Նիլ Արմսթրոնգը վերջին հանգրվանը կգտնի օվկիանոսում
Ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսթրոնգի մարմինը կամ մոխիրը կհանձնվի օվկիանոսին՝ Միացյալ Նահանգների ռազմածովային ավանդույթների համաձայն: Արարողությունը կանցկացվի բավական համեստ, այնպես, ինչպես փորձել է ապրել Լուսնի մակերևույթին առաջինը ոտք դրած մարդը:
Արարողության ամսաթիվն ու վայրը չի հաղորդվում: Նրա մարմինը կամ մոխիրը ջրին հանձնելուց հետո, կանցկացվի կրոնական ծիսակարգ, այնուհետև 7 հոգանոց դասակը 3 անգամ օդ կկրակի:
Ինչպես հիշեցնում է USA Today-ը, Վաշինգտոնի ազգային տաճարում սեպտեմբերի 13-ին կկայանա լեգենդար տիեզերագնացի հրաժեշտի արարողությունը:
Արմսթրոնգը մահացել էր օգոստոսի 25-ին, 82 տարեկան հասակում: Ինչպես հայտնել էր NBC News հեռուստաալիքը` վկայակոչելով տիեզերագնացի ընտանիքի հայտարարությանը, նրա մահվան պատճառ են դարձել սրտի վիրահատությունից հետո առաջացած բարդությունները: Նա սրտի վիրահատություն էր տարել օգոստոսի սկզբին: Այդ ժամանակ հաղորդվել էր, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: