Արցախի պետնախարարը ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակության առթիվ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 28-րդ տարին է՝ համախմբվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ՝ յուրաքանչյուր հայ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում իր նվիրումն ու ներդրումն է ունենում բազմաթիվ հիմնահարցերի լուծմանը: Դա առավել ընդգծվում է համազգային հանգանակության օրը, երբ յուրաքանչյուրս մեր բաժին մասնակցությամբ տեր ենք կանգնում համազգային նպատակների իրականացմանը: Պարզապես հիշենք նախորդ տարիներին իրականացվածը. ճանապարհների, կրթօջախների, համայնքային նշանակության կառույցների շինարարություն, բազմազավակության խթանման ծրագիր, կենսական նշանակության ջրի խնդրի լուծում Արցախի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում:
Վերջապես, համայն հայության ջանքերի շնորհիվ էր նաև իրագործվել Թալիշի վերածնունդը: Ապրիլյան առճակատումից հետո սահմանապահ գյուղը կրկին վերագտել է հավատն ու արժանապատվությունը: Արցախի կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ գյուղում բնակարաններ, դպրոց ու մանկապարտեզ, համայնքային կենտրոն է կառուցվել, անցկացվել անհրաժեշտ ենթակառուցվածքները, որպեսզի թալիշցին նորից ամրանա իր բնակավայրում: Եվ ահա, մի քանի շաբաթ առաջ Թալիշում կրկին հնչել է դպրոցական զանգը…
Պատահական չէ, որ Արցախում ընդգծված երախտագիտությամբ են վերաբերում համահայկական կառույցի գործունեությանը: Իսկ նվիրատուների վստահության մեծ չափաբաժինը, որը հիմնադրամը վաստակել է իր գործունեության այս տարիների ընթացքում, նոր նախաձեռնությունների իրագործման ճանապարհը դարձնում է ավելի դյուրին ու իրատեսական: Եվ այս տարի, մեր մասնակցությունը բերելով ազգային նվիրատվությանը՝ կապահովվենք կենարար ջրի ու արևային էներգիայի հոսքը մեր բնակավայրեր:
Մենք կարող ենք ավելին, ու կարողություններն այդ բազմապատկվում են, եթե մեր ջանքերը համատեղում ենք:
Արցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում մասնակցելու համահայկական դրամահավաքին և միասնական ջանքերով զարգացնելու մեր համայնքները»։