Անթաքույց էքսպանսիա

«… Քաոս սփռելով՝ մենք, աննկատ, իրենց իրական արժեքները կփոխենք կեղծերով և կստիպենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Գրականությունից և արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը. դուրս կմղենք նկարիչների միջից ժողովրդի հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման և ուսումնասիրության ցանկությունը, իսկ գրականությունը, թատրոնը, կինոն պետք է պատկերեն և փառաբանեն միայն ամենազազրելի մարդկային զգացումները: Մենք պետք է օգնենք և բարձրացնենք այնպիսիներին, որոնք կսկսեն սերմանել, սրսկել մարդկային գիտակցությունում սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքերով՝ ցանկացած անբարոյականության պաշտամունք:

Պետության ղեկավարությունում մենք քաոս և անկարգություն կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվ և մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությունը, կաշառակերությունը, անսկզբունքայնությունը: Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու հանդգնությունը, սուտն ու կեղծիքը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, դավաճանությունն ու ժողովուրդների թշնամությունը մենք ճարպկորեն և աննկատորեն կսերմանենք:

Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»:

Ալեն Դալես

ԿՀՎ ապագա տնօրեն Ալեն Դալեսի ելույթի (արտասանված 1945թ. ԱՄՆ Կոնգրեսում) վերոբերյալ հատվածն առաջին հայացքից նման է, այսպես կոչված, «դավադրության տեսության»: Այնուհանդերձ, դրա բովանդակության մեջ խորամուխ լինելու համար մեզ անհրաժեշտ է հիշել կենսաբանական այնպիսի հասկացություն, ինչպիսին «իմունիտետ»-ն է: Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է արտաքին միջավայրի վարակների հանդեպ, հետևաբար՝ առողջ և կենսունակ լինելու համար կարիք կա անընդհատ կատարելագործել սեփական առողջությունը: Արտաքին միջավայրի բոլոր հարուցիչների դեմ պայքարելը գրեթե անհնար է, անհեթեթ է նաև բողոքել հիվանդությունների գոյությունից. առողջ և անվտանգ գոյության միակ երաշխիքը զարգացած իմունային համակարգն է:

Հասարակությունը ևս, որպես օրգանիզմ, ունի իրեն բնորոշ իմուն համակարգ, որը կազմում են հիմնարար բարոյական արժեքները, կրոնական պատվիրանները, բնականոն համակեցության կանոնները և, վերջապես, մշակույթն ու կառավարման համակարգը:

Մարդը՝ իբրև էակ, զուտ կենսաբանական գոյությունից բացի, ներկայանում է նաև՝ որպես հոգևոր, բարոյական, գիտակցական էակ: Ընդ որում, մարդու գոյության հոգևոր և բարոյական կողմն ավելի դոմինանտ է զուտ կենսաբանականի նկատմամբ՝ կյանքի արժևորման համատեքստում: Մարդու հոգևոր անվտանգության ապահովումը կարևոր հասարակական և պետական գործառույթ է, որն էլ կազմում է համընդհանուր հասարակական իմունիտետի մի մասը:

Այս տեսանկյունից վերը նշված մեջբերումը կարելի է դիտարկել՝ որպես հասարակական օրգանիզմի վարակման գործընթացի նկարագրություն:

Ցավոք, այսօր մեր աչքի առաջ կատարվում է հայ հասարակության վարակումը վերոնշյալ ճանապարհով, որին փորձում են դիմադրել ազգային և հասարակական իմունիտետը կրող առողջ ուժերը՝ այսպես կոչված, «լիմֆոցիտները»:

Վերջերս մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակա գետնանցումում բեմադրված և պետության կողմից ֆինանսավորված խեղկատակությունը դալեսյան հրահանգների վառ արտացոլումն է: Մարդկային ստոր, ոչ բնական, աստվածամերժ կրքերի արձանացումը և դրանք կրող անհատների ֆետիշացումը տվյալ նկարագրության ամենագործնական մարմնացումն է արդեն մեր՝ հայաստանյան նորօրյա իրականությունում:

Տրանսգենդերների և սեռափոխվածների մասին ֆիլմերը, սեռական կրքերով դրդված «ստեղծագործությունները», պղծության և գռեհկության քարոզը ԶԼՄ-ներով կարող են միայն մեկ նպատակ ունենալ՝ խորքով արժեզրկել մշակութային ժառանգությունը, թունավորել արդի արվեստը և խզել հոգևոր կապը սերունդների միջև:

Հայաստանյան նոր կառավարությունն աչքի ընկավ մարգինալ և կիսապրոֆեսիոնալ կադրերի հեղեղով, որը շատերը գնահատեցին՝ իբրև բնական երևույթ, պատճառաբանելով՝ իբրև անփորձություն: Սակայն, երբ պետական պաշտոնյան անփորձ է, բայց նաև դրանից չամաչող և ինքնազարգացմամբ չզբաղվող, երբ պետական այրը ռազմավարական մտածողության տեսանկյունից դատարկ է, բայց միաժամանակ՝ պոպուլիստ և մասնագիտացված ստախոս, ապա այստեղ գործ ունենք ներդրված կառավարման համակարգի հետ: Իսկ այդ համակարգը լուծելու է մեկ խնդիր. անամոթության, անգրագիտության և անսկզբունքայնության քարոզը մեզանում:

Արդեն իսկ պարզ է, որ վախի մթնոլորտի ձևավորումը կազմում է նոր իշխանության հիմնական գործիքակազմը. դրա վառ ապացույցներն են բռնաճնշումներն անկախ դատական իշխանության, մամուլի, քաղաքական այլ համոզմունք կրող ուժերի և անհատների հանդեպ: Պատմությունից և հոգեբանությունից հայտնի է, որ համատարած վախի մթնոլորտում տաղանդների փոխարեն՝ աճում են անանուն բանսարկուների բանակներ: Ընդ որում, վերջերս ՀՀ ԱԺ-ն նոր օրինագծով այդ բանակին տվեց գործունեության արտոնյալ պայմաններ:

Ներհայաստանյան վերջին 1,5 տարվա զարգացումներն առավել հետաքրքրական են դարձնում դալեսյան խոսքերի վերջին հատվածը. «Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն կամ կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք խեղկատակ: Կգտնենք միջոցներ՝ նրանց զրպարտելու և հասարակության տականք հայտարարելու»:

Հայաստանում «կոռուպցիան» դարձել է այն մահակը, որը պատեհ-անպատեհ առիթներով ճոճվում է այն ուժերի գլխին, որոնք դեռևս ապահովում են հասարակական գիտակցության որոշակի իմունիտետ: Ազգային հերոսների արժեզրկումը և հետապնդումը, հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելը և նախկին իշխանություններին աշխարհի բոլոր մեղքերի համար զրպարտելը հանդիսանում է նրանց լուսանցք մղելու և հասարակության «տականք» պիտակավորելու փորձ: Եվ այս ամենը հնարավոր է դառնում մեծամասնության՝ «հպարտ»-ների և «քայլող»-ների (առավել հայտնի՝ որպես «պողոս»-ներ), լուռ և անգրագետ համաձայնության ֆոնին:

Վահե Հայկունի

Տեսանյութեր

Լրահոս