«Այսօր ունենք մեկ վտանգ. դա աշնանացան ցորենի խնդիրն է». Հրաչ Բերբերյան
Ձմռան համար անսովոր տաք եղանակային պայմանների պատճառով առաջիկայում բերքի խնդիր չի լինի. «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հակադարձում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին: Վերջինը 2018-ի դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել էր, որ եղանակի տաքացմամբ պայմանավորված՝ գյուղատնտեսական ոլորտում կանխատեսումները լավատեսական չեն.
«Եղանակի տաքացումը շատ վատ է գյուղատնտեսության համար, որովհետև դա նշանակում է, որ բերքատվությունը իջնելու է մյուս տարի՝ կապված ջրի պակասի ու այլ խնդիրների հետ։ Ծառերը եթե հունվարին ծաղկեն, հետո էլ՝ փետրվարին, մարտին ցրտահարվելու են, դուք էլ կասեք՝ ինչո՞ւ է ծիրանի բերքը քիչ: Դա շատ վատ է, բայց, ցավոք սրտի, մենք դրա վրա չենք կարող ազդեցություն ունենալ»,- ասել էր Արտակ Քամալյանը:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսության շուրջ ստեղծված աժիոտաժն անհիմն է, հաճախ՝ ոլորտի չիմացության պատճառով: Մասնագետը կանխատեսում է գյուղատնտեսությանը սպառնացող միայն մեկ վտանգ:
«Որոշ պատասխանատու մարդիկ, կամ, ավելի ճիշտ, անպատասխանատու մարդիկ, աժիոտաժ են ստեղծել, թե բերքի վտանգ կա, նման բան չկա: Մենք այսօր ունենք մեկ վտանգ, դա աշնանացան ցորենի խնդիրն է: Դաշտերը ձյունով չեն ծածկվել, ինչը կբերի նրան, որ կունենանք այդ բերքի լուրջ կորուստ, դա կարող է լինել 30 տոկոս կամ ավելի: Երեկոյան ցուրտը արմատից պոկում է բույսը, ինչից հետո այն չորանում է, ձյան ծածկը կայուն ջերմաստիճան է ապահովում, և ունենում ենք երաշխավորված բերք: Սա լուրջ վտանգ է, առանց այդ էլ Կառավարությունը ոչինչ չարեց, որ աշնանացան ցորենի սերմացուն ժամանակին հասնի գյուղացուն, և ցանքատարածությունները պակասեցին: Հիմա էլ այս աղետը, որը կհարվածի ցորենի արտադրության քանակին»,- ասաց փորձագետը:
Այն պնդումները, թե ինչ-որ տեղ ծառեր են ծաղկել, Հրաչ Բերբերյանը «Գյուլնազ տատի հեքիաթներ» է որակում, ասում է՝ հնարավոր է, որ մի տեղ մի քանի ծառ ծաղկած լինի, կամ ընդհանուր այգիների կես տոկոսը, բայց դա մասշտաբային բնույթ չի կրում և չի կարող կրել.
«Արարատյան հարթավայրում այսօր երեկոյան -6-ից մինչև -8 է եղել: Եթե ծառը չի աշխատում, ինչպե՞ս կարող է բողբոջել, հետո էլ ցրտահարվել: Խորհուրդ կտամ այն մարդկանց, որոնք մեր բնագավառից հեռու են, իրենց ոլորտով զբաղվեն, եթե մասնագետ են: Ծառը ամբողջ գիշեր քնած է եղել, առավոտյան +2-ից +3 աստիճանի պարագայում ինչպե՞ս է սկսելու աշխատել: Էդ ո՞ր խելոքն է հայտարարել: Մասնագետ պետք լինել՝ հասկանալու համար: Ինչքան փողոցում քայլող կար, բերեցին գյուղատնտեսության մասնագետ սարքեցին, է հետո՞: Դրա համար էլ այս բնագավառը բերել-հասցրել են այս օրին»:
Անձյուն ձմեռը մեկ այլ խնդրի առաջ էլ կարող է կանգնեցնել, պնդում է փորձագետը, ջրամբարներն ամբողջությամբ չեն լցվի, բայց փորձը ցույց է տալիս, որ բնությունն այդ մասին հոգում է անձրևների միջոցով:
«Սարերում կուտակված ձյունը բավարար չէ ջրամբարները ջրով ապահովելու համար: Անցյալ տարի էլ գրեթե այս վիճակը կար, բայց մարտին այն քանակությամբ անձրևներ ունեցանք, որ ջրամբարները լցվեցին: Գյուղանտեսությունը ստույգ գիտություն է, դատարկ գլուխների համար չէ, ինչ ցանում, այն էլ հավաքում ես, եթե մոլախոտ ես ցանում, մոլախոտ էլ հավաքելու ես: Խնդիրները լուծելու համար առաջին հերթին պետք է դատարկագլուխներին շպրտել դուրս»,- ասաց փորձագետը:
Հրաչ Բերբերյանը գյուղացիներին խորհուրդ է տալիս հանգիստ անցնել իրենց գործին: Պնդում է՝ բերքն աշխատանքի արդյունք է, եթե հողը ոռոգովի է, ապա պետք է լուծել ոռոգման խնդիրը, ու անհանգստանալու ոչինչ չի լինի: Փորձագետը ոլորտի խնդիրների լուծման համար կարևոր տարբերակ է համարում ապահովագրական համակարգի ներդրումը, ասում է՝ գյուղատնտեսությունը ռիսկային արտադրություն է՝ բաց երկնքի տակ: