«Որակական աճ, հավելյալ արժեքի ստեղծում չկա 7.8 % տնտեսական աճի մեջ». Վարդան Բոստանջյան

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի խոսքով՝ 2019-ին գրանցված 7.8 տոկոս տնտեսական աճը բոլորովին էլ աննախադեպ չէր: Տնտեսագետը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ամերիկյան «Time» շաբաթաթերթի անցյալ տարեվերջին հրապարակված հոդվածին, որում, տնտեսական աճով պայմանավորված՝ Հայաստանը որակել էին «Կովկասյան վագր», պնդեց՝ կենդանու ցատկն այնքան էլ բարձր չի եղել:

«2017-ի Հայաստանի  տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7 է եղել, 2019-ին 7.8 էր, այսինքն՝ «հեղափոխական վագրի թռիչքը» 0.1 տոկոսով էր ավելի, քան կոռուպցիոն Կառավարությանը: Պատկերացրիք, չէ՞, աննախադեպությունը: Եվ այդ աննախադեպությունը մեծապես վայելում է քաղաքական էլիտան՝ ի դեմս աշխատավարձերի, պարգևավճարների տեղատարափի, այսպես կոչված, բարեգործական հիմնադրամների: Ամեն մի փռշտոցը այժմ աննախադեպ է համարվում, նախկինների համեմատ՝ մեծ նվաճում:  Ստացվում է, որ նախկինում առհասարակ ոչինչ գոյություն չի ունեցել, հիմա ամեն շնչել-արտաշնչելը ձեռքբերում է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Ոչ ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների մաքսային տուրքերի բարձրացմամբ պայմանավորված՝ մինչև 2019-ի ավարտը Հայաստան ներկրվեց մոտ 200.000 մեքենա: Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ սրանով էր պայմանավորված, օրինակ՝ ներմուծման  10.8% աճը:

«Կարևոր խնդիր կա, որին պետությունը բավարար ուշադրություն չդարձրեց և կարգավորում չմտցրեց, բայց դրա անհրաժեշտությունը կար: Եթե պարզ դիտարկում անենք, բազմաթիվ մարդիկ կան, որոնք իրենց տներն են գրավադրել և վարկային ռեսուրսներով են այդ մեքենաները ներկրել: Այդ պարագայում ակնկալվող շահույթ պետք է ունենային, որ կարողանային եթե ոչ՝ մեծ եկամուտ ունենալ, ապա գոնե՝ իրենց վիճակն ավելի չվատանար»,- ասաց Ավետիսյանը:

Վարդան Բոստանջյանի կանխատեսմամբ՝ մեքենաների վաճառքի բիզնեսը 2020-ի ընթացքում վերանալու է: Նրա խոսքով՝ պետությանը շահույթ բերող բիզնեսի բացակայությունը կարող է վատ անդրադառնալ տնտեսության վրա:

«Մարդիկ, որոնք ստիպված  իրենց համար իբր բիզնես էին ստեղծել՝ որոշակի եկամուտներ ապահովելու կտրվածքով, այսօր «կոտրած տաշտակի» դիմաց են կանգնած բազմաթիվ առումներով՝ ինչպես մաքսազերծման և իրացման հարցում, այնպես էլ՝ քաղաքում մեքենաների շարժի առումով։ Փոքր թողունակության փողոցների պարագայում մենք ունենք ահավոր վիճակ»,- ասաց Բոստանջյանը:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.2%-ով, շինարարության ծավալն աճել է 4.6%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով, ծառայությունների ծավալի աճը կազմել է 15%: Իսկ ինչի՞ հաշվին են գրանցվել այս աճերը:

«Ծառայությունների ոլորտը, խոշոր առումով՝ զվարճանքի վայրերն ու խաղատներն են, այսինքն՝ բախտախնդրությունը դարձել է մեզ մոտ դոմինանտ՝ երկրի զարգացման առումով: Հասարակության մի զգալի զանգված բախտախնդրորեն ֆինանսական ռեսուրսները ներդնում է աջ ու ձախ, ստացվում է շրջանառության աճ, մի մասն էլ առևտուրն է, ստվերային ռեժիմում գտնվող շրջանառությունը բացահայտվեց: Սա բերեց տոկոսային աճի, բայց սրա մեջ որակական աճ, հավելյալ արժեքի ստեղծում չկա»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Ստվերի կրճատումը Բոստանջյանը ձեռքբերում համարում է, նրա խոսքով՝ ոլորտում պրոֆեսիոնալներ ունենք, միևնույն ժամանակ պնդում է՝ անգամ ամենազարգացած երկրներում կա 25 տոկոս թույլատրելի ստվեր: Թադևոս Ավետիսյանի պնդմամբ էլ՝ ստվերի կրճատման արդյունքում կորցնում ենք տնտեսության ներառականությունը, արդյունքում՝  սոցիալական խնդիրների առաջ ենք կագնում.

«Սոցիալական ազդեցությունն այս առումով գրեթե զրոյական է: 46.000-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, բայց բավականին մտահոգիչ է, որ միայն 1000-ն են նոր ստեղծված աշխատատեղեր»,- ասաց  Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս