Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան. Pastinfo.am
«Փաստինֆո»-ն զրուցել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ ՀՀ դատական համակարգի շուրջ ստեղծված մթնոլորտի և բարեփոխումների մասին:
Հարցին, թե ո՞րն է համարում այսօր դատական իշխանության առջև ծառացած ամենակարևոր խնդիրը, Բալայանն ասել է, որ այսօր 2 կարևորագույն խնդիր կա՝ դատարանների նկատմամբ վստահության բարձրացումը և դատավորների գերծանրաբեռնվածության թոթափումը։ Այս երկու խնդիրները սերտորեն կապված են մեկը մյուսի հետ:
Բալայանը, անդրադառնալով դատարանների գերծանրաբեռնվածությանը, նշել է, որ այն ունի մի քանի պատճառ. «Առաջինը համարում եմ Դատական օրենսգրքի փոփոխությունները, որով Երևան քաղաքի վարչական շրջանների դատարանները միավորվեցին և ստեղծվեց մեկ դատարան: Դրա արդյունքում քաղաքացիական և քրեական մասնագիտացում ունեցող դատավորները բաշխվեցին առանձին նստավայրերում, ինչն, ըստ էության, նպաստեց դատարանի բնականոն աշխատանքի կազմալուծմանը, հետևաբար ազդեց նաև գործերի քննությունը ողջամիտ ժամկետում անցկացնելու վրա: Բերեմ պարզ օրինակ՝ նախկինում Երևան քաղաքի 7 դատարաններում աշխատում էր 25 քրեական մասնագիտացում ունեցող դատավոր, ներկայումս քրեական գործեր քննող դատավորները տեղաբաշխվել են երեք նստավայրում, ինչը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների՝ նիստերի դահլիճների բացակայության, դրանք ավելի պակաս են, քան դատավորների քանակը,խցերի գերծանրաբեռնվածության։ Կալանավորված անձանց հաճախ պահում են ավտոմեքենաների մեջ՝ կապված նրանց քանակի, տարիքի, սեռի, միևնույն գործով անցնելու հետ, խցերը չեն բավարարում: Դատարանի շենքերը նախատեսված չեն այդ քանակի կալանավորական գործեր քննելու համար, կալանքի տակ գտնվող անձինք նիստերի դահլիճ են բերվում դատավորների աշխատասենյակների միջանցքով կամ դատարանում առկա բաց գոտիներով՝ քաղաքացիների միջով: Միևնույն ժամանակ այն դատարանները, որոնք նախատեսված էին նաև կալանավորական գործեր քննելու համար ուղղակի չեն օգտագործվում այդ նպատակով»:
Բալայանը նշել է, որ անցած տարիների համեմատ ավելացել են թե՛ քրեական գործերի քանակը, թե բողոքների քանակը, որոնք բերվում են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների կամ անգործության դեմ: «Դատավորների թվի ավելացում ոչ միայն տեղի չի ունեցել, այլ մենք ամիսներ շարունակ աշխատում ենք 13-14 դատավորով 25-ի փոխարեն, քանի որ քրեական մասնագիտացում ունեցող 3 դատավորի տեղ թափուր է, 3 դատավոր գործուղված է մարզեր, 1 դատավորի լիազորությունները կասեցվել են, 1 դատավոր գործեր չի ստանում, քանի որ տարիքը լրանալու կապակցությամբ պետք է անցնի թոշակի, 2 դատավորի գործեր չեն մակագրվում այլ հիմնավորումներով, իսկ 2 այլ դատավորներից մեկը ԲԴԽ-ի անդամ է, իսկ մյուսը՝ դատարանի նախագահը, ուստի նրանց այլ ծանրաբեռնվածության պատճառով վերջիններիս բաշխվող գործերի քանակը ավելի պակաս է, քան մեկ դատավորին հանձնվող գործերի քանակը: Երևան քաղաքի քաղաքացիական մասնագիտացում ունեցող 1 դատավորի վարույթում ներկայումս ամենաքիչը 800 գործ կա, դատավորներ կան, որոնց վարույթում 1800-ից ավելի գործեր են քննվում:
Այս հանգամանքները ուղղակի չեն կարող բացասաբար չանդրադառնալ, թե կայացված դատական ակտի որակի, և թե գործի քննության ողջամիտ ժամկետների վրա: Կարծում եմ, դատավորների քանակի շեշտակի ավելացումը և շենքային պայմանների բարելավումը այս պահին առաջնահերթություն է գերծանրաբեռնվածությունը թոթափելու և դրա վտանգավոր հետևանքները վերացնելու համար»:
Դիտարկմանը, որ ինչպես 1990-ականների սկզբներին, 2000-ականների սկզբներին, այնպես էլ 2020-ի նախաշեմին՝ ունենք խնդիր դատական իշխանության անկախության աստիճանը բարձրացնելու, հասարակության վերաբերմունքը փոխելու առումով և հարցին, թե որն է համարում վորնշյալի պատճառն ու ունի արդյոք իր բանաձևը, առաջարկը՝ ին չ անել, որպեսզի հնարավոր լինի վերափոխել ոչ միայն հանրային կարծիքը, այլ նաև իշխանության մյուս ճյուղերի վերաբերմունք առ դատական համակարգ, Բալայանը պատասխանել է.
«Այս պարագայում թվականները կապ չունեն: Դատական իշխանության անկախությունը, գրեթե բոլոր ժամանակներում, կախված է մեծամասամբ հենց դատավորներից: Եթե իշխանությունները տարիներով նույնիսկ ակնարկ չանեն այս կամ այն գործի վերաբերյալ իրենց դիրքորոշման մասին, երբևէ չհիշատակեն դատական իշխանությունը, սակայն դատավորն ինքը փնտրի այդ տրամադրությունները և, ըստ այդմ, դատական ակտ կայացնի, ապա նման պարագայում էական չէ, թե այդ երկրում ինչ աստիճանի է ապահովված դատական անկախությունը: Այնպես, որ դատական իշխանության անկախության աստիճանը, մեծամասամբ, կախված է, առաջին հերթին՝ հենց դատավորներից: Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա այն ուղղակի կախված է վերոհիշյալ հանգամանքներից, բացի այդ էլ՝ այն սուբյեկտիվ է, քանի որ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության ողջ զանգվածի կարծիքը, ոչ թե միայն շահագրգիռ զանգվածինը, ով այս կամ այն կերպ առնչություն է ունեցել դատական իշխանության հետ և դժգոհ է մնացել դրանից: Կոնկրետ այս ժամանակահատվածում դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը և առիթ հանդիսանում, որ մյուս քաղաքացիներն իրենց իրավունք վերապահեն վիրավորելու ու պիտակավորելու դատավորներին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: