«Ադրբեջանում պետք է հասկանան, որ Արցախը Հայաստան է, և վերջ». Տաթևիկ Հայրապետյան

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ չենք խոսելու մեր կողմից փոխզիջումների մասին, որովհետև որքան բաց ենք եղել՝ հայտնելու մեր տեսակետը փոխզիջումների վերաբերյալ, այնքան Ադրբեջանն ավելի ագրեսիվացել է և ավելի մեծ նշաձողեր է սահմանել իր համար: Եվ այս պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը շատ կարևոր է և, ըստ էության, պատասխանում է բոլոր այն հարցերին, որոնք կապված են մեր դիրքորոշման հետ»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Նա ընդգծեց. «Մենք բավականին բարձր նշաձողեր ենք սահմանել և մեր սահմանածով առաջ ենք գնալու բանակցային գործընթացում»:

Ճշտեցինք՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը Հայաստանի պաշտոնական դիրքորոշո՞ւմն է:

««Արցախը Հայաստան է, և վերջ» թեզն այն հայտարարությունն է, որ վարչապետն արեց Ստեփանակերտում՝ ցույց տալով, թե մենք ինչ դիրքորոշում ունենք Արցախի հետ կապված, և միևնույն ժամանակ՝ ասելով, որ կողմ ենք խաղաղ լուծմանը, և մենք իսկապես կարծում ենք, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար: Դա նշանակում է՝ բոլոր երեք կողմերի համահավասար ներգրավվածություն բանակցային գործընթացում, որն ինչ-որ պահի կբերի ցանկալի հնարավոր աշխատող լուծման: Մինչ օրս առաջարկվող լուծումներն աշխատող չեն եղել: Անգամ նախկինում Քի Վեսթում կամ Կազանում, եթե շատ մոտ են եղել ենթադրյալ լուծմանը, մի կողմ թողնենք, թե դա ինչ կարգի լուծում էր ենթադրում, վերջին պահին ադրբեջանական կողմը, բարեբախտաբար, հետ է կանգնել, և լուծումը չի ստացվել: Նշանակում է, որ պետք է այսօր շեշտադրումն այլ բաների վրա անենք, որն առաջնահերթ ենթադրում է մթնոլորտի առողջացում»:

Տաթևիկ Հայրապետյանը հակասություն չի տեսնում «Արցախը Հայաստան է, և վերջ»  և «Պետք է գտնվի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար» թեզերի միջև:

«Ինչ է նշանակում՝ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար. դա նշանակում է՝ միասին գալ գիտակցության, որ մենք խաղաղություն ենք ուզում: Այսօր Ադրբեջանում այդ գիտակցությունն իսպառ բացակայում է: Ադրբեջանի համար ընդունելի չէ Արցախի կարգավիճակ ասվածը, Արցախի անկախություն ասվածը, այսինքն՝ այս պայմաններում, երբ իրենք որևէ փոխզիջման պատրաստ չեն, իսկ նախկինում մշտապես խոսվել է տարածքային հնարավոր զիջումների մասին, այս պայմաններում մենք էլ մեր դիրքորոշումն ենք հայտնում, և այո, պետք է Ադրբեջանում հասկանան, որ Արցախը Հայաստան է, և վերջ»,- նշեց նա:

Հարցին՝ այդ դեպքում, ո՞րն է այն լուծումը, որն ընդունելի կլինի Ադրբեջանի ժողովրդի համար, նա պատասխանեց. «Ադրբեջանում պետք է մտածելակերպի լուրջ փոփոխություն տեղի ունենա, իսկ դա տասնամյակների խնդիր է: Ասել, որ լուծումը վաղը լինելու է սեղանին, նման բան չի լինելու, նման բան պետք էլ չէ ակնկալել: Քանի դեռ չի գտնվում այդ լուծումը, ուրեմն՝ մնալու է ստատուս-քվոն: Մենք այդտեղ խնդիր չունենք, թող Ադրբեջանը մտածի, որովհետև շարունակելու է մնալ այն իրավիճակը, ինչ կա այսօր: Իսկ այսօրվա իշխանության պայմաններում, երբ երկիրը գնում է դեպի զարգացման, Ադրբեջանը լուրջ մտածելու տեղ ունի»:

