Ռուսաստանը փորձ է անում վերահսկել համացանցը
Ռուսաստանում նոյեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Ինքնիշխան ռունետի մասին» օրենքը, որը քննադատները դիտարկում են որպես համացանցը վերահսկելու ու գրաքննելու միջոց: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նոյեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ համացանցի ռուսական հատվածի, այսպես կոչված՝ « Ինքնիշխան ինտերնետի » մասին օրենքը: Ըստ այդ օրենքի՝ այն պետք է ապահովի համացանցի ռուսական հատվածի անվտանգ և կայուն գործունեությունը:
Օրենքը համացանցի պրովայդերներին պարտավորեցնում է անվճար տեղադրել «Ռոսկոմնադզորի» կողմից տրամադրված սարքավորումներ, որոնք, Runet- ի շահագործման վտանգի դեպքում պետք է թույլ տան գերատեսչությանը իրականացնելու ցանցի կենտրոնացված կառավարում: Այն անհրաժեշտության դեպքում կարող է անջատել ինտերնետի ռուսական հատվածը գլոբալ համացանցից: Մյուս ժամանակահատվածում սարքավորումները օգտագործվում են արգելված ռեսուրսներն արգելափակելու համար: Կառավարությունը դեռևս չի հաստատել սպառնալիքների ցանկը:
«Թվային տնտեսություն» ազգային ծրագրի տվյալների համաձայն օրենքի կիրառումը կարժենա ավելի քան 30 միլիարդ ռուբլի: Ըստ որոշ պրովայդերների, ոչ ոք չի կարող այս պահին ճիշտ գնահատական տալ համացանցի թրաֆիկի ծավալների վերաբերյալ, և ծրագրի վերջնական արժեքը կլինի չափից շատ բարձր:
Օրենքի քննադատները վախենում են, որ առանձին ցանցը հնարավորություններ կստեղծի ընդհանուր գրաքննություն իրականացնելու համար:
Մեկ օր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտում էր օրենքը:
«Այս օրենքն ապացուցում է, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են քաղաքական վերահսկողություն սահմանել համացանցային ողջ ենթակառուցվածքների վրա, անհրաժեշտության դեպքում արգելափակել թվային տեղեկատվության հոսքը: Նույնիսկ եթե նոր պահանջները լիովին հնարավոր չլինի իրականացնել, դրանք ցույց են տալիս, թե որքան մեծ է սպառնալիքը Ռուսաստանի համացանցի ազատությանը:
Ռուսասատնի արդյունաբերողների և գործարարների միությունը զգուշացրել է, որ օրենքը կարող է աղետալի լինել ռուսական հեռահաղորդակցման ոլորտի համար : Այն նաև ընդգծել է, որ դժվար կլինի անջատել Ռուսաստանը օտար սերվերներից, որոնք պատասխանատու են Ռուսաստանի կորպորացիաների ֆինանսական գործունեության համար:
« Ինքնիշխան ռունետի» մասին օրենքը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսի 1-ին: Դրա հեղինակները նշում են, որ այն առաջ է քաշվել՝ «հաշվի առնելով 2018 թվականին ընդունված ԱՄՆ կիբերանվտանգության ազգային ռազմավարության ագրեսիվ բնույթը»:
Գարնանը Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցան բողոքի ակցիաներ ի պաշտպանություն համացանցի ազատության: