Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան. Tert.am
Ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի. Այս մասին Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Բավականին օգտակար և կարևոր նախագիծ է: Իմ փորձով կարող եմ ասել՝ ես ծխող էի, հիմա շատ հազվադեպ եմ ծխում, առաջին անգամ, երբ ես հայտնվեցի օդանավակայանում՝ այն վայրում, որը թույլատրված էր ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ», վտարանդի: Հիմա ես ներողություն եմ խնդրում բոլոր իմ ծխող ընկերներից, բայց ես պետք է ասեմ՝ այո, էդ մշակույթը պետք է ձևավորել, որ ծխողները լինեն վտարանդի»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա:
Պատգամավորը ևս մեկ անգամ նշեց, որ ներողություն է խնդրում իր ծխող ընկերներից և հավելեց. «Մեր որևէ գործընկեր չասաց, որ ինքը կուզենա իր երեխան ծխի, ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի»,- եզրափակեց պատգամավորը: