք արել, ինչ Ագարակում և Մեղրիում, կարող եմ հստակ ասել, որ Մեղրիում մի քիչ ավելի շատ ա արված, բայց, քանի որ ժողովուրդն է որոշողը, գործող քաղաքապետին «ոչ» ասեց: Եվ կարծում եմ` ժողովրդի կամքին դեմ գնալը չի կարելի, երկրորդ հերթին չի կարելի»:
Ի պատասխան մարզպետի` ՀՀԿ-ական այլևս նախկին քաղաքապետն ասաց. «Մարզպետն ասաց` չե՞ք աշխատել, բնականաբար, չընտրվեցի՞… Դե, դա էլ ընդունեք չափանիշ: Էլ ես ոչ մի բան չեմ ասում»:
Ինչևէ, ընտրությունների արդյունքներից դժգոհ են թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ԲՀԿ-ում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ընտրախախտումներ են գրանցել նաև Մասիսում, և ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու պահանջով ԲՀԿ-ն դիմել է ԿԸՀ-ին:
Ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների` Մասիսում հաղթել է Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանը. նա ստացել է 5248 ձայն, իսկ վերջինիս ԲՀԿ-ական մրցակից Կարապետ Օհանյանը` 4698 ձայն: Հաղթած թեկնածուի և ԲՀԿ-ական պարտված թեկնածուի միջև ձայների տարբերությունը 550 է: Ն. Զոհրաբյանի գնահատմամբ` սեպտեմբերի 9-ի ընտրությունները «խորհրդարանական ընտրությունների ավելի փոքր մանրակերտն էր»: Խոսքն օքսիդացող դրոշմակնիքների, վարչական ռեսուրսի կիրառման մասին է:
«Տարօրինակ կերպով, չգիտես ինչու, ընտրությունների օրը մեր ընտրող քաղաքացիների մոտ սրվում է տեսողության խնդիրը, չգիտես ինչու, շատերն ընտրատեղամաս են մտնում երկու հոգու ուղեկցությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Ն. Զոհրաբյանը:
Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ՏԻՄ ընտրությունները գնահատեց Շիրակի մարզի Փարպի գյուղական համայնքի օրինակով, որտեղ, ի դեպ, թեկնածություն էր առաջադրել իր եղբայրը` Վարդան Մակեյանը:
«Փանիկ գյուղում ընտրություններն անցել են ուղիղ երևանյան ընտրություններին բնորոշ ոճով: Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը` «Օրինաց Երկիր» կուսակցության քվոտայով ներկայացված անձը, իր կրիմինալ հովանավորյալ, կրիմԻնալի օգնությամբ ընտրատարածքներում 12 ժամ անընդհատ պրովոկացիաներ է արել, սադրանքներ հրահրել, և երբ Վովա Գասպարյանը «պուպուշ-պուպուշ» ելույթներ է ունենում, թող փոխարենը ամեն մի հանցագործ ոստիկանի հետքը բռնի, ինչը գործում էր Արթիկի տարածաշրջանում:
Ոստիկանությունը քրեական տարրերի հետ համատեղ կատարել է ընտրություն»,- ասաց Պ. Մակեյանը: Իսկ հարցին, թե ՀԱԿ-ը պատրաստվո՞ւմ է բողոքարկել ընտրության արդյունքները, կամ արդյո՞ք արդյունքները վերահաշվարկելու պահանջով դիմել են ԿԸՀ, Պ. Մակեյանը պատասխանեց. «Բողոքարկումը վերահաշվարկի համար տրված է: 7 ձայնի տարբերությամբ իշխանության, ՕԵԿ-ի փչացած շերտը, որ այդտեղ տարածված էգ էդ Արթուր Բաղդասարյանն էդ կողմերից է փաստացի: Ընդ որում` երեք թեկնածու է եղել. երկուսը` բարձրագույն կրթությամբ, աշխատանքային փորձով: Հաղթող «Օրինաց Երկրինը»` կրթություն չունի, պրոֆեսիոնալ ալկաշ է և պատերազմի ժամանակ էլ փախած է եղել»: