Ինչպես է ընդդիմությունը նպաստում իշխանության վերարտադրությանը

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվության մասին քննարկումները հիմնականում կապվում են 2013 թվականի նախագահական ընտրությունների հետ:

Ընդդիմությունը, ըստ էության, գրեթե չի մասնակցում այդ ընտրություններին: Հիմնավորումները տարբեր են` սկսած ֆինանսական միջոցների բացակայությունից՝ մինչ այն, որ Հայաստանում ավանդաբար այդ ընտրությունները տեղական նշանակություն ունեն, զուրկ են քաղաքական բաղադրիչից: Ուստի ընդդիմությունը, համակարգային պայքարի շրջանակներում, նպատակահարմար չի համարում մասնակցել դրանց: Ճիշտ հակառակ տեսանկյունից է ՏԻՄ ընտրություններին վերաբերվում իշխանությունը: Վերջինիս համար ՏԻՄ ընտրությունները ոչ պակաս քաղաքական նշանակություն ունեն, քան խորհրդարանական, գուցե նաև՝ նախագահական ընտրությունները:

Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ իշխանությունը գյուղական բնակավայրերում քաղաքական դեբատներ է կազմակերպում կամ իր ծրագրերը հաստատում է միայն մարզային կառույցներում քննարկումներից հետո: Պարզապես իշխանությունը տեղական պաշտոնյաների` քաղաքապետերի ու գյուղապետերի միջոցով ապահովում է սեփական վերարտադրությունը: Հենց դրանով էլ ՏԻՄ ընտրություններն իշխանության համար չափազանց մեծ քաղաքական նշանակություն ունեն: Ընդ որում, որքան ՏԻՄ ընտրությունների մասնակիցներն ապաքաղաքական են, այնքան ավելի լավ է իշխանության համար: Որովհետև իշխանության համար քաղաքական է ոչ թե ՏԻՄ ընտրությունների բովանդակությունը կամ մասնակիցների կազմը, այլ այն գործառույթը, որ նրանք իրականացնում են համապետական ընտրությունների ժամանակ:

Իրականում ՏԻՄ համակարգը մշտապես լինելու է այդպիսին` ապաքաղաքական, կիսաքրեական, քանի դեռ դրանց չի մասնակցում ընդդիմությունը: Վերջինիս խնդիրը պետք է լիներ՝ ՏԻՄ համակարգը քաղաքական դարձնելու միջոցով թույլ չտալ, որ այն կատարի ընտրակեղծարարության ֆունկցիան ԱԺ կամ նախագահական ընտրությունների ժամանակ: Մինչդեռ, չմասնակցելով ՏԻՄ ընտրություններին, ընդդիմությունը լայն իմաստով նպաստում է ոչ միայն տեղերում իշխանության ամրապնդմանը, այլ նաև համապետական ընտրություններում դրանց լծակների կիրառման հնարավորությանը:

Արդյունքում, նախագահական ընտրություններում ընդդիմադիր որևէ թեկնածուի չհաղթելու, կամ, որ նույնն է՝ իշխանության հաղթելու դեպքում, ընդդիմությունը հայտնվում է դե ֆակտո լուսանցքում` անգամ խորհրդարանում մի քանի պատգամավորներ ունենալու պարագայում, քանի որ իշխանության բոլոր ինստիտուտներում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ առանձին կամ միասին, ստանում են գերակշիռ մեծամասնություն: Չնայած քաղաքական օրակարգում դեռևս չի քննարկվում 2013 թվականի գարնան վերջին կայանալիք Երևանի ավագանու, կամ, որ նույնն է` քաղաքապետի ընտրության հարցը, սակայն ակնհայտ է, որ այս պայմաններում այդ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն ընդհանրապես դառնում է անիմաստ: Եվ հենց ՏԻՄ ընտրություններին «անլուրջ» վերաբերվելով՝ ընդդիմությունն արդեն այսօրվանից` ավանսով, իշխանությանն է հանձնում նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը, որի նշանակության մասին խոսելն ավելորդ է:

Արդյունքում` իշխանությունն ամբողջական վերարտադրության հնարավորություն է ստանում` խորհրդարանական ընտրություններում արդեն դա ապահովվել է, այսօրվա իրողությունների պահպանման պարագայում` նույնը տեղի կունենա նաև նախագահական ընտրություններում, իսկ այդքանից հետո Երևանի ավագանու ընտրությունները կդառնան ընդամենը տեխնիկայի հարց: Այս իրավիճակի և ընդհանրապես որևէ հարցում ընդդիմությանը մեղադրելն անշնորհակալ զբաղմունք է: Սակայն ինքը` ընդդիմությունը, սիրում է մեղադրել հասարակությանը` պասիվության կամ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք վերցնելու համար: Իրականում, սակայն, ընդդիմադիրներն` ավելի գլոբալ առումով, զբաղված են նրանով, ինչում մեղադրում են հասարակությանը:

Նույն ՏԻՄ ընտրություններին ցուցաբերում են գրեթե զրոյական ակտիվություն` նաև դրանով նպաստելով իշխանության վերարտադրությանը: Իսկ հարցը՝ դրա դիմաց «ընտրակաշառքը» ստանում են կանխի՞կ` ինչպես ընտրողներից շատերը, թե՞ այլ դրսևորումներով, արդեն երկրորդական է:

Տեսանյութեր

Լրահոս