Պատգամավորի խոսքով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը հայկական կողմը կարողանում է պաշտպանել դրսում. «Նույն ԱՄՆ այցի շրջանակներում հետազոտական կենտրոններից մեկում փակ քննարկման ժամանակ այդ հարցը տրվեց, և անձամբ ես եմ դրան պատասխանել, որ այդ ինչպե՞ս է, որ Ադրբեջանը, օրինակ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը կսպառնա, մարդասպաններ կհերոսացնի, և նման բաներ, և դուք մտածում եք, որ Հայաստանն ինչ-որ պահից չի՞ կոշտացնելու իր դիրքորոշումը: Կարող եք դա նաև ընդունել ազդակ, որ, եթե Ադրբեջանը նման ագրեսիվ գործելաոճով առաջ գնա, Հայաստանն իր հերթին՝ կոշատցնելու է իր դիրքորոշումը: Եվ ձեր այն ընկալումը, թե Հայաստանն է միայն խաղաղություն խնդրում կամ մուրում, նման բան գոյություն չունի. խաղաղություն մեզ պետք է, բայց դա հավասարաչափ պետք է Ադրբեջանին: Ալիևը շատ լավ գիտակցում է, որ, երբ ասում ենք՝ ժողովուրդներին պատրաստել ենք խաղաղության, ինքն ունակ չէ դաշտում խաղաղության խոսք արտաբերել: Եթե նա մի բառ էլ ասի, դա կարող է սպառնալիք դառնալ իր իշխանությանը: Այդ իրավիճակը ստեղծել է ինքը: Եվ այդ պայմաններում, եթե չկա երևացող լուծում, ուրեմն կմնա ստատուս-քվոն այնքան ժամանակ, մինչև կգտնվի այդ լուծումը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե բանակցություններն ինչի շուրջ են, և առհասարակ կա՞ն բանակցություններ, նա հետևյալն ասաց. «Իհարկե, կա գործընթաց, կարող ենք դա որակել՝ որպես երկխոսություն, մինչև այն պահը, երբ Արցախը կվերադառնա բանակցային սեղան, որովհետև մենք շատ համառ ենք այդ հարցում: Ո՞րն է այսօրվա գործընթացի և երկխոսության տրամաբանությունը. մենք ասում ենք՝ նախ՝ աշխատել միջավայրի շուրջ, որն իրենից ենթադրեց նաև լրագրողների փոխադարձ այցեր, մինչ այդ՝ սահմանային միջադեպերի թվի նվազեցում, ուղիղ կապի հաստատում, այսպիսի փոքր թվացող կոմպոնենտներ, որոնք գոնե փոքր-ինչ կօգնեն մթնոլորտային լարվածությունը նվազեցնել և ինչ-որ շարժ ապահովել: Այսինքն՝ մինչև այդ մթնոլորտը չառողջանա, մենք առաջ գնալ չենք կարող: Հաջորդ քայլը պետք է լինի այն, որ Ադրբեջանը գիտակցի՝ առանց Արցախի վերադարձի՝ կառուցողական գործընթաց չի գնալու և աշխատող լուծում չի գտնվելու»:

Տ. Հայրապետյանին խնդրեցինք նաև պարզաբանել, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ Արցախի շուրջ բանակցությունները սկսվում են նոր կետից, արդյո՞ք նոր փաստաթղթի մասին է խոսքը: ««Նոր կետից սկսել» ասելով՝ այն նկատի ունի, որ  մենք վերջապես գնացել ենք մեր օրակարգով, այսինքն՝ ոչ թե սպասում ենք, թե մեզ ինչ են առաջարկում, այլ մենք առաջարկում ենք սա, և շատ ուրախ եմ արձանագրել, որ այդ օրակարգը կամաց-կամաց ընկալում ստացավ, և Լավրովի վերջին հայտարարությունը ևս դրա վկայությունն է: Հստակ արձանագրում կա, որ առանց Արցախի ներկայացվածության՝ չի լինելու լուծում»,- պարզաբանեց պատգամավորը:

Շարունակելով հարցի պատասխանը՝ նա հստակեցրեց. «Այս պահի դրությամբ որևէ կոնկրետ լուծման փաթեթ կամ փաստաթուղթ չի քննարկվում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս