«Սա մեզ վախեցնելու, լռեցնելու փորձ է, կամ ոչ լեգալ խուզարկություն». Քնար Մանուկյան

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունից արժեքավոր իրեր չեն գողացել, սակայն դա դեռ փաստ չէ, որ օրաթերթը կորուստ չունի. լրագրողների հետ զրույցում պնդում է թերթի նախկին գլխավոր խմբագիր, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ այսօր գիշերն ինչ-որ անձինք մտել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և տակնուվրա արել այն: Թերթի  գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը դիմել էր ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Դեպքից ժամեր անց  Ոստիկանությունը խմբագրությունում էր: Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ, երբ առավոտյան աշխատակիցները եկել են խմբագրություն, դուռը փակ է եղել, այդ է պատճառը, որ կասկածում են, թե ենթադրյալ գողը մտել է պատուհանով կամ պատշգամբով, չնայած աշխատակիցները վստահեցնում են, որ դրանք նույնպես փակ են եղել: ԱԺ պատգամավորը կարծում է, որ տեղի ունեցածը նախազգուշացում է.

«Խմբագրություն որ մտնում ենք, տեսնում ենք, որ բոլոր դարակները բացված են, այսինքն՝ հնարավոր ամեն ինչ արված է, որ ինչ-որ բան փնտրեն, փնտրտուքը շատ խիստ և մանրակրկիտ է եղել, ձեռնոցով են աշխատել, չգիտեմ՝ ի՞նչ են գտել, խմբագրության աշխատակիցները հիմա չեն կարողանում ստուգել՝ իրենց իրերը տեղո՞ւմ են, թե՞ տեղում չեն: Արտաքուստ արժեք պարունակող իրերը չեն տարել, եթե գողություն լիներ, այս իրերը պետք է տանեին: Ես կարծում եմ, որ ինֆորմացիա են փնտրել, բայց փնտրելու այնպիսի ճանապարհ է ընտրված, որն իր մեջ պարունակում է զգուշացում: Սա համարում եմ զգուշացում և մարտահրավեր իրավապահ մարմիններին:  Սա շատ լուրջ, խոսքի ազատությանը վնասող խնդիր է»:

Խմբագրությունում տեղադրված տեսախցիկները ոչինչ չեն ֆիքսել,  բակի տեսախցիկը հանված էր: Թագուհի Թովմասյանը մտավախություն  հայտնեց, որ այսպիսի դեպքերը կարող են շարունակական լինել: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը բացառում է, որ խմբագրություն մտած անձը կամ անձինք  գողություն անելու  նպատակով են եկել:

«Տևական ժամանակ մեր լրատվամիջոցը եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Եթե սա գող էր, ապա դարակում գումար կար, թող տաներ, թանկարժեք իրեր են եղել, նոութբուքեր, համակարգիչներ,  թող մի իր տաներ, մեր կասկածները փարատեր, եթե դա չի անում, ապա մենք արդեն կասկածներ ունենք, որ սա մեր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, մեզ վախեցնելու, լռեցնելու փորձ է, կամ ոչ լեգալ խուզարկություն»,- ասաց Քնար Մանուկյանը:

Օրերս նրան կրկին հարցաքննության էին հրավիրել «Մարտի 1»-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել: Մեր տեղեկություններով՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը:

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի դեպքը չի առանձնացնում, ասում է՝ սա պետք է դիտարկել վերջին շրջանում մամուլի նկատմամբ տեղի ունեցող գործողությունների շրջանակում, ինչպիսիք էին YerevanToday-ի համակարգիչների առգրավումը, «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:

«Ես սա  դիտարկում եմ այն ամբողջ գործողությունների, կոչերի, հայտարարությունների շրջանակում, որ արվում են մամուլի շուրջ, մամուլի մասին, մամուլի աշխատողների հասցեին՝ «սևեր-սպիտակներ», «մերոնքական-ձերոնքական», «ֆեյք-իրական» որակավորումներով, բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր կոչերով, վարչապետից սկսած՝ բոլորը դասեր են տալիս, հաթաթաներ են տալիս մամուլին, և դա անդրադառնում է մամուլի աշխատանքի վրա բոլոր առումներով»:

Սաթիկ Սեյրանյանը հիշեցրեց, որ մինչև հիմա հայտնի չէ, թե ի՞նչ էին փնտրում  YerevanToday-ի համակարգիչներում, ի՞նչ էին ուզում հասկացնել «Հայելի» ակումբին, և հույս  հայտնեց, որ գոնե այս դեպքում հարցերը կստանան պատասխաններ:  Լրագրողները Ժուռնալիստների միության նախագահից հետաքրքրվեցին, թե պատճառը ո՞րն է, որ այս գործերով հարցերը պատասխաններ չեն ստացել:

«Ես համարում եմ, որ այդ ամեն ինչը խրախուսվում է իշխանությունների կողմից: Միգուցե ինչ-որ մարդիկ փորձում են լավամարդ լինել, իրենց նվիրվածությունն ապացուցել իշխանություններին, խոսքս «Հայելի»-ի դեպքի մասին է: Բոլոր իշխանությունները՝ անկախացումից ի վեր, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի իշխանությունները, ցանկանում են վերահսկել մամուլը, ամեն մեկը՝ իր ձևով: Այստեղ խնդիրն այն է, որ նույն բաները տեղի են ունենում մեր գործընկերոջ իշխանության օրոք, որը դատապարտում էր այդ ամենը, շատ սուր էր դատապարտում, կոշտ հայտարարություններ էր անում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:

Դեպքի առնչությամբ հայտարարություն են տարածել Հայաստաում գործող լրագրողական 10 կազմակերպություն: «Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չէ, սակայն ներխուժման փաստն ինքնին վկայում է լրատվամիջոցի վրա բիրտ ճնշում գործադրելու փորձի մասին: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոտնձգությունը խմբագրության նկատմամբ, հայտնում մեր զորակցությունը գործընկերներին և պահանջում իրավապահներից՝ ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։»,-նշված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս