«Իշխանությունը չունի և չի ունենալու ողջ հասարակությանը մոբիլիզացնելու և ջրբաժանները վերացնելու օրակարգ». Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր երկրում ձևավորվել է երկու զուգահեռ քաղաքական իրականություն, որոնք միմյանց հաշվին են կարծես գոյատևում և կենսագործում: Այս երևույթին կարելի է տալ մեկ իրականությունում գոյություն ունեցող իշխանություն և մեկ այլ իրականությունում առկա ընդդիմություն, որոնք զուգահեռ իրականություններում են՝ չխաչվելով և չբախվելով: Նրանցից յուրաքանչյուրը կենսագործում և քաղաքական բովանդակություն է ստեղծում իրենց բնորոշ իրականություններում ապրողների և դրանց եղելություններին հավատացողների համար: Մեր հասարակությունը հայտնվել է այս երկու զուգահեռ աշխարհներում՝ զգալով ծայրաստիճան օտարվածության վնասները:
Քաղաքական հայտ ունեցող կամ չունեցող ընդդիմադիր ուժերը և անհատներն իրենց «սեփական» հանրույթների համար ստեղծում են իշխանությանը քննադատող և թուլացնող բովանդակություն, որն ամբողջովին սպառվում է սեփական լսարանի շրջանակներում: Ցավալին այն է, որ նույնիսկ ակնհայտ ճշմարտությունները դուրս չեն գալիս դրանից, այդպիսով չթողելով զուգահեռ իրականության վրա սպասված և ակնկալվող ազդեցությունը: Մյուս կողմից իշխանությունն իր իրականության մեջ անում է տառացիորեն նույն բանը՝ աշխատելով բացառապես իր ստեղծած իրականության սպառողների համար և փորձելով համապատասխանել և կյանքի կոչել նրանց ձգտումներն ու շահերը: Ցավալին այն է, որ դա ուղեկցվում է ատելությամբ և ջարդված «արդարությամբ»:
Այս երկու զուգահեռ իրականությունները քանակական առումով առայժմ համազոր չեն, բայց մեկը պայքարում և անում է ամեն բան, որ իր իրականությունը չնոսրանա, իսկ մյուսը՝ սպասում է իր շարքերի ընդլայնմանը, որը տեղի է ունենում իշխանության սխալների և խոտանների գիտակցման պատճառով:
Քանի դեռ իշխանական իրականության մեջ գերակայող է խուլ-համրը, դրա շահառուն ոչ միայն ընդդիմադիր իրականությունն է իր լոբբիստական ռեսուրսով, այլև՝ երկու զուգահեռ հայկական իրականությունները:
Երկուսն էլ հասցրել են ձևավորել փոխադարձ թշնամու կերպարներ՝ դրանց հասցրելով և ուռճացնելով սատանայացման աստիճանի, որոնց պետք է ոչնչացնել:
Իշխանությունը չունի և չի ունենալու ողջ հասարակությանը մոբիլիզացնելու և ջրբաժանները վերացնելու օրակարգ. մի սպասեք նրանից այդչափ խելամտություն: Նրանց լեգիտիմության կենարար քաղաքական ուժը միշտ լինելու է տարրանջատումը, հին ու նորի, ներկաների ու նախկինի, սև ու սպիտակի , հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանումը: Եթե կուզեք, ապա նաև դասակարգային պայքարը: Արդյունքում այս ֆորմուլան նույնպես մաշվելու է իր քաղաքական երկարակեցության սնանկության պատճառով: Քանզի իշխանական իրականության հիմքը շատ ուժեղ փչված և սեղմված օդով փուչիկն է, որի վրա դրված է ահռելի քաշով բեռ:
Վերջում ավելացնեմ ևս մեկ բան երկու զուգահեռ իրականությունների համար: Հարգելի՛ զուգահեռ իրականությունների լոբբիստներ կամ սևեր և սպիտակներ, դու՛ք միմյանց հետ կռվում էք նույն զենքերով, նույն տրամաբանությամբ և նույնիսկ նույն բառակազմով. մի տեղում՝ «ՊՈՂՈՍՆԵՐ», իսկ մեկ այլ տեղում՝ «ԶՈՄԲԻՆԵՐ», մի տեղում՝ «ՊԻՑԱՅԱԿԵՐՆԵՐ», իսկ մեկ այլ տեղում՝ «ՆԻԿՈԼԻ ՎԿԱՆԵՐ», մի տեղում՝ դեմոնիզացված «ՆԱԽԿԻՆՆԵՐ», իսկ մեկ այլ տեղում՝ «ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ՆՈՐԵՐ»: Սա նոնսենս է փոքր պետության և 4 սահման ունեցող երկրի համար, որից երկուսը փակ են, իսկ մյուս երկուսի փակումը ժամանակի հարց: Մենք կկարողանանք արդյունք ստեղծել և արժանապատիվ պետության նախադրյալներ ստեղծել, երբ կարողանանք վերացնել այս ահավոր փոխադարձ անտոգոնիզմ ունեցող իրականությունները:
P.S. Սա խաղաղասիրության կոչ չէ: Սա ռացիոնալիզմի կոչ է: Պետք է վերջ տալ մի զուգահեռ իրականության մեջ փոքրոգությանն ու նեղմտությանը, իսկ մյուսում՝ անհեռատեսությանն ու նույն հակադիր իրականության ակտորներից յուրաքանչյուր «փռշտոցի» քննադատությանը կամ, որ նույնն է այդ «փռշտոցների» գովազդին»: