Սրանից հետո ինչպե՞ս պետք է սեղանի շուրջ բանակցությունների նստենք Ալիևի հետ

«Հունգարիայի իշխանությունները շատ կոպիտ գործարքի մեջ են մտել Ադրբեջանի ոչ լեգիտիմ բռնատիրական ղեկավարության հետ՝ Ադրբեջանին հանձնելով իրենց իսկ արդարադատության կողմից ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանին».- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով hայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի որոշմանը:
«Այսուհետ Ադրբեջանն իր քաղաքացուն չի հանձնի արդարադատության: Բայց, ամեն դեպքում, սա չի նշանակում, որ կատարվածը պետք է մեր կողմից լռության մատնել: Ես հիանում եմ այն բոլոր բողոքավորներով, ովքեր այս պահին տարբեր երկրներում պիկետ են անում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև»,- ասաց Վ. Աթանեսյանը: Վերջինս չհամաձայնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի այն հայտարարության հետ, թե Հունգարիայի որոշումը Հայաստանի դիվանագիտության համար ևս մեկ արգումենտ է Ադրբեջանի դեմ: «Որոշ ժամանակ առաջ քաղաքագետները վստահեցնում էին, որ Ռամիլ Սաֆարովին Հունգարիան երբեք չի արտահանձնի Ադրբեջանին, բայց մենք տեսնում ենք, որ տեղի ունեցավ տրամագծորեն հակառակը: Այնպես որ, ես հայ քաղաքագիտական մտքի կանխագուշակողական ունակություններին այդքան էլ չեմ հավատում: Ես կարծում եմ, որ կատարվածը Հայաստանին ոչ մի դիվիդենտ չի տա: Ադրբեջանը մարտահրավեր նետեց միջազգային ողջ հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին»,- նշեց նա:

Վահրամ Աթանեսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դեռևս միայն ԱՄՆ նախագահի անունից է ափսոսանքի խոսք հնչել տեղի ունեցածի առիթով: Իսկ եվրոպական մյուս երկրների լռությունը, ըստ նրա, բերում է այն եզրակացության, որ համաեվրոպական արժեքները գեղեցիկ խոսքեր են, որոնք ուղղված են իրական քաղաքական դրսևորումների քողարկմանը:

Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունների հետագա քայլերը, Վ. Աթանեսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին ու այս խնդրով զբաղվող միջնորդներին դիմելը: Այսուհետև շատ ծանր ու շատ դժվար կլինի բանակցել մի երկրի հետ, որտեղ մարդասպանին հասարակությանը ներկայացնում են օրինակելի կերպարով: Հայկական կողմը պետք է զգուշավոր ու պահպանողական կեցվածք ընդունի: Չեմ պատկերացնում, որ սրանից հետո, օրինակ, բանակցությունների սեղանի շուրջ նստենք Ի. Ալիևի հետ: Քաղաքականությունն, անշուշտ, զգացմունքների ոլորտ չէ, բայց հայկական կողմը պետք է իր միանշանակ վերաբերմունքն արտահայտի ու երևակայության ոլորտից համարի այդ պետության հետ ինչ-ինչ պայմանավորվածությունները: Մենք չենք ունենա որևէ երաշխիք, որ նրանք նույն լկտիությամբ չեն խախտի պայմանավորվածությունն, ինչպես այս անգամ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս