Հասմիկ Կարապետյանը և Դեր Հովան նոր զուգերգ ունեն (լուսանկարներ)

Հասմիկ Կարապետյանը և Դեր Հովան նոր երգ են հանձնել հանդիսատեսի դատին: 168.am-ը զրուցեց Հասմիկ Կարապետյանի հետ, պարզելու, թե ի՞նչ էին հեղինակները ցանկանում «Անհնարը» երգի միջոցով փոխանցել հանդիսատեսին: 

Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը:

– Ես և Դեր Հովան երկար տարիների ընկերներ ենք: Բացի այդ, ունենք միանման երաժշտական ճաշակներ: Շատ բան եմ իրենից սովորել: Իմ և Դեր Հովայի առաջին համագործակցությունը եղել է «Քո սիրո դիմաց» երգը: Մի գեղեցիկ օր Դեր Հովան ինձ շատ անտարբեր տոնով ասաց, որ ցանկանում է համագործակցություն, զուգերգ  լինի: Նայեցի իրեն և … ականջներիս չհավատացի: Ինձ թվաց` կատակում է, բայց համաձայնվեցի:

Ի՞նչ ոճով եք այս անգամ հանդիսատեսին փոխանցել Ձեր ասելիքը:

Կարդացեք նաև

– Ամբողջ Եվրոպայում հիմա տարածված  է Dab Step ոճը: Այն մի քանի ոճերի  խառնուրդ է: Իր մեջ պարունակում է շատ հետաքրքիր տարրեր, որ դեռ մեր երկրում տարածված չեն:

Այդ նոր տարրերը, քո կարծիքով,  հասարակությունը կարո՞ղ է հեշտ ընդունել:

– Վստահ եմ, որ կարող է այս ոճը ճիշտ ընկալվել: Այն ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում, որպեսզի հանդիսատեսը չկարողանա ընկալել:

Ովքե՞ր են երգի հեղինակները:

– Գործիքավորումը և երաժշտական պռոդյուսինգը Դեր Հովայինն են: Երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ: Երգն իր մեջ ունի հոգեվիճակ: Փոխանցում է և՛ զգացմունք, և՛ պայքար, և՛ լարվածություն: Երևի դրա համար էլ այս երգն ինձ առավել հոգեհարազատ էր: Մենք շատ էինք մտածում, թե ում դիմենք տեսահոլովակի նկարահանման համար: Հարութը գուցե շատ տեսահոլովակներում է իր մասնակցությունն ունեցել, բայց առաջին անգամ է երգում: Վերջապես նախապատվությունը տվեցինք Սերժ Գաբյանին, ով իր ստեղծագործական թիմով կատարեց բոլոր անհրաժեշտ աշխատանքները:  Տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները տևեցին երկու ամիս, իսկ  նկարահանման աշխատանքները՝ մեկ օր:

Մեկ օրում տեսահոլովակ նկարահանելը որքանո՞վ է արդարացված: Մեկ օրը բավարա՞ր էր:

– Փորձը ցույց է տվել, որ եթե տեսահոլովակի վրա աշխատում են բանիմաց մարդիկ, ամեն բան էլ կարելի է հասցնել նույնիսկ մեկ օրում: Տեսահոլովակը լավը կամ վատը դառնում է մոնտաժի արդյունքում: Այնքան էլ շատ բան կախված չէ նկարահանման աշխատանքներից, որքան մոնտաժից:  Եթե օպերատորը և ռեժիսորը գիտեն` ինչ են ուզում, վստահ եմ, որ մեկ օրում ամեն բան էլ շատ ճիշտ կարելի է հասցնել:

Ի՞նչ էիք ցանկանում այս երգով և տեսահոլովակով  ասել հանդիսատեսին:

– Ակնկալում էինք խորհրդավոր և օրիգինալ բան ստեղծել, որն այդպես էլ եղավ: Երգն ունի ենթատեքստ, իր մեջ թաքնված անհասկանալի, միստիկ  իմաստ ունի:

ԱԻԴԱ ՂԱՐԻԲՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս