«Ռուսաստանն այստեղ պարտադիր ունենալու է թեկնածու»
«Հայաստանում տեղի ունեցած ուժերի դասավորությունը շատ առումներով թելադրված է դրսից»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: «Դրսից երկու տիպի հրահանգներ կան, և երկու տիպի կառույցներ կան, որոնք փորձում են Հայաստանում գործել: Մեկն անգլո-ամերիկյան դաշինքն է, որը մոտավորապես հովանավորն է իշխանության և նաև ընդդիմադիր ուժերի հատվածում քաղաքացիական հասարակարգի: Այսինքն` այդ երիտասարդական շարժումները Միացյալ Նահանգները փաստորեն վերցրեց իր հովանու ներքո. Քլինթոնի այցելությունը պատահական չէր»,- ասաց նա:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ «այդ երիտասարդները մարդկության մտքի բարձրագույն թռիչքը համարում են սահմանադրական կարգը, քաղաքացիական հասարակարգը, և այլն, որոնք շատ լավ բաներ են, բայց արդեն գնացող աշխարհի»: «Մարդը դրանից առաջ է անցել, հիմա ուրիշ բաներից պետք է խոսել: Սակայն երիտասարդներն այժմ հիմնականում այդ դաշտում են, այստեղ կա նաև մտավորականության մի կարևոր շերտ: Ընդդիմության մեջ ևս կան ուժեր` «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», «Հանրապետություն» կուսակցությունները, ՀԱԿ-ի մի հատվածը, որոնք արևմտյան տրամաբանության մեջ են գործում, բայց սրանք ավելի թույլ են ներկայացված ընդդիմության մեջ»,- ասաց նա:
Իսկ մյուս ուժերի հաշվարկը, ըստ Մանուչարյանի, կապված է Ռուսաստանի հետ: «Մոտ մեկ տարի առաջ ԱՄՆ-ը որոշեց տնօրինել Հայաստանի գործընթացները, և իշխանություն-ընդդիմություն (ՀԱԿ) երկխոսությունը կատարվում էր Միացյալ Նահանգների հովանու ներքո: Բայց հետո այդ երկխոսության տապալումը և ընդդիմության նկատմամբ ԱՄՆ-ի բավական անհասկանալի կեցվածքը, որովհետև դա վարկաբեկեց ընդդիմությանը, բերեց նրան, որ ՀԱԿ-ը սկսեց փնտրել գործընկերներ այլ բևեռում: Այսօր իրավիճակը հետևյալն է. Ռուսաստանը գտնվում է ներքին և արտաքին խիստ լարվածության մեջ: Նա հայտնվել է ներքին համակարգային ճգնաժամի մեջ և փորձում է շատ կոշտ պատասխանել այդ մարտահրավերներին: Այդպիսի Ռուսաստանից ամեն ինչ սպասելի է, նա շատ կարծր է տրամադրված, քանի որ նրա դեմ գործել են նենգ, իսկ նա էլ այդ նենգությանը պատասխանում է կարծրությամբ: Նա խորամանկությամբ զիջում է Արևմուտքին, բայց կարծրությամբ նույնիսկ առավելություն ունի:
Այսօր երկրների ճնշող մեծամասնությունում պետություն չկա, այսինքն՝ պետությունները ադմինիստրացիաներ են` ենթարկված համաշխարհային կառավարման կենտրոնին, իսկ այդ կառավարումը հիմնականում իրականացվում է ԱՄՆ-ի կողմից: Մեզ մոտ էլ այդ բաժանումը կա, և այդ բաժանման շրջանակում կան ուժեր, որոնք փորձում են խաղալ ռուսական դաշտում: Չնայած մեզ մոտ ամեն ինչ բարդ է. այդ ուժերը, ովքեր ռուսական դաշտում են, անպայման ունեն հարաբերություններ նաև Արևմուտքի հետ, որովհետև մեզ մոտ քաղաքական ուժեր չկան, դրանք տնտեսական ուժեր են և պետք է իրենց, այսպես ասած, կերակրատաշտը պահպանեն: Ամեն ինչ այս տրամաբանության մեջ է կատարվում: Այդ պատճառով, ինչպես իրենք են գտնում, պետք է ուժեղագույնի հետ գործ ունենալ: Այնպես որ, Արևմուտքի հետ գրեթե համատարած կապված են: Նույնիսկ Ռուսաստանի ամենանվիրյալները, ովքեր ամբողջ օրը խոսում են Ռուսաստանից, քնում և արթնանում են Ռուսաստանով և մեռնում են Ռուսաստանով, դարձել են Արևմուտքի գործիքը»:
Մեր հարցին, թե այդ դեպքում ՀԱԿ-ի թեկնածուն նախագահական ընտրություններում կարո՞ղ է պայմանավորված լինել Ռուսաստանի ազդեցությամբ, Ա.Մանուչարյանը պատասխանեց. «Ըստ իս` Ռուսաստանն այստեղ պարտադիր ունենալու է թեկնածու, այդ թեկնածուն երկու դեր կարող է խաղալ. առաջինը, եթե Ռուսաստանը գնահատեց, որ Հայաստանում վիճակն անընդունելի է դառնում, և գործող իշխանության կապն Արևմուտքի հետ սպառնացող է դառնում, նա այդ ուժով կփորձի իշխանափոխություն իրականացնել, և մյուսը, եթե այդ կապը դեռևս ընդունելի չափերում է, թողնել այդ իշխանությունը, բայց մաքսիմալ լծակներ գործադրել այդ իշխանության վրա, որով կկարողանա վերահսկել նրան (դա կարող է լինել ինչ-ինչ պաշտոնների առևտուր կամ նման մի բան), այդ դեպքում նա կստանձնի սարսափազդու գործչի դերակատարումը: Ահա սա է այն իրական ճանապարհը, որում այսօր զարգանում են գործընթացները, այսպես կոչված, քաղաքական դաշտում, որն իրականում տնտեսական դաշտ է»: