Ինչո՞ւ թիրախավորվեց «5-րդ ալիքի» սեփականատերը
Ապացուցված փաստ է, որ չկա քաղաքականություն՝ առանց ազատ խոսքի, և չկա քաղաքականություն՝ առանց այլակարծության։ Սակայն Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներն ու գործընթացներն ուղղակիորեն հակասում են նշված դրույթներին, քանի որ օրվա իշխանություններն ամեն ինչ անում են ամենուր ամեն ինչ աղճատելու ու պղծելու համար։
Այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում ՀՀ լրատվականների նկատմամբ իշխանությունների կողմից՝ դուրս է ժողովրդավարության նորմեր հռչակած կառավարության քաղաքականությունից։ Հատկանշական է, որ այս թեմայի հետ կապված՝ կառավարության վերջին նիստում իր պատկերացումները պարզ արտահայտեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ հստակ որակումներ ու պիտակավորումներ հնչեցնելով որոշ լրատվականների հասցեին։
Փաշինյանի խոսքից բացահայտ ատելություն ու քամահրանք էր ծորում, քանի որ այն հեգնանքը, որ նա արտահայտեց, վկայում էր այն մասին, որ մեդիատիրույթում տոտալ վերահսկողության նոր ալիք է սպասվում։
Պարզ է, որ գործող իշխանությունները հերթական գրոհն են սկսում ազատ խոսքի ու այլակարծության նկատմամբ։
Փաշինյանի՝ «հեռուստատեսությունների կոռուպցիոն լոգոների» մասին հայտնի արտահայտությունը, որին զուգահեռ՝ ԱԺ-ում տեղի ունեցան արհեստական օրակարգով ու անհասկանալի բովանդակությամբ լսումներ, վկայում է, որ այս իշխանություններն իրենց համար նոր օրակարգ են սահմանել՝ ամեն կերպ ճնշել ու սահմանափակել ազատ խոսքը։
Քննադատությունների ու սպառնալիքների ֆոնին կարևոր է դիտարկել այն փաստը, որ մոտ մեկ ամիս է, ինչ ապօրինի կալանքի տակ է պահվում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը, ում ձերբակալության հանգամանքը ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ Սա պայմանավորված է նրանով, որ ի տարբերություն իշխանությունների քմահաճույքներին տրված որոշ «ձեռնասուն» հեռուստաընկերությունների՝ Թավադյանին պատկանող լրատվամիջոցը ներկայացնում է Փաշինյանին ու նրա թիմին քննադատող և նրանց բացթողումներն ու ամենաթողությունները հանրությանը մատուցող տեղեկատվություն, որը, բնական է՝ տհաճ է «մեգավարչապետի» համար։
Այդ ամենն իշխանությունները մեկնաբանում են՝ որպես «ֆեյք-նյուզ», կամ ուղղակի «պատվերով», «նախկին իշխանություններին սպասարկող»: Այն, ինչ տեղի է ունենում Թավադյանի նկատմամբ, խոսում է ՀՀ-ում տիրող մամուլի անազատության, օր օրի լայն տարածում ստացող գրաքննության, ազատ խոսքի ոտնահարման և ԶԼՄ-ների նկատմամբ անհավասար դաշտի ապահովման մասին։ Ակնհայտ է, որ Արմեն Թավադյանի «գործը» Փաշինյանի իշխանության հերթական «կարված» գործերի շարքից է, երբ նախ տեղի է ունենում անձի ձերբակալությունը, հետո նոր միայն սկսում են փնտրել փաստեր և ապացույցներ։
Վստահաբար կարող ենք ընդգծել, որ, ըստ էության, գործի մասով չկա որևէ համոզիչ փաստ։
Հանուն արդարության՝ պետք է փաստել, որ «5-րդ ալիքը» Նիկոլ Փաշինյանի թիրախում էր դեռևս իշխանության գալու առաջին օրերին, դրա մասին նա ակնարկել է քանիցս, սակայն հարմար առիթ ու մեթոդ կարծես թե չէր կիրառվում, և ներկա փուլում որոշվել է ուղղակի ռեպրեսիվ մեթոդներով բացահայտ անհանդուրժողականության ֆոնին նախ ձերբակալել սեփականատիրոջը, ապա նաև ձեռնամուխ լինել հեռուստաընկերության հեռարձակման հարցով քայլեր կիրառելու գործին։
Պետք է փաստենք, որ Արմեն Թավադյանի նկատմամբ ներկայումս ընթանում է ընտրողական արդարադատության մեթոդը, և ողջ դատական գործընթացը, ինչպես բնորոշ է վերջին 20 ամիսներին, ընթանում է իշխանությունների քիմքին հաճելի ընթացքով։
Գրեթե ապացուցման կարիք չկա, որ այսօր մեր իրականության մեջ Փաշինյանն ուղղակիորեն ճնշումներ է իրականացնում դատական իշխանության վրա՝ այդ կերպ բացահայտ ոտնահարելով ու կաշկանդելով դատավորների՝ ազատ որոշում կայացնելու սահմանադրական իրավունքը։ Բոլորս ենք հիշում «ասֆալտին փռելու», «ԱԱԾ-ով սպառնալու» մասին հայտարարություններն ու «կա՞ մի դատավոր, որ իմ ասածը չանի» հայտնի արտահայտությունը, սրանք խոսում են այն մասին, թե ինչ օրհասական վիճակում է ՀՀ արդարադատության համակարգը։
Կարելի է վստահ ամրագրել, որ այն քաղաքական հետապնդումները, որը կիրառվում են գործող իշխանությունների կողմից մեդիայի նկատմամբ՝ ունենալու են բումերանգի էֆեկտ, և այդ էսկալացիան սուբլիմացիոն ռեակցիա է ունենալու։ Այլ խոսքով՝ այսօր ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներն ուղիղ ճանապարհ են՝ դեպի բռնապետություն։
Արթուր Գալստյան