Բաժիններ՝

Հարություն Մեսրոբյանը դադարեցրել է ՀԽ անդամակցությունը. «Բարոյական նկարագիրը պարտադիր է պետական պաշտոնի դեպքում». Ankakh.com

Անկախ-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, որը 2018 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել էր Հանրային խորհրդի անդամ, Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվելուց հետո դիմում է ներկայացրել վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

-Պարոն, Մեսրոբյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ դիմում եք ներկայացրել վարչապետին ՀԽ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ:

-Այո, ճիշտ է, այսօր դիմում եմ ներկայացրել՝ հայտնելով, որ դադարեցնում եմ անդամակցությունս Հանրային խորհրդին:

-Պատճառը Ստյոպա Սաֆարյանի նշանակո՞ւն է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Դուք մեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ եթե Ստյոպա Սաֆարյանը նշանակվի ՀԽ նախագահ, Դուք դուրս կգաք խորհրդից:

-Հանրային խորհրդում պետք է ներգարվվեն մարդիկ, որոնք բավարարում են առնվազն հետևյալ չափանիշներին՝ բարձր բարոյական նկարագիր, անցած ճանապարհի դրական փորձի առկայություն, իսկ ՀԽ նախագահի դեպքում այդ պահանջներն է՛լ ավելի են սաստկանում: Կարճ ասած՝ բարոյական նկարագիրը պարտադիր, իսկ փորձագիտական հմտությունները բավարար պայմաներ են: Ասեմ ավելին, բարոյական նկարագիրը պարտադիր է պետական պաշտոնի դեպքում, ընդհուպ մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ: Ես հերթական անգամ համոզվեցի, որ 1991 թվականից մինչ օրս և՛ մեր իշխանությունը, և՛ մեր ընդդիմությունը, և՛ մեր ժողովուրդը չեն ընկալում փորձագիտական կառավարման առավելությունները:

-Այսինքն Ստյոպա Սաֆարյանը չի՞ բավարարում այդ չափանիշներին:

-Ես անձնավորված բնութագրեր չեմ տալիս: Ընդհանրապես կառավարման մեջ վերլուծում են միայն փաստերը, պրոցեսները, երևույթներն ու միտումները:

-Կառավարության վերջին նիստում, որի ընթացքում նշանակվեց ՀԽ նոր նախագահ, վարչապետը խոսեց Հանրային խորհրդի մասին՝ նշելով, որ ունեցել է արդյունավետ խորհրդատվական մարմնի անհրաժեշտություն, բայց իրականությունը բոլորովին այլ է եղել: Նաև ասաց, որ սա ՀԽ-ի վերջին շանսն է ապացուցելու, որ որպես խորհրդատվական մարմին կարող է լինել արդյունավետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը:

-Քանի որ ես կառավարման փորձագետ եմ, ես պարտավոր եմ բնութագրել փաստացի քայլերը, այլ ոչ թե խոսքերը: Մենք ընդհանրապես մղոններով հեռու ենք փորձագիտական կառավարումից: Մինչդեռ իշխանություններին շատ ավելի են պետք փորձագետները, քան փորձագետներին՝ իշխանությունները: Հետևապես իշխանությունները նախ պետք է արժևորեն խորհրդատվությունը որպես երևույթ, ինչը 1991 թվականից չի արվում, որից հետո նոր խոսեն արդյունավետությունից: Միայն նման պայմաններում է խորհրդատվությունն արդյունավետ լինում:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ պետական և տեղական ինքնակառավարման համակարգերում որոշ խավի մոտ տեղի է ունենում աշխատավարձերի կտրուկ բարձրացում և պարգևատրումների տեղատարափ, և այս պայմաններում դժգոհել մի մարմնից, որտեղ անդամները ստանում են 0 դրամ, 0 լումա, առնվազն կոռեկտ չէ: Ի դեպ, վարչապետը դժգոհում է նաև պետական կառավարման համակարգից, բայց դրա լուծման բանալին մեկն է՝ նպատակաուղղված և հաշվենկատ կադրային քաղաքականություն կառավարման իմաստով: Այսինքն այն չափանիշները, որոնց մասին ես արդեն ասացի՝ բարձր բարոյականություն և այլն: Եթե կադրային քաղաքականության մեջ այդ սկզբունքները չեն պահպանվում, դրան հետևում է դժգոհությունը: 1991 թվականից բոլոր իշխանություններին բազմաթիվ պրակտիկ առաջարկություններ եմ արել, ընդհուպ մինչև մեթոդաբանություն: Երբ հերթական իշխանավորները հեռանում են իշխանությունից, հեռանալուց հետո է միայն իրենց մոտ առաջանում պայծառատեսություն և սկսում են իմ առաջարկների տարրերը բարձրաձայնել:

-Ի՞նչ եք կարծում, նոր նախագահի նշանակումից հետո Հանրային խորհրդի գործունեությունն ի՞նչ ընթացք կստանա:

-Կարծում եմ, որ ներքին մթնոլորտը կշիկանա, կլինեն նոր հրաժարականներ: Համենայնդեպս, բարոյահոգեբանական մթնոլորտը կտուժի, իսկ դա գոնե սկզբնական փուլում վտանգելու է Հանրային խորհրդի բնականոն աշխատանքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